«էթիկական նորմերը մեր ներսում են»

«էթիկական նորմերը մեր ներսում են»
Իոանա Ավադանի
« Մենք անվանում ենք այն լրագրողական չափանիշներ, քանի որ սա մեր մասնագիտության մասն է, բայց իրականում սա ընդամենը որպես պատասախանատու մարդ գործել է »

Իոանա Ավադանին Բուխարեստի Անկախ լրագրության կենտրոնի գործադիր տնօրենն է: Նա ղեկավարել է տարբեր ծրագրեր՝ կապված լրագրողի մասնագիտական որակավորման եւ մեդիա ընկերություններին աջակցության, մեդիա օրենսդրության ոլորտում քարոզչության եւ լրագրողների միությունների համախմբման:

Ո՞րն է լրագրողական էթիկայի նպատակը, կարեւորությունն ու նշանակությունը:

Շատ դժվար է ասել, թե որն է լրագրողական էթիկայի նպատակը: Ես կասեի՝ լրագրողական էթիկան մասն է կազմում նրա, թե ինչպես ենք մենք մեր գործն անում, ով ենք մենք որպես անձ եւ որպես մասնագետ: Այս է պատճառը, որ ես խուսափում եմ ասել, թե կարելի է ուսուցանել լրագրողական էթիկա, քանի որ այն շատ դժվար է սովորեցնել: Ես կուզենայի խոսել իմ կոլեգա լրագրողների հետ, ինչը եւ անում եմ, քննարկել, թե ինչպես գնահատել որոշակի դեպքերը, որոշակի իրավիճակները: Էթիկայի վարքականոն գրելը կամ սովորելը շատ հեշտ է՝ ընդամենը 10-15 կետ է, որը յուրաքանչյուրը կարող է անգիր անել: Ինչպե՞ս գործել ամենօրյա աշխատանքում այս կանոնների հիման վրա. սա է բարդ խնդիրը, սրա համար պետք է մարզել, անպայման չէ ուսուցանել, այլ մարզել:

Ո՞ր դեպքերում կարող է լրագրողը խախտել լրագրողական էթիկան:

Մենք կարող ենք խախտել լրագրողական էթիկան, լրագրողական նորմերը կամ լրագրողական չափանիշները, եթե անփույթ ենք, անգրագետ (անտեղյակ) կամ անտարբեր՝ չենք մտածում, որ մեր գործողությունների արդյունքում կարող ենք վնասել որեւէ մեկին: Կամ էլ կարող ենք ինքնակամ խախտել որոշ կանոններ, եթե ավելի կարեւոր բան կա, ինչպես օրինակ՝ հանրային շահը: Բոլորը գիտեն, որ մարդու անձնական կյանքը պաշտպանված է: Լրագրողը կարող է խախտել մարդու անձնական կյանքի պաշտպանվածությունը, եթե այդ մարդը պաշտոնյա է, եւ եթե լրագրողը կարող է շատ հզոր մի բան ցույց տալ, ասենք,  պաշտոնյայի կողմից օրենք խախտելը, անօրինական գործունեությամբ զբաղվելը կամ նման բաներ:

Էթիկան տարբերվու՞մ է ինտերնետում, սոցիալական մեդիայում եւ լրագրության մեջ:

Եւ այո, եւ ոչ: Իհարկե նրանք տարբեր կերպ են գործում, որովհետեւ մարդիկ սոցիալական մեդիայում չգիտեն լրագրողական կանոնները եւ պարտավոր չեն հարգել դրանք: Ես խնդիր ունեմ այն լրագրողների հետ, ովքեր տարբեր կերպ են գործում սոցիալական եւ ավանդական մեդիայում: Էթիկական նորմերը մեր ներսում են: Եթե մենք որոշել ենք, որ ազնիվ ենք, արդար եւ հավասարակշռված մեր մասնագիտական կյանքում, չեմ կարծում, որ մենք մեզ թույլ կտանք անազնիվ, անարդար եւ անհավասարկշիռ լինել մեր անձնական կյանքում: Այնպես որ ինձ համար վատ նշան է տեսնել, որ լրագրողի վարքը տարբեր է սոցիալական եւ ավանդական մեդիայում, որովհետեւ ես նրան կասկածում եմ կեղծավորության մեջ:

Լրագրողական էթիկան տարածվու՞մ է քաղաքացիական լրագրողների վրա:

Կարծում եմ՝ մենք հասնում ենք մի կետի, որտեղ վիրտուալում յուրաքանչյուրը կարող է լինել բովանդակություն գեներացնող: Ես չեմ ասում, որ յուրաքանչյուրը դառնում է լրագրող, որովհետեւ ես գիտեմ, որ սա մասնագիտություն է, որը պահանջում է ավելին, քան գեներացված բովանդակություն: Բայց նույնիսկ այն փաստը, որ նոր տեխնոլոգիաները եւ ինտերնետը գրեթե ամենուր են, ես կարծում եմ, որ դպրոցականի օրվա մի շատ կարեւոր մասը պետք է լինի այն, ինչ մենք հիմա անվանում ենք լրագրողական էթիկա՝ սովորեցնել երեխաներին լինել արդար, ազնիվ, հարգել ճշմարտությունն ու ուրիշների իրավունքները: Իրականում սա այն է, ինչ մենք ամեն դեպքում պետք է սովորեցնենք երեխաներին: Մենք անվանում ենք այն լրագրողական չափանիշներ, քանի որ սա մեր մասնագիտության մասն է, բայց իրականում սա ընդամենը որպես պատասախանատու մարդ գործել է: 

Որո՞նք են Ձեր նկատած ամենատարածված էթիկական խախտումները հայաստանյան մեդիայում:

Ելնելով լրագրողների հետ քննարկումներից՝ կարծում եմ՝ անձնական կյանքը կամ անձնական կյանքի վերաբերյալ հարցերը խնդիր են այստեղ՝ հարգելը կամ ներխուժելն  ուրիշի անձնական կյանք ինչ-ինչ պատճառներով: Ես նաեւ կարծում եմ, որ երկրի պատմության հետ կապված լարվածություն կա. եթե մենք թույլ ենք տալիս, որ կրքերը, որոնք նորմալ են ցանկացած մարդու համար, միջամտեն մեր լրագրողական աշխատանքին, մենք ձախողվում ենք որպես լրագրող: Դրա համար, եթե անգամ անիրատեսական է հնչում, լրագրողները, հավանաբար, մի քիչ սառեցնում են այդ կրքերը, պարզապես թույլ են տալիս, որպեսզի նրանք գոյություն ունենան, բայց չեն գործում դրանցից ելնելով: Աշխարհն ուղղելը լրագրողի գործը չէ, լրագրողի գործը աշխարհը բացահայտելն է, ինչպիսին այն կա: Աշխարհն ուղղելու համար կան քաղաքական, հասարակական գործիչներ, մարդիկ կարող են փոխել աշխարհը, ոչ թե լրագրողները:

Հարցազրույցը՝ Աննա Բարսեղյանի

Comments

Մեկնաբանել

Type the characters you see in this picture. (verify using audio)
Type the characters you see in the picture above; if you can't read them, submit the form and a new image will be generated. Not case sensitive.
                                

 Media.am by Media Initiatives Center is licensed under a Creative Commons Attribution 3.0 Unported License
Reproduction in whole or in part without reference is prohibited.

Creative Commons License