Ինչով են անհարմար բաց տվյալները. լրագրողների կարծիքը

21.11.2017, Նյուսրում

Լրագրող

Բաց տվյալներն աստիճանաբար ավելի պահանջված են դառնում Հայաստանում։ Լրագրողները, հետազոտողներն ու հասարակակական կազմակերպությունները կառավարությունից  թափանցիկություն են պահանջում:

Կառավարությունը դեռ 2011-ին միացել է «Բաց կառավարման գործընկերություն» (ԲԿԳ, Open Government Partnership) նախաձեռնությանը և  պարտավորվել է բացել մի քանի ոլորտների տվյալները, ինչպես նաև կատարելագործել այն հարթակները, որտեղ ավելի վաղ բաց տվյալներ են տեղադրվել:

ԲԿԳ ծրագրերով նախատեսված է կատարելագործել բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերի էլեկտրոնային համակարգը՝ ethics.am-ը:

«Հետք»-ի լրագրող Գրիշա Բալասանյանը հաճախակի է օգտվում ethics.am-ից և ասում է, որ կայքի կառուցվածը շատ վատն է և հին. «Մասնավորապես՝ որոնողական համակարգերը թույլ են, քիչ: Օրինակ, անուն, ազգանուն ու պաշտոնից բացի հնարավոր չէ այլ տարբերակով որոնել, տեղեկատվություն ընտրել: Կամ՝ փնտրել թանկարժեք գույք հայտարարագրածներին, բաժնեմաս ունեցողներին, տարվա կտրվածքով գործարքներ իրականացրածներին, նվիրատվություն, փոխառություն կամ վարկ ստացածներին և այլն: Այդ առումով բավականին դժվար է լրագրողների աշխատանքը: Ստիպված ենք լինում մեկ առ մեկ բացել հայտարարագրերը և ստուգել»:

Նրա կարծիքով կայքը պետք է ավելի գրավիչ դարձնել, թարմացվող տեղեկատվությունն առաջ բերել: Ավելացնել հնարավորությունները, ավելի հաճախ թարմացնել տեղեկատվությունը: «Ասենք՝ ներմուծել հավելյալ «կոճակ» հայտարարագիր չներկայացրած պաշտոնյաներին գտնելու համար: Այժմ ստիպված ենք մեկ առ մեկ բացել նրանց էջերը, որպեսզի տեսնենք՝ արդյոք բոլոր տարիների հայտարարագրերն են ներկայացված: Բացի այդ, 2017թ. ընթացքում միայն հանձնաժողովի մեկ որոշում է տեղադրվել կայքում: Ստացվում է, որ մեկ տարվա ընթացքում հանձնաժողովը որոշումներ չի կայացրել»,- ասում է լրագրողը:

Լրագրողը նկատել է, որ երբեմն պաշտոնյաները սահմանված ժամկետից ուշ են ներկայացնում հայտարարագրերը: «Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը մի քանի տարվա հայտարարագիրը միանգամից է ներկայացրել: Կարծում եմ՝ օրենքով նախատեսված ժամկետի շեղումով հայտարարագիր ներկայացրած պաշտոնյաների հայտարարագրերը պետք է տարբերակվեն, օրինակ՝ գունային կամ այլ ցուցիչով; Նախ, այդպես ուշադրություն է գրավում և պաշտոնյաներն ավելի սթափ և պատասխանատու կմոտենան հարցին, բացի այդ՝ հեշտ կլինի տարբերակել օրինախախտ պաշտոնյային»:

«Հայկական Ժամանակ»-ի լրագրող Տիրայր Մուրադյանը նույնպես դժգոհ է etichs.am-ի որոնողական համակարգից:  

Նրա կարծիքով՝ օրենքի թույլատրելի սահմանում տեղադրում են ունեցվածքի վերաբերյալ տեղեկությունները, երբեմն լինում են պաշտոնատար անձանց հայտարարագրեր, որ շատ ուշ են տեղադրվում:

«Կարծում եմ, որ որոշ տեղեկություններ եթե չեն հրապարակվում՝ դրանք էլ օրենսդրական խնդիրների պատճառով են: Օրինակ՝ պաշտոնն ստանձնելու օրվա դրությամբ պաշտոնատար անձը ներկայացնում է իր ողջ ունեցվածքը, իսկ նրա ամուսինը ազատված է դրանից, վերջինս ներկայացնում է վերջին մեկ տարվա իր եկամուտների մասին տեղեկություն (եթե 20 հատ բնակարան ունի, բայց վերջին մեկ տարում ևս մեկն է գնել, հայտարարագրում նշում է, որ ձեռք է բերել բազմաբանակարան շենքում բնակարան ու չի երևում մնացած 20 բնակարանը)»,-ասում է Տիրայրը:

Lragir.am կայքի լրագրող Ռոզա Հովհաննիսյանը նույնպես օգտվում է ethics.am կայքից: Ըստ նրա, պաշտոնյաների գույքի և ունեցվածքի հայտարարագրերի լրացման ներկայիս կարգը պաշտոնյաներին խուսանավելու տեղ է թողնում: «Համենայնդեպս հանրության համար մի շարք կարևոր տեղեկություններ փակ են մնում»,-ասում է նա՝ ընդգծելով, որ կասկածելի են ինչպես անշարժ ու շարժական գույքի մասին տեղեկությունները, այնպես էլ՝ դրամական միջոցներինը:

«Հանձնաժողովի աշխատակազմը խորհուրդ է տալիս հիմք ընդունել պաշտոնյայի՝ պաշտոնը ստանձնելու հայատարարագիրը, որում նշվում է գույքի մասին տեղեկությունները: Բայց թե տարվա ընթացքում ինչ փոփոխություններ են լինում պաշտոնյաների ունեցվածքի մասով, հանրությունը չի իմանում»,- ասում է Ռոզան:

«Առավոտ»-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանն էլ կարծում է, որ ethics.am-ում տեղ գտած տեղեկատվությունը խառն է՝ ըստ տարեթվերի, ըստ փոխկապակցված անձանց: «Լրագրողներին, որպես կանոն, հետաքրքրում է՝ տվյալ պաշտոնյայի ունեցվածքը, կարողությունն ինչ փոփոխություններ է կրել: Բավականին հեշտ կլիներ մեր գործը, եթե երևար նախորդ հայտարարագրի կամ նախորդ տարվա համեմատությամբ փոփոխությունը, ինչքան են ավելացել կամ պակասել միջոցները»,-ասում է Հռիփսիմեն ու նշում նաև, որ որոնողական համակարգը լավ չի աշխատում:

Տիրայր Մուրադյանն օգտվում է նաև ԲԿԳ հանձնառությամբ բացված մեկ այլ հարթակից՝ www. e-gov.am-ի հաշվետվություններ բաժնից : Այստեղ հրապարակվում են պաշտոնատար անձանց արտասահման գործուղումների հաշվետվությունները, որոնցում սակայն չկա այդ գործուղումների համար ծախսված գումարների մասին տեղեկատվություն:

«Այդ հաշվետվությունները մեծ հաշվով հետաքրքրություն չներկայացնող պարունակություններ են: Օրինակ՝ գրվում է այսինչ երկրում այսինչ նախարարի հետ հանդիպում է ունեցել: Եթե, օրինակ՝ լիներ տեղեկատվությունը, թե կոնկրետ ի՞նչ պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ հանդիպմանը, դա կարող էր հետաքրքիր լինել: Այսինքն՝ գործուղումների հաշվետվությունները պաշտոնական ռելիզներից ավելի դատարկ են: Մամուլի հաղորդագրությունները երբեմն շատ ավելի խոսուն են, քան այդ հաշվետվությունները»,-ասում է Տիրայրը:

Այս խնդիրը մասնակի կարող է լուծել govtravel.am կայքը, որի հաշվետվություններ բաժնում պետական գնումների շրջանակներում նշված հարթակից գնված ավիատոմսերի վերաբերյալ տեղեկություններ են՝ որ պետական կառույցը երբ, քանի հատ և ինչ կարգի ավիատոմս է գնել (բացառությամբ Կառավարությանն առընթեր Ազգային  անվտանգության ծառայության կարիքների և ծառայության խորհրդի անդամների համար), որքան գումար է ծախսվել:

Անահիտ Դանիելյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?