Լրագրողների հավատարմագրումն ու աշխատանքը ընտրությունների օրը

Լրագրողների հավատարմագրումն ու աշխատանքը ընտրությունների օրը

Ի՞նչ է պատահել:

2018 թվականի դեկտեմբերի 9-ին սպասվում են ԱԺ ընտրություններ, որոնց լուսաբանման հավատարմագրման կարգը որոշակի փոփոխության է ենթարկվել:

Ի՞նչ է փոխվել:

Նախորդ՝ 2017-ի ապրիլի 2-ին կայացած ընտրությունների ժամանակ Ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ մեկ զանգվածային լրատվության միջոցից կարող էին հավատարմագրվել ոչ ավել, քան 50 ներկայացուցիչներ։  

2017թ. դեկտեմբերին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել ԸՕ-ի վերոնշյալ հոդվածի այդ մասը: Այժմ սահամանափակում չկա:

 
Ի՞նչ պետք է անի լրատվամիջոցը հավատարմագրման համար:

Լրատվամիջոցը պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) ներկայացնի գրավոր դիմում և ԶԼՄ ներկայացուցիչների ցուցակ՝ ընտրությունները նշանակելու օրվանից հետո, բայց քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 15 օր առաջ:

Ո՞վ ունի հավատարմագրվելու իրավունք:

Հավատարմագրվել կարող են միայն այն ընկերությունները, որոնք առնվազն մեկ տարի լրատվություն են տարածում: Մեկ տարվա սահմանափակումը չի գործում վերգետնյա եթերային հեռարձակող լրատվամիջոցների՝ հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների համար:

Ի՞նչ պետք է անի օտարերկրյա լրատվամիջոցը հավատարմագրման համար:

Օտարերկրյա լրատվամիջոցը հավատարմագրման մասին դիմումը ներկայացնում է Արտաքին գործերի նախարարություն:

Վերջինիս կողմից հավատարմագրելու մասին դիմումը և լրատվամիջոցի ներկայացուցիչների ցուցակը ստանալուց հետո ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետում ԿԸՀ-ն Արտաքին գործերի նախարարությանն է փոխանցում ցուցակում ընդգրկվածների վկայականները:

Նախարարությունը այդ դիմումն ու լրատվամիջոցի ներկայացուցիչների ցանկը ուղարկում է ԿԸՀ, որն էլ ամենաուշը հնգօրյա ժամկետում պատրաստում է վկայականները:

Հավատարմագրված լրագրողները վկայականները ստանում են ԱԳՆ-ից:

Լրագրողը ընտրական տեղամասում:

Լրագրողը ընտրական տեղամաս մտնելու համար պարտավոր է ունենալ ԿԸՀ-ի  տրամադրած վկայականը և անձը հաստատող փաստաթուղթը: Վկայականը ուժի մեջ է անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:

ԶԼՄ ներկայացուցիչը առաջին հերթին գրանցվում է ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում: Նա պարտավոր է հավատարմագրման իր վկայականը տեսանելի ձևով կրել վերնազգեստի վրա, այլապես հանձնաժողովի նախագահը կարող է նրան դուրս հրավիրել:

 
Քվեարկության սենյակում նույն լրատվամիջոցի քանի՞ ներկայացուցիչ միաժամանակ կարող է ներկա գտնվել:

Մեկ լրագրող և մեկ լուսանկարիչ կամ օպերատոր:

Ի՞նչ իրավունքներ ունի ԶԼՄ ներկայացուցիչը ընտրական տեղամասում և ի՞նչ է արգելված:

Նա կարող է տեսաձայնագրել ընտրական հանձնաժողովների նիստերը, քվեարկության ընթացքը, արդյունքների ամփոփման գործընթացը, ինչպես նաև հանձնաժողովի նախագահի կամ նրա կողմից լիազորած որևէ անդամի ներկայությամբ ծանոթանալ հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող ընտրական փաստաթղթերին, բացառությամբ քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների և քվեարկության կտրոնների:

ԶԼՄ ներկայացուցիչը իրավունք չունի միջամտելու ընտրական հանձնաժողովի աշխատանքներին և քվեարկության ընթացքին, իրականացնելու քարոզչություն, ընտրական հանձնաժողովի անդամներին ցուցումներ տալու և պահանջներ ներկայացնելու:

 
Ո՞ր դեպքում լրագրողներին կարող են հեռացնել ընտրական տեղամասից:

Եթե քվեարկության սենյակում միաժամանակ գտնվող լրագրողների և դիտորդների թիվն այնքան է, որ ակնհայտորեն խաթարվում է քվեարկության բնականոն ընթացքը:

Այդ դեպքում հանձնաժողովը իրավասու է անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ այդ թիվը հասցնել մինչև 15-ի:

Սահմանափակումը չի տարածվում այցելուների, միջազգային դիտորդների և վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստառադիոընկերությունների ներկայացուցիչների վրա: