«Շոշափելի դրական ազդեցություն ունենալու համար՝ մեդիան մեծածավալ աշխատանք պետք է կատարի»

28.04.2014, Խաչմերուկ

Լրագրող

Լարիսա Ալավերդյանը եղել է Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպան (2004-2006թթ.) եւ ԱԺ պատգամավոր (2007-2012թթ.):
1991 թվականից նա ղեկավարում է «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը, որն զբաղվում է մարդու իրավունքների պաշտպանությամբ, պատանդների, անհետ կորածների ու ռազմագերիների հայտնաբերմամբ ու վերադարձմամբ, ինչպես նաեւ նրանց իրավական, բժշկահոգեբանական ու բարոյական աջակցություն ցուցաբերելով:

Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ հակամարտություններ լուսաբանելու ժամանակ մեդիան հատկապես զգույշ պետք է լինի ռազմագերիների մասին նյութեր պատրաստելիս, քանի որ, չճշտված տեղեկատվություն տարածելով, կարող է լրջորեն վնասել նրանց:

Տիկին Ալավերդյան, Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս է հայաստանյան մեդիան լուսաբանում հայ ռազմագերիների հետ կապված դեպքերը:

Ես մեծ դժգոհություն ունեմ մեդիայի հանդեպ՝ Հակոբ Ինջիղուլյանի դեպքի հետ կապված: Չխորանալով խնդրի էության մեջ՝ մեդիան անմիջապես լուտանքներ տարածեց Հակոբի հասեցին, հայտարարեց, թե նա դավաճան է: Ես անձամբ եմ զանգել մի քանի խմբագրություններ եւ խնդրել, որ դադարեցնեն այդ անհեթեթությունը: Այն, ինչ արեց մեդիան, անթույլատրելի սայթաքում էր, որը մարդկային կյանք արժեր:

Տեղյակ լինելով Ադրբեջանի վարած քաղաքականությանը՝ մեդիան նախ եւ առաջ պետք է հալած յուղի տեղ չընդուներ եւ չտարածեր այդ տեսանյութը: Երկրորդն էլ՝ որեւէ թեմա լուսաբանելիս լրագրողն անպայման պետք է իմանա դրա ներպետական եւ միջազգային նորմատիվային բազան:
Ժնեւյան կոնվենիցայի 13-րդ հոդվածն ասում է՝ ռազմագերին պետք է պաշտպանված լինի «ամբոխի հետաքրքրասիրությունից»: Առհասարակ անձի մասին խոսելիս պետք է շատ զուսպ լինել՝ լինի դա դատարանի կողմից ապացուցված մարդասպան, թե ռազմագերի: Պետք է հարգել նրա արժանապատվությունը, խոսել նրա կատարած սխալների մասին իրավական եւ բարոյական տեսանկյունից, բայց լրագրողի խնդիրը չպետք է լինի նրան վիրավորելը:

Մամիկոն Խոջոյանի եւ Արսեն Խոջոյանի դեպքերում մեդիան արդեն դաս էր քաղել Ինջիղուլյանի ժամանակ թույլ տված սխալից:

Ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք գնահատում Ղարաբաղյան հակամարտության լուսաբանումը հայաստանյան մեդիայում:

Ի տարբերություն արդբեջանականի՝ մեր մեդիայում կարծիքների բազմազանություն կա Արցախի հարցի, այդ թվում՝ նաեւ դրա լուծման վերաբերյալ: Ու թեեւ հաճախ կարելի է հանդիպել սիրողական եւ ոչ պրոֆեսիոնալ դատողությունների, այնուամենայնիվ, բազմազանությունը շատ ողջունելի է:

Մեր մեդիան տարբեր վերաբերմունք ունի Ադրբեջանի նկատմամբ: Կան լրատվամիջոցներ, որ շատ կոշտ են Ադրբեջանի քաղաքականության եւ էլիտայի հանդեպ, որոշ լրատվամիջոցներում կարելի է հանդիպել նույնիսկ հեգնանքի, սակայն, ի տարբերություն ադրբեջանականի, մեզ մոտ չկա ադրբեջանատյացություն:

Եթե նույնիսկ լինում են կոշտ հրապարակումներ, ապա դրանք լինում են ի պատասխան Ադրբեջանից եկող ազդակներին: Այդուհանդերձ, գտնում եմ, որ հայաստանյան մեդիայի արձագանքն ավելի ադեկվատ է ու մեղմ:

Ձեր կարծիքով՝ մեդիան կարո՞ղ է նպաստել հակամարտության լուծմանը:

Մեդիան չէ, որ պետք է դա անի, դա նրա գործառույթը չէ: Պետք չէ գերագնահատել մեդիայի դերը քաղաքականության համամետ: Մեդիան միայն կարող է փորձել մթնոլորտ փոխել փոքր խմբերում կամ այնպիսի պատկեր ստեղծել, որը չի համապատասխանում իրականությանը: Սակայն շոշափելի դրական ազդեցություն ունենալու համար՝ մեդիան մեծածավալ աշխատանք պետք է կատարի եւ շատ ջանք թափի, դրա համար ես խաբուսիկ հույսեր չէի կապի մեդիայի հետ:

Հարցազրույցը՝ Աննա Բարսեղյանի

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?