«Բա չիմացա՞ք, ֆիլմս ցուցադրվել է Կաննում»

14.09.2017, vox populi

Վերջերս երևանյան թանգարաններից մեկում լսում էի, թե ինչպես էր զբոսավարը գրագետ և նվիրված կերպով ներկայացնում թանգարանի էքսպոզիցիան, երբ հանկարծ ականջս ծակեց հաստատուն  արձանագրումն այն չակերտավոր փաստի, թե իբր այսինչ ֆիլմը 2004 թվականին ոչ միայն հանդիսացել է Կաննի կինոփառատոնի  փակման ֆիլմը, այլ նաև արժանացել է գլխավոր մրցանակի։

Րոպեներ անց, երբ ավարտվեց էքսկուրսիան և շրջակայքում հյուրեր չկային, մոտեցա զբոսավարին և հայտնեցի, որ տվյալ ֆիլմը  ցուցադրվել է արտամրցութային ծրագրում, ինչն արդեն  բացառում է գլխավոր մրցանակի՝ «գրան պրիի», հավակնելու փաստը:

Ավելացրեցի, որ համոզված եմ, որ փակման ֆիլմ այն նույնպես ոչ մի կերպ չէր կարող լինել, բայց լրացուցիչ հավաստիության համար հորդորեցի ստուգել այդ տեղեկությունը փրկարար համացանցում:

Այս իմ դիտարկմանը՝ թանգարանի զբոսավարը շատ սիրալիր պատասխանեց, որ բնավ չի զգում ստուգելու կարիք, քանի որ նրա սկզբնաղբյուրն ավելի հավաստի ու արժանահավատ է, քան ցանկացած  համացանցային կայք: Արդեն հասկանալով, թե ո՛ր աներկբայելի աղբյուրի մասին է խոսքը, բայց միևնույն է չթաքցնելով ապշահարությունս, խնդրեցի  բարձրաձայնել։

«Այդ մասին ինձ անձամբ հայտնել է ֆիլմի ռեժիսորը», - շշնջալով կիսաբաց  ափի մեջ, հեգնական ու հաղթանակած տոնայնությամբ հասցրեց նա ականջիս…

Անկեղծ, իր գործի նվիրյալ, բայց միամիտ զբոսավարն անգամ չէր էլ կարող պատկերացնել, թե որքան անհավաստի և անդադար ստուգման կարոտ աղբյուր  կարող է լինել ստեղծագործության հեղինակը, ինչպես սկսնակը, այնպես էլ՝ անվանին։ 

Արդեն տարիներ շարունակ հարցազրույցներում կամ  հոդվածների վերնագրում հանդիպում ենք «ֆիլմս  ցուցադրվեց/կցուցադրվի  Կաննում/Բեռլինում/Վենետիկում» և այլ նմանօրինակ ձևակերպումներ։  

Թե՛ լրագրողների, թե՛ ընթերցողների մեծամասնությունն այս ինֆորմացիան ընդունում  է հալած յուղի պես՝ վստահելով լրատվամիջոցներին, կամ ինչպես թանգարանի զբոսավարը՝ ռեժիսորին, չտեսնելով կարդացածի ու հայտնածի մեջ ոչ մի անտրամաբանական բան:

Իրականում, ամեն ինչ տրամաբանական է, քանի որ, դիցուկ, Կաննի կինոփառատոնի շրջանակում իրոք, գործում է մեծ կինոշուկա, որի ընթացքում յուրաքանչյուր տարի ցուցադրվում են մի քանի հազար ֆիլմեր:

Ու քանի որ այդ ցուցադրություններն աշխարհագրական տեսանկյունից տեղի են ունենում Կաննում, ապա ստացվում է, որ իրոք «ֆիլմս էս տարի ցուցադրվեց Կաննում»: Լեզվաբանական ու աշխարհագրական տեսակետից հակասություններ, կարծես, չկան:

Բայց հստակ է, որ գործ ունենք իմաստաբանական մանիպուլյացիայի  հետ, քանի որ «Կաննում» էլ կա, Կաննում էլ։

«Իհարկե, դա կոռեկտ չէ։ Կաննում կա ընդամենը մեկ պաշտոնական ծրագիր, որը բաղկացած է մրցութային ու արտամրցութային ծրագրերից: Իսկ մնացածը՝ «Հատուկ հայացքը», կարճամետրաժների «Սինեֆոնդասյոնը», «Քննադատության շաբաթը»  և «Ռեժիսորների երկու շաբաթը» թեև պատվավոր, սակայն ոչ պաշտոնական ծրագրեր են: Աստծո սիրուն, պետք չէ ձևացնել, որ մասնակցել եք փառատոնին, եթե ֆիլմը ոչ պաշտոնական ծրագրում է ցուցադրվել: Եվ որքան հնարավոր է, պետք է այդ միֆերը  կասեցնել: Նույնը վերաբերում է նաև մասնակցությանը այլ կինոփառատոններին»,-  պարզաբանում է ռուս հայտնի կինոգետ, Կաննի կինոփառատոնի մշտական այցելու Անդրեյ Պլախովը:

Այս ամենը բնավ չի նշանակում, որ մենք ուրախ չենք մեր ռեժիսորների ջանքերի համար ու չենք ողջունում նրանց ներկայությունը միջազգային կինոշուկաներում կամ թերագնահատում ենք դրանց կարևորությունը:

Միայն թե ցանկանում ենք, որ լրագրողների ու ընթերցողի մոտ վերջապես ձևավորվի հստակ պատկերացում, որը թույլ կտա տարանջատել մրցութային ծրագրի մասնակից ֆիլմերը կինոշուկայում ցուցադրվող ֆիլմերից:

Ի վերջո, մրցութային ծրագրում հայտնվելու համար ֆիլմը անցնում է մի քանի փուլերից բաղկացած գեղարվեստական ընտրություն՝ ի տարբերություն ոչ մրցութային հարթակների, որտեղ հայտնվելու համար բավարար է ընդամենը կատարել պահանջված վճարումն ու հետևել, որ ֆիլմը համապատասխանի տեխնիկական (ոչ գեղարվեստական) չափանիշներին:

Միխայիլ Ժվանեցկին ասում էր. «Չգիտես՝ ինչու՞, երկրի ձեռքբերումները միշտ այն ոլորտներում են, որոնց հավաստիությունը դժվար է ստուգել»:

Ի ուրախություն բոլորիս, տեխնոլոգիական առաջընթացը ընձեռել է «համացանց» անունով տեղեկատվությունը ստուգելու հիանալի հնարավորություն: Մնում է լրատվամիջոցներում զարգանա մեդիագրագիտությունը, իսկ ինֆորմացիա սպառողների շրջանակում՝ քննադատական մոտեցումը:

Կարեն Ավետիսյան
լրագրող

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?