«Փառատոնի ռեզոնանսը կախված է լրագրողներից»

«Փառատոնի ռեզոնանսը կախված է լրագրողներից»
Կիրիլ Ռազլոգով
« Որքան փոքր է այս կամ այն կոմունիկացիոն միջոցի լսարանը, այնքան այն ավելի ազատ է...Վերջիվերջո, մեդիա դաշտում ամենաազատը բլոգերն է, մանավանդ նա, ում ոչ ոք չի ճանաչում »

Կինոգետ, մշակութաբան, Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Կիրիլ Ռազլոգովը գրեթե ամեն տարի որպես «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուր գալիս է Երեւան եւ լավ ծանոթ է հայկական կինոյին ներկա խնդիրներին։ Նրա դիպուկ, հաճախ անսպասելի դիտարկումներն ու խորհուրդները միշտ շատ օգտակար են հայաստանցի կինոարտադրողների համար, քանի որ կոնկրետ են ու կիրառելի։

Նա արդեն 11 տարի «Կուլտուրա» ռուսական ալիքով վարում է իր հեղինակային «Կինոյի կուլտը» ծրագիրը ու փորձում հեղինակային, իր ձեւակերպմամբ՝ «խոստովանական» կինոն հասանելի դարձնել լսարանի լայն շերտերին։

Մշակութաբանության ինստիտուտի տնօրեն Կիրիլ Ռազլոգովը վստահ է, որ պետք է կարողանալ բոլոր մեդիա հարթակները օգտագործել՝ լավ կինոն զանգվածային դարձնելու համար։ «Զանգվածային» բառը նրա համար բնավ էլ բացասական երանգ չունի, քանի որ նա նկատի ունի ոչ միայն ֆիլմերը, այլեւ ավելի լայն «էկրանային մշակույթ» հասկացությունը, որի մեջ տեղավորվում է ամեն ինչ, քանի որ բոլորս էլ արդեն հենց էկրանից ենք (մոնիտորի, հեռախոսի, տարբեր այլ սարքերի) ստանում մեզ պիտանի ինֆորմացիան։

Միջազգային ճանաչման հասնելու համար ի՞նչն է կինոփառատոնի համար առաջնային՝ լավ ֆիլմերը՞, թե ՞ դրանց ակտիվ մեդիա գովազդումը։

Երկուսն էլ կարեւոր են հավասարապես։ Մեդիա գործիքները ռադիկալ փոփոխություն ապրեցին վերջին 20 տարիներին՝ դառնալով այն կարեւոր ուժը, որի շնորհիվ գոյատեւում են կինոփառատոնները։ Կաննի փառատոնն, օրինակ, առանց հեռուստատեսություն ընդհանրապես գոյություն չէր ունենա՝ մնալով որպես զուտ կինոյի պրոֆեսիանալների հարթակ, քանի որ շարքային (նորմալ) հանդիսատեսը փառատոնի կինոդիտումների ու հյուրերի մասին տեղեկանում է միայն մեդիայից։

Վստահ եմ, որ ցանկացած կինոփառատոն, որը ցանկանում է հեղինակություն ձեռք բերել, պետք է որքան կարելի է ընդլայնի ու խորացնի իր շուրջը ձեւավորված մեդիա տարածքը։ Իհարկե, ընդունում եմ, որ երեւանյան «Ոսկե ծիրան» փառատոնի համար դա բարդ է անել, քանի որ հավելյալ ծախսերի հետ է կապված, բայց, թերեւս, հարկավոր է ավելի շատ արտասահմանյան լրագրողներ հրավիրել։ Հիմա նայում եմ փառատոնի առօրյային ու նկատում, որ քիչ են տեսախցիկները, լուսանկարիչները, մեդիա եռուզեռը։ Մինչդեռ դրանք շատ կարեւոր գործոններ են ցանկացած փառատոնի համար։

Եվ քանի որ մեդիա հեղափոխությունն արդեն իսկ տեղի է ունեցել, եւ թեժ մրցակցություն է գնում հեռուստատեսության ու ինտերնետի միջեւ, թերեւս, ճիշտ կլինի խաղադրույքը դնել հատկապես ինտերնետի վրա։ Շատ լավ փորձ կա. հատուկ փառատոնների օրերին ակտիվացնում են բլոգերներին ու շահագրգռում (նաեւ ֆինանսապես) փառատոնի ընդհանուր համացանցային արտացոլումը ստեղծել՝ ֆիլմերի ու միջոցառումների մասին գրելով տարբեր լեզուներով ու տարբեր նախասիրությունների եւ տարիքի օգտատերերի համար։ Դա իրականում շատ գործնական հնարավորություն է։ Եվ ով առաջինը օգտագործի այդ հնարավորությունը, նա էլ կհաղթի։

Մոսկվայի կինոփառատոնը համագործակցո՞ւմ է բլոգերների հետ։

Ցավոք, ոչ։ Մոսկվայի փառատոնը ադմինիստրատիվ-քաղաքական ղեկավարություն ունի եւ շարունակում է ապրել հեռուստատեսության աշխարհում։ Մեր փառատոնի համար ամենակարեւորը բացման եւ փակման արարողությունները «Առաջին ալիքով» ցուցադրելն է։ Իհարկե, դա թեեւ հնացած, բայց, միեւնույն է, գործուն մոտեցում է, եւ հեռուստատեսությունը դեռ հաղթում է ինտերնետին (ինչի ապացույց էլ, ի դեպ, Ռուսաստանում անցկացված վերջին ընտրություններն էին)։

Հեռուստատեսությունը քարոզչության էֆեկտիվ միջոց է, եւ այդ պատճառով էլ ինտերնետը հաճախ ուշադրությունից դուրս է մնում։ Հասկանալի է, որ ինտերնետը հիմնականում ընդգծում է փառատոնների թույլ կողմերը, որոնք դժվար է թաքցնել, իսկ փառատոնի ուժեղ կողմերը ի ցույց դնելու համար հարկավոր է աշխատանք կատարել, որը մենք չենք անում... Թերեւս, ուժերը չեն հերիքում։

Մինչդեռ եթե այդպես շարունակենք, անպայման կպարտվենք։

Կարծում եմ՝ եւ՛ Մոսկվայի, եւ՛ Երեւանի կինոփառատոնների հիմնական թերությունը արտասահմանյան լրագրողների դերը

«Տեսախցիկները, լուսանկարիչները, մեդիա եռուզեռը շատ կարեւոր գործոններ են ցանկացած փառատոնի համար»

չգիտակցելն է։ Հատկապես այն լրագրողների, որոնք, այցելելով փառատոն, հետագայում խոշոր պարբերականներում կգրեն այն մասին։ Ցանկացած մարդ, ով գալիս է Երեւան, շատ գոհ է հեռանում ու այդ մասին պատմում է տարբեր վայրերում, բայց այդ մարդիկ մեծաքանակ չեն ու ոչ միշտ են աշխատում հեղինակավոր մեդիա կազմակերպություններում։

Շատ լավ է, որ այստեղ աշխատում են «Կուլտուրա», «Միր» հեռուստաալիքները, բայց, միեւնույն է, կարծում եմ, որ «Ոսկե ծիրանը» արժանի է ավելիին։

Այս տարվա «Ոսկե ծիրանին» հավատարմագրվել է մոտ 300 լրագրող, ինչը մեծ թիվ է մեր հանրապետության համար։

Իսկ Մոսկվայի կինոփառատոնում հավատարմագրվել էր 3 հազար լրագրող։ Հետո՞ ինչ։ Այդ լրագրողների շարքում կան նաեւ օտարերկրյա թղթակիցներ, որոնք մշտապես աշխատում են Մոսկվայում ու հիմնականում լուսաբանում են խոշոր սոցիալական իրադարձությունները՝ ընտրությունները, ջրհեղեղները, քաղաքական վերադասավորումները։ Որպես կանոն՝ նրանք լուսաբանում են փառատոնի աշխատանքը՝ առանց ֆիլմերը դիտելու ու վերլուծելու, նույնիսկ ծրագրերին չեն հետեւում ու հարցազրույցներ վերցնելու կարիք չեն զգում։

Նրանց հիմնական խնդիրը սկանդալներ գտնելն է, եւ հատկապես փառատոնի նախագահ Նիկիտա Միխալկովի հետ կապված սկանդալները (որոնք քիչ չեն)։ Այս տարի, օրինակ, բոլորին հետաքրքրեց, թե ինչո՞ւ Ռուսաստանի Մշակույթի նախարարը Կատրին Դենյովին մրցանակը ոչ թե հանձնեց, այլ իր հետ բեմից դուրս տարավ։ Այդ մասին գրեցին անխտիր բոլոր լրատվամիջոցները, նույնիսկ ես այդ մասին գրեցի՝ ցավակցելով նախարարին ու նշելով, որ միգուցե մարդը հուզվել էր՝ առաջին անգամ աստղի կողքին հայտնվելով։ 

Կինովերլուծաբան - լրագրողների ներկայությունը ավելի գրավի՞չ է դարձնում փառատոնը։

Պետք է ոչ թե ընդհանրապես, այլ շատ կոնկրետ լրագրողների հրավիրել։ Եվ հատկապես նրանց, որոնք կինոլրագրությամբ են զբաղվում։ Վստահ եմ, որ կարելի է Վրաստանից, Իրանից եւ այլ հարեւան երկներից կինոգետներ հրավիրել։ Իհարկե, կինոլրագրողները շատ են, բայց իրենց հաշվին Երեւան կգան քչերը (միակ փառատոնը, որտեղ կինոլրագրողը գնում է իր փողերով, Կանն է)։ Կարող եմ ասել, որ «Ոսկե ծիրանը» բավականին լավ լուսաբանվում է Ռուսաստանում, բայց ուզում եմ հարց տալ՝ իսկ ինչո՞ւ չկան ֆրանսիական «Մոնդը» կամ անգլիական «Գարդիանը»։

Ես նշեցի այդ թերթերը, քանի որ դրանք սեփական կինոլրագրողներ ունեն։ Իհարկե, փառատոնի բյուջեն մեծ չէ, բայց կարեւորը իրավիճակը ճիշտ գնահատելն է։ Եթե Նիկիտա Միխալկովի համար կարեւորը կինոաստղերի հետ Պուտինի մոտ գնալն ու «Առաջին ալիքով» նկարահանվելն է, ապա Հարություն Խաչատրյանի համար կարեւորը փառատոնային լավ մթնոլորտն ու մարդկային շփումն է։ Ի վերջո, փառատոնի ռեզոնանսը կախված է լրագրողներից։

Երբ քո մասին գրում է խոշոր մեդիա, դո՞ւ էլ ես խոշորանում։

Այո, եւ բոլոր ոլորտներում է այդպես։

Իսկ ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի մեդիա դաշտը։ Եվ ո՞րն է, ըստ Ձեզ, մեդիայի ազատության չափանիշը։

Ապրել հասարակության մեջ ու հասարակությունից ազատ լինել, չի ստացվի. ինչպես ասում էր Լենինը։ Բոլորս էլ, միեւնույն է, ինչ-որ մեկից կամ ինչ-որ բանից կախված ենք։ Բայց խստորեն դիտարկելով կյանքը՝ կարելի է ասել, որ որքան փոքր է այս կամ այն կոմունիկացիոն միջոցի լսարանը, այնքան այն ավելի ազատ է։

«Սպասեք մինչ այդ սերունդը կմեծանա, զարգացրեք նրանց մտահորիզոնը ու հայկական կինոյի թարմացման ականատեսը կդառնաք»

Նվազագույն ազատություն ունեն գլխավոր հեռուստատեսային ալիքները, իսկ առավելագույն ազատությունը ինտերնետում է։ Թեեւ շատ երկրներ փորձում են այդ ազատ վիճակը որեւէ կերպ կարգավորել (Չինաստանը, նաեւ Ռուսաստանը), սակայն դա տեխնիկապես բարդ է իրագործել։ Ինտերնետը ամբողջովին սանձահարել, միեւնույն է, չի ստացվի։

Բացարձակ ազատ ու անկախ է տպագիր մամուլը, Ռուսաստանի թերթերը կարող են գրել, ինչ ուզում են, քանի որ յուրաքանչյուրի թիկունքում տարբեր նպատակներ ունեցող բիզնես միավորումներ են։ Իսկ եթե հեռուստաալիքի հետեւում որեւէ «սխալ» մարդ է հայտնվում, նրան արագորեն դուրս են շպրտում ու փոխարինում նոր մարդով, ով ավելի լոյալ է իշխանությունների հանդեպ։ 

Վերջիվերջո, մեդիա դաշտում ամենաազատը բլոգերն է, մանավանդ նա, ում ոչ ոք չի ճանաչում։ Իսկ եթե Ալեքսեյ Նավալնու պես հայտնի դարձար, ուրեմն արդեն նվազ ազատ ես։

Մոսկվայի կինոփառատոնում նոր հայկական ֆիլմերը ավանդապես ցուցադրվում են։ Ինչպիսի՞ արձագանքի են դրանք արժանամում։

Իհարկե, ոչ շատ մեծ, բայց որոշակի արձագանք լինում է։ Համենայնդեպս, հայկական ֆիլմերի մասին մոսկովյան մամուլը գրում է։ Բայց մի մոռացեք, որ խորհրդային տարիներին էլ հայկական կինոն առաջնային դիրքերում չի եղել, իսկ հիմա երբ տարեկան 1-2 ֆիլմ է արտադրվում, դժվար է լավ ֆիլմ ստեղծել։ 

Մի քանի տարի առաջ Դուք ասացիք, որ հայկական կինոյի համար շահեկան կլինի ռետրո ոճի ֆիլմի նկարահանումը, որի շնորհիվ կարելի է միանգամից մի քանի պատմական շերտեր ցույց տալ։

Մանավանդ հետաքրքիր են Սովետական Հայաստանի ստեղծման առաջին տարիների ու սփյուռքահայերի դերակատարության պատմությունները (շատերը իմ պապից՝ դիվանագետ ու Սովետական Հայաստանի արտաքին գործերի նարկոմ Ալեքսանդր Բեկզադյանից եմ լսել)։

Բայց կարեւոր է, որ ենթադրյալ ռետրո ֆիլմի հերոսը երիտասարդ լինի։

Կարծում եմ՝ հայկական կինոն կփրկի նոր սերունդը, եթե, իհարկե, այդ սերունդը որոշի կինո մուտք գործել։ Կարեւոր է, որ հեղինակները ինտերնետում դաստիարակված ու նոր տեխնոլոգիաներով աշխատող մարդիկ լինեն։ Հայաստանում շատ լավ պատանեկան դպրոց ունեք, որտեղ ուսուցումը կապված է տեխնոլոգիաների տիրապետման հետ։

«Թումո՞ն»...

Այո, այդտեղ սովորող երեխաները բոլորովին այլ մարդիկ են, որոնց նախասիրությունները, ճաշակն ու մտածողությունը խիստ տարբեր է խորհրդային մտածողություն ունեցող մարդկանցից։ Եվ հենց նրանց հայացքը թույլ կտա նոր ռակուրսից նայել հայկական պատմությանը (նաեւ Եղեռնի թեմային)։ Սպասեք մինչ այդ սերունդը կմեծանա, զարգացրեք նրանց մտահորիզոնը ու հայկական կինոյի թարմացման ականատեսը կդառնաք։ 

Հարցազրույցը՝ Նունե Հախվերդյանի

Comments

Մեկնաբանել

Type the characters you see in this picture. (verify using audio)
Type the characters you see in the picture above; if you can't read them, submit the form and a new image will be generated. Not case sensitive.
                                

 Media.am by Media Initiatives Center is licensed under a Creative Commons Attribution 3.0 Unported License
Reproduction in whole or in part without reference is prohibited.

Creative Commons License