Լինել ցուցակում որպես աշխատուժ

14.11.2018, Ընտրություններ 2018

Լրագրող, արվեստի քննադատ

Մոտալուտ ԱԺ ընտրությունները, որոնք արդեն հանրայնացրին թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում պատգամավոր դառնալ ցանկացողներին ու նրանց հովանի քաղաքական ուժերին, առիթ են խոսելու անձերի մասին:

Կամ ավելի ճիշտ՝ անձերի միգրացիայի մասին:

Հանրային մեծ աջակցություն ստացած ու այն վայելող «Իմ քայլը» դաշինքի ցանկում Նիկոլի Փաշինյանից հետո հայտնվող 183 պատգամավորների թեկնածուներից քչերն են հայտնի հանրությանը: Ոմանք հայտնի դարձան, քանի որ կազմեցին կառավարության մաս:

Եվ ստացվեց այնպես, որ լայն շրջանակների ծանոթների շարքում մնացին հիմնականում լրագրողները:

Դա միգուցե բնական թվա, եթե հաշվի առնենք, որ տարիներ շարունակ տարբեր ոլորտներում կատարվել է հակառակ սելեկցիա (առաջ էին գնում ոչ թե լավ մասնագետները, այլ հարմարվող համախոհները), որի արդյունքում էլ նոր ու պիտանի գաղափարներ գեներացնողները դուրս էին մնում քաղաքական, կրթական, տնտեսական, մշակութային որոշումներ կայացնողների ցուցակներից:

Ու այդ իրավիճակում քիչ թե շատ արդյունավետ գործում էին հենց մեդիա դաշտում աշխատողները, քանի որ մասնագիտությունն ինքնին ենթադրում էր ճանաչելիություն ու տեղյակություն: Ու նաև հույս, որ լրագրողական աշխատանքը կարող է ազդել որոշումներ կայացնողների վրա:

Երբեմն, իրոք ազդում էր, բայց այսպես ասած՝ զուգահեռ իրականությունում, քանի որ լրատվական դաշտը, որը քիչ վերահսկելի էր, գոյություն ուներ արատավոր առաջխաղացման բուրգին զուգահեռ:

Բուրգի իմաստը վերահսկելն էր՝ պահելով լրագրողներին որպես էժան ու կախյալ աշխատուժ, և հիմա երբ լրատվական դաշտը մի քիչ շփոթված, բայց, այնուամենայնիվ, ազատականացվում է, լրագրողներն ուզում են իրենց պիտանի զգալ:

Ու նաև լինել կայուն այս անկայուն հետհեղափոխական իրավիճակում, երբ իրենց մասնագիտությունը, միևնույն է, վաճառվում է շատ էժան:

Ի վերջո, լրագրությունը ամենաթանկ մասնագիտությունն է, որը Հայաստանում վաճառվել ու վաճառվում է ամենացածր գնով:

Տարիների ընթացքում տեղի ունեցավ անդառնալի բան՝ լրագրությունը էժանացավ բոլոր իմաստներով:

Լրագրողը դարձավ ոչ կարևոր: Մեկը հեշտությամբ փոխարինվում էր մյուսով, գրեթե հաստոցային մոտեցմամբ նրանից պահանջում էին օրական թողարկումներ ու վճարում էին քիչ: Ամեն ինչ արվեց, որ լրագրողները չլինեն ինքնուրույն միավորներ, որ դառնան էժան աշխատուժ:

Բնականաբար, կուսակցություններն ու դաշինքները հաճույքով են օգտագործում այդ աշխատուժը՝ իրենց ցուցակում ներառելով ճանաչում ունեցող լրագրողներին: Ընտրությունները արտահերթ են, իրավիճակը ոչ ստանդարտ, ամեն ինչ արագ է զարգանում ու առաջինը նրանք մտաբերում են լրագրողներին:

Նախ՝ դա հարմար է, օգտակար և նաև… անհեռանկարային:

Հեղափոխությունը մեծ մասամբ տեղի ունեցավ հենց լրագրողների շնորհիվ, գրեթե ուղիղ հեռարձակման ռեժիմով: Ինչը պահանջում էր լրագրողներից նվիրվածություն թե՛ իրենց մասնագիտությանը, թե՛ հեղափոխությանը:

Այդ երկու մղումները զարմանալի ու նաև անբնական կերպով համընկան 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին:

Համընկան, միմյանցից կրկին բաժանվելու հույսով, քանի որ հեղափոխության մաս կազմած լրագրողը այլևս լրագրող չէ, եթե շարունակում է մնալ մաս:

Ինչպես, օրինակ, լրագրող չէ արդեն Նիկոլ Փաշինյանը:

Իհարկե, մասնագիտությունները նուրբ սահմանագծեր ունեն: Բայց լրագրողը, որը շարունակում է մնալ լրագրող, գլխավոր խմբագիր կամ լրատվական ծառայության ղեկավար ու միաժամանակ հայտնվում է տարբեր կարևոր ցուցակներում (ավագանու, հետո պատգամավորական), թեև չի խախտում իրավական ոչ մի կետ, բայց երերուն է դարձնում մի նուրբ եզրագիծ, որն էլ, ի վերջո, այս հեղափոխության իմաստն էր:

Երերուն է դառնում արժանահավատությունը:

Եթե նոր իշխանությունները նպատակ ունեն ազատ մեդիայի ձևավորումը դարձնել առանցքային քայլ (ինչպես ազատ դատական համակարգը կամ բիզնեսը), ապա լրագրողներ-պատգամավորները հեռանկարային աշխատուժ չեն: Հիմա են պետք ու շատ արագ գործի համար: Քանդելու համար, ոչ՝ կառուցելու։

Նունե Հախվերդյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?