2018.04.17,

Նյուսրում

Լրագրողի իրավունքները և դրանք խախտելու համար սահմանվող պատիժները

author_posts/anahit-danielyan
Անահիտ Դանիելյան

Լրագրող

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ #ԻմՔայլը բողոքի ակցիան շարունակվում է: Դեպքի վայրում աշխատում են բազմաթիվ լրագրողներ և օպերատորներ, որոնք կարող են հանդիպել մասնագիտական գործունեության տարբեր խոչընդոտների, ինչպես նախորդ նման ակցիաների ժամանակ:

Media.am-ը հիշեցման կարգով ներկայացնում է լրագրողի՝ օրենքով սահմանված իրավունքները և դրանք խախտելու համար պատիժները:

Լրագրողն իրավունք ունի ներկա գտնվել ցույցերին և բողոքի ակցիաներին: Դրա համար ոչ մի հավատարմագրում կամ պետական մարմինների հետ նախնական պայմանավորվածություն պետք չէ: Լրագրողը ազատ է ձայնագրելու, լուսա և տեսանակարահանումներ իրականացնելու մեջ:

Ընդհանրապես, լրագրողը ազատորեն կարող է որոնել, հարցում անել, տեղեկություն ստանալ և տարածել այն:  Սա սահմանվում է զանգվածային լրատվության մասին օրենքով:

Օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ լրատվական գործունեություն իրականացնողները և լրագրողները գործում են ազատորեն՝ իրավահավասարության, օրինականության, խոսքի (արտահայտվելու) ազատության և բազմակարծության սկզբունքների հիման վրա:

Լրագրողն իր մասնագիտական օրինական գործունեության ընթացքում, որպես հասարակական պարտք կատարող անձ, պաշտպանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Օրենքով արգելվում է ՝

  • գրաքննությունը.
  • որևէ տեղեկատվություն տարածելուն կամ դա տարածելուց հրաժարվելուն նպատակաուղղված կամ դրան հանգեցնող հարկադրանքը լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի նկատմամբ.
  • լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը.
  • խտրականությունը լրատվության համար անհրաժեշտ սարքավորումների և նյութերի քաղաքացիական շրջանառությունում
  • ցանկացած, այդ թվում՝ այլ երկրներում թողարկված և տարածված լրատվության միջոցներից օգտվելու՝ անձի իրավունքի սահմանափակումը:

Լրագրողները պետք է հիշեն  նաև, որ օրենքով պարտավոր չեն բացահայտել տեղեկատվության աղբյուրը, բացառությամբ այն դեպքերի, երբ քրեական գործի առիթով՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման նպատակով, եթե հասարակության շահերի քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտությունն ավելի ծանրակշիռ է, քան տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու հասարակության շահագրգռվածությունը, և սպառված են հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցները:

Այդ դեպքում, լրագրողի միջնորդությամբ, դատական քննությունն իրականացվում է դռնփակ։

Ինչպիսի՞ տույժեր են սպասվում լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտողներին

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի համաձայն՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:

Նույն արարքները, որոնք կատարել է պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Իսկ եթե վերոնշյալ արարքները կատարվել են լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով` պատժվում են ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով:

 

Անահիտ Դանիելյան

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *