Ռումինական եթերի հայ հեռուստաաստղը

24.02.2017, հայ

Լրագրող

52-ամյա Կարեն Ատիլա Սեբեսիին Ռումինիայում շատերը գիտեն. 20 տարուց ավելի է Ռումինիայի ազգային հեռաուստատեսությունում քաղաքական հաղորդում է վարում, ինչպես նաև տարբեր ռեպորտաժներ պատրաստում:

Արմատներով հայ Կարեն Սեբեսին ծնվել և մինչ օրս ապրում է բնակչության թվաքանակով Ռումինիայի երկրորդ՝ Կլուժ-Նապոկա քաղաքում: Լրագրողի մայրն է հայ, ում հայրը Ադրբեջանի Լենքորան քաղաքում է ծնվել, այնուհետև տեղափոխվել Թբիլիսի և ամուսնացել ազգությամբ ռուս տատիկի հետ:

Հայրը հունգարացի է, մասնագիտությամբ լրագրող: Սեբեսին ասում է, որ հայրը 40 տարուց ավելի աշխատել է Ռումինիայի պետական ռադիոյում:

Հոր հետքերով գնացող Կարեն Սեբեսին շաբաթական մի քանի անգամ հեռուստատեսության եթերում է. «Ռումինիայի նախագիծ» հաղորդման ժամանակ հարցազրույցներ է վարում քաղաքական թեմաներով՝ պաշտոնյաների, քաղաքական գործիչների հետ:

Ասում է, որ արդեն ծանոթ է բոլոր հյուրերին ու պոտենցիալ հյուրերին՝ ում հետ ինչպես խոսել, ինչ հարց տալ և այլն: Ոչ հյուրերի հետ է խնդիրներ ունենում, ոչ էլ ղեկավարության, քանի որ ազատ է իր որոշումներում՝ ում հրավիրել, ինչ հարցեր տալ, երբ և այլն: «Միայն արձակուրդիս առաջին մի քանի օրերն եմ խնդիրներ ունենում, երբ պարապությունից չեմ իմանում ինչ անել»,- կատակում է լրագրողը:

Սեբեսին ասում է, որ ղեկավարության աջակցությունը հատկապես զգացել է երկու տարի առաջ, երբ եկել էր Հայաստան ու Արցախ և ռեպորտաժ էր  պատրաստել իրենց հեռուստատեսության համար: «Ռումինիայում Ադրբեջանի դեսպանությունում հաղորդումների ծրագրից երևի իմացել էին, որ ռեպորտաժ պետք է լինի Հայաստանից ու փորձում էին հասնել նրան, որ այն եթեր չգնա, սակայն մեր տնօրենն ինձ ասաց, որ ռեպորտաժը կլինի եթերում այնպես, ինչպես ուզում ես»:

Կարեն Սեբեսին ռումինական եթերում հայկական թեման հնարավորինս ակտիվ է պահում. ասում է, որ փորձում է հայերի հետ հարցազրույցներ անել, ամեն անգամ հիշեցնել Հայաստանի ու հայերի մասին:

Ցավում է, որ Ռումինիայում հայաստանյան այսօրվա իրադարձությունների մասին համարյա չգիտեն: Ամենաակտուալը Հայոց ցեղասպանության թեման է: «Իսկ Ղարաբաղի մասին ավելի քիչ գիտեն՝ միայն այն, որ այնտեղ հաճախակի կրակոցներ են, պատերազմական վիճակ»,-ասում է նա:

Հայաստան նախանցյալ տարի այցելել էր Ռումինիայում Հայաստանի դեսպանի հրավերով: Ասում է, որ հաճախակի է շփվում Ռումինիայում ապրող հայերի հետ: Ավելին՝ անցած տարվանից նա  Կլուժ-Նապոկայի հայ համայնքի ղեկավարն է. «Ես չկարողացա մերժել, քանի որ առաջարկողները մոտիկ ընկերներս են: Ամեն անգամ ինչով կարողանում օգնում եմ հայ համայնքին»:

Սեբեսին պատմում է, որ Ռումինիայում, ինչպես աշխարհի տարբեր երկրներում լրատվամիջոցները շատ մեծ ազդեցություն ունեն: Կան նաև որոշ լրագրողներ, ում Աստծո տեղ են ընդունում ու հավատում են նրանց բոլոր ասածներին:

«Ձե՞զ էլ են այդպես ընդունում» հարցիս ծիծաղելով պատասխանում է. «Քանի որ 20 տարուց ավել աշխատում եմ հեռուստատեսությունում, բնականաբար շատերն են ինձ ճանաչում: Մոտենում են որտեղ ասես՝ շուկայում, տրանսպորտի մեջ  ու զրույցի բռնվում»:

«Իսկ չե՞ն հայհոյում»:

«Ոչ, պետք է ասեմ, որ ինձ շատերն են սիրում, և ես քիչ թշնամիներ ունեմ, խնդիրներ չունեմ նաև այն քաղաքական գործիչների ու պաշտոնյաների հետ, ում հրավիրում եմ իմ հաղորդմանը, ավելին՝ հաճախ մղում եմ նրան, որ շնորհակալ լինեն հաղորդմանը հրավիրելու համար: Մայրս մեկ-մեկ նայելով հաղորդումս ասում էր՝ պապդ, որ տեսներ, կասեր իսկական հայի խելք ունես»:

«Չգիտեմ, դեռևս չեն հայհոյել, կամ պոմիդորներ չեն շպրտել իմ վրա»,- կատակում է նա,- իսկ ավելի լուրջ՝ մեր հեռուստատեսությանը հարգում են, քանի որ շատերի նման ոչ թե միայն սևն ենք ներկայացնում, կամ սպիտակը, այլև փորձում ենք օբյեկտիվորեն աշխատել՝ ներկայացնելով բոլոր տեսանկյունները»:

Անահիտ Դանիելյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?