Դիմորդները նվազում են, լրագրողները՝ ոչ

24.07.2017, Նյուսրում

Լրագրող

Այս տարվա ուսումնական տարին ավարտվեց տագնապալի տեղեկությամբ՝ կտրուկ կրճատվել է բուհեր ընդունվել ցանկացողների թիվը: Շատ համալսարաններում ու ինստիտուտներում թափուր տեղեր են մնացել: Համալսարաններում սկսել են դիմորդներին ավելի ներողամիտ վերաբերվել, որպեսզի վճարունակ ուսանողների կրճատումը սակավ ազդեցություն ունենա բուհի ֆինանսական վիճակի վրա: Շատ բուհեր թույլ են տալիս դիմորդներին վերահանձնել այն քննությունները հեռակա ուսուցման համար, որոնք մի քանի օր առաջ գնահատվել են որպես անբավարար:

Բուհերի 2017թ-ի ընդունելության քննությունների արդյունքներն ամփոփված են, ցուցակները հրապարակված, սակայն շատ մասնագիտությունների համար բազմաթիվ թափուր տեղեր կան:

«Գնահատման և թեստավորման կենտրոնի» վերլուծության համաձայն՝ դիմորդների թվի նվազմանը հիմնականում նպասում են.

  • Հայաստանում գործող օտարերկրյա բուհերի և դրանցում սովորել ցանկացողների թվի ավելացումը
  • Միջին մասնագիտական կրթության հաստատություններ ընդունվողների թվի ավելացումը
  • 1990-ական թվականներին բնակչության ծնելիության մակարդակի նվազումը
  • Արտագաղթը

Արտագաղթն ու ժողովրդագրական խնդիրներն, իհարկե, լուրջ դեր են խաղում ուսանողության տոկոսի նվազման գործում, սակայն ավելի լուրջ մտահոգություն է առաջացնում այն, որ կրթության առաջարկը ավելին է, քան պահանջարկը: Ինչը չի կարող չազդել կրթության ընդհանուր որակի վրա, քանի որ եթե չկա մրցակցություն, որակի ձգտումը դառնում է անկարևոր:

Գրեթե պահանաջարկ չունեն բազային գիտական մասնագիտությունները (ֆիզիկա, քիմիա, մաթեմատիկա և այլն), որոնք անհետանում են այն արագությամբ, ինչպիսի արագությամբ էլ մարում է Հայաստանի գիտական միտքն ու ինստիտուտ-լաբորատորիա կապը:

Բայց լրագրությունը շարունակում է մնալ պահանջված: Կամ էլ, կայուն պահանջված, քանի որ լրագրող դառնալ ցանկացողների թիվը զգալիորեն չի կրճատվել:

«Գնահատման և թեստավորման կենտրոնի» (ԳԹԿ) տվյալներով, 2017թ-ին լրագրություն ուսանելու հայտ է ներկայացրել 102 դիմորդ, ընդունվել է 87-ը (11 անվճար, 76 վճարովի):

Սա Երևանի պետական, Հայ-ռուսական (սլավոնական), Բրյուսովի անվան, Գլաձոր համալսարան, Եվրասիա, Հայբուսակ համալսարանների և Հեռուսատեսության և ռադիոյի ակադեմիայի ընդհանուր տվյալներն են, որոնց մեջ ներառված են նաև որոշ բուհերի մարզային մասնաճյուղերը:

ԳԹԿ-ի տրամադրած տվյալները թույլ են տալիս համեմատել վերջին մի քանի տարիների դինամիկան:

2015թ-ին վերը նշված բուհերում եղել է 143 հայտ, ընդունվել է 88-ը, (8-ն անվճար,  80-ը վճարովի):

2016թ-ին եղել է 100 հայտ, ընդունվել է 87-ը (9-ը անվճար, 78 վճարովի):

ԳԹԿ-ն չի տիրապետում Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հայկական պետական ինստիտուտի տվյալներին, քանի որ այս բուհերն իրենք են իրականացնում իրենց ընդունելությունը:

Կենտրոնից անկախ քննություններ են ընդունում նաև այլ ոչ պետական, մասնավոր բուհեր՝ Գալիք համալսրանը, Պրոգրեսը, Հյուսիսային համալսարանը և այլ կրթական հաստատություններ, որոնք ևս ունեն լրագրության ֆակուլտետներ, հոսքեր ու խմբեր:

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում մարզական լրագրության 9 տեղի համար այս տարի դիմել է 9 դիմորդ և բոլորն ընդունվել են:

«Մեր բուհում մարզական լրագրությունն առանձին ֆակուլտետ չէ, հետևաբար հայտերի մեծ քանակ ոչ մի տարի չի գրանցվում»,- ասում են բուհի ընդունելությունների կազմակերպման բաժնից:

Մանկավարժական համալսարան դիմել է 20 դիմորդ, ընդունվել է 13-ը: Բուհի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Դիաննա Մարկոսյանի խոսքով, իրենց բուհ ընդունվելը դժվար է, քանի որ հանձնաժողովը խիստ պահանջ ունի հայոց լեզվի քննության հետ կապված:

«Շատ դիմորդներ չեն հաղթահարում հայոց լեզվի քննությունը, դրա համար մյուս երկու՝ հեռուստառադիոլրագրության պատմության և ընդհանուր զարգացվածության քննություններին մասնակցելու հնարավորություն չեն ստանում»,-ասում  է նա:

Այս բուհ-ը 2015թ-ին ունեցել է 26 դիմորդ, ընդունվել է 21-ը, 2016թ-ին դիմել է 27 դիմորդ, ընդունվել` 15-ը:

Լրագրությունը կարող է համարվել հեշտ մասնագտությունը ոչ միայն այն պատճառով, որ հումանիտար ուղղությունը միշտ էլ ավելի հեղհեղուկ է, քան ճշգրիտ գիտությունը, այլև այն պատճառով, որ լրագրող դառնալ ցանկացողները որոշակի հեռանկարներ են տեսնում Հայաստանում:

Քիմիկոսն ու աստղագետը աշխատանք դժվարությամբ կգտնեն, իսկ լրագրողը միգուցե կկարողանա շուկային հարմարվել: Համենայնդեպս, շատ ուսանողներ ունեն նման հույսեր:

Վերջին տարիներին լրագրության մասնագիտության համար բուհերը վարձավճարների նկատելի ավելացում չեն արել:

Բարձրացնելու դեպքում շատ բուհեր պարզապես կկորցնեին պոտենցիալ ուսանողներ: Ապագա լրագրողների ուսման վարձը՝ համեմատած իրավագիտական, լեզուների, ֆինանսական կամ բժշկական ֆակուլտետների հետ, կրկնակի քիչ է:

Ընդ որում՝ պետական և մասնավոր բուհերի ուսման վարձերը լրագրության համար այդքան էլ չեն տարբերվում, գուցե և այդ պատճառով է, որ ամենաշատ դիմում-հայտերն այս մասնագիտության համար պետական բուհերում են, մասնավորապես Երևանի պետական համալսարանում:

 

Լրագրության համար առաջարկվող վարձավճարները տատանվում են 180 հազարից 430 հազար դրամի սահմաններում:

Գայանե Ասրյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?