Լրագրողները՝ մեդիա դաշտի թրենդերի, խնդիրների ու սպասելիքների մասին

12.01.2017, Նյուսրում

Լրագրող

2016-ը լրագրողների համար «թեժ» տարի էր, տեղեկատվական առիթները շատ էին, նոր իրավիճակները՝ ևս:

Media.am-ը զրուցել է մի քանի գործընկերների հետ՝ իմանալու, թե ինչով նշանավորվեց անցած տարին: Մեր զրուցակիցները խոսել են նաև մասնագիտական թրենդերի մասին:

Սառա Խոջոյան. «Bloomberg»-ի հայաստանյան թղթակից

Սառայի կարծիքով` 2016թ.-ին լրատվական դաշտի համար կարևոր իրադարձություն էին հատկապես ապրիլյան դեպքերը, քանի որ հրադադարի հաստատումից ի վեր նման լայնամասշտաբ բախում չէր եղել.

«Լրատվամիջոցներն ու լրագրողները պատրաստ չէին նման պայմաններում աշխատելուն, քանի որ իրավիճակը նոր էր: Այդ օրերին խնդիր էր անկողմնակալ մնալը, զգոնությունը: Նրանք չգիտեին՝ ինչ գրել, ինչ չգրել, ինչը կարող է վնասել: Մեծ քարոզչական ճնշում կար բանակի չարաշահումներին անդրադառնալու տեսանկյունից»:

Նա առանձնացրեց նաև ՊՊԾ գնդի գրավման դեպքերը, քանի որ անաչառ լուսաբանման համար մեծ վտանգ կար. «Լրագրողները ցույցերի լուսաբանման փորձ ունեին, սակայն այս դեպքում զինված խմբի առկայությունը, ուժային կառույցների գործողությունները նոր մարտահրավեր էին, ավելին` լրագրողներին սպառնացող վտանգ կար»:

Փորձը ցույց տվեց, որ երբ հարցը հասավ խնդիր լուծելուն, լրագրողներին ևս չխնայեցին, բռնի ուժ գործադրեցին ու դիտարկեցին որպես կողմ:

Մեր զրուցակիցը կարևորեց տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները և լրագրողական համայնքի դերը ընթացող ընտրություններում՝ դիտորդական առաքելության տեսակետից:

Որակական փոփոխություն եղավ նաև նոր վարչապետի նշանակման շրջանում լրատվամիջոցներում տարբեր կարծիքների, գնահատականների ներկայացումը: Ըստ նրա՝ լսարանն ավելի անկախ և փաստարկված տեղեկատվություն ստանալու հնարավորություն ունեցավ:

2017թ.-ի համար Սառան առաջարկում է ավելի շատ օգտագործել տվյալների լրագրությունը: Բացի այդ` նյութերում ներկայացված կարծիքները բազմակողմ պետք է լինեն, երբեմն տարբեր կարծիքներ, առանձին հրապարակվելով, անհետանում են ընդհանուր լրահոսի մեջ:  

Տեսանյութերի օգտագործումը, նրա խոսքով, ևս պետք է արդարացված լինի: Որակյալ կամ ամենակարևոր հատվածը հնարավոր կլինի տարածել սոցիալական ցանցերում, և դիտողը միանգամից կստանա լրատվամիջոցի՝ առանձնացրած տեղեկատվությունը:

Նիկոլայ Թորոսյան. PanArmenian.net-ի գլխավոր խմբագիր

Նիկոլայ Թորոսյանը կարծում է, որ 2016-ին Հայաստանը միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվելու ավելի շատ առիթներ ունեցավ: Այդ «առիթների» թվում ամենակարևորը ապրիլյան պատերազմը, «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավումը, զուգորդող իրադարձություններն ու Հռոմի պապի այցն էր Հայաստան:

«Հայաստանի հանդեպ ուշադրության աճի շնորհիվ տեղական ԶԼՄ-ներն ու լրագրողները ստացան սեփական արտադրանքը արտասահմանյան լսարանին ու ԶԼՄ-ներին տրամադրելու կամ անգամ վաճառելու հնարավորություն»,- ասում է նա:

Եվ նշում, որ ինտերնետը շարունակում է հաղթել հեռուստատեսությանն օպերատիվությամբ: Հեռուստաընկերությունները սուբյեկտիվ ու օբյեկտիվ պատճառներով չեն հասցնում ինտերնետի հետևից: Օրինակ`ՊՊԾ գնդի գրավման առավոտյան, երբ ողջ համացանցը հեղեղված էր «Սասնա ծռերի» գործողությունների վերաբերյալ լուրերով, ու օնլայն լրատվամիջոցները ուղիղ հեռարձակում էին կազմակերպում հենց դեպքի վայրից, բազմաթիվ հեռուստաընկերությունների, եթե ոչ բոլորի, եթերում ֆիլմեր ու ժամանցային ծրագրեր էին:

«Ի դեպ, ճիշտ հակառակը տեսանք հարևան Թուրքիայում. ՊՊԾ գնդի գրավումից մեկ օր առաջ տեղի ունեցած հեղաշրջման փորձի ժամանակ բազմաթիվ հեռուստաընկերություններ միանգամից կարողացան ուղիղ եթեր ապահովել երկրի տարբեր «թեժ կետերից», օպերատիվորեն հեռարձակեցին քաղաքական գործիչների ու հեղաշրջման փորձի ակտիվ մասնակիցների մեկնաբանությունները»,-հիշում է նա:

Նիկոլայ Թորոսյանի կարշիքով` որոշակիորեն բարելավվել է խմբագրությունների տեխնիկական հագեցվածությունը և լրագրողների տեխնիկական պատրաստվածությունը:

Թրենդների մասին խոսելիս Panarmenian.net-ի խմբագիրը նշում է, որ լրագրողների մոտ նոր գործիքներին տիրապետելու ու դրանք օգտագործելու հմտություն ու ցանկություն է առաջանում. «Մենք ականատես եղանք դեպքի վայրից ավելի շատ ուղիղ եթերի հեռարձակումների՝ թեկուզև ամենապարզ Facebook կամ Periscope հարթակների միջոցով, որոշ լրատվամիջոցներ անգամ սկսել են նկարահանումների համար դրոններ օգտագործել»:

Լրագրողները փորձում են ամրապնդել ընթերցողի հետ կապն՝ առաջարկելով հարցումներ, թեստեր, ինֆոգրաֆիկաներ ու այլ ինտերակտիվ գործիքներ:

Սեդրակ Մկրտչյան-մեդիա փորձագետ, infografics.am նախագծի ղեկավար

Սեդրակի համար տարվա ամենագլխավոր իրադարձությունը ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողություններն էին, որոնց ժամանակ իրականացվեց բավականին կազմակերպված և նպատակային աշխատանք.

«Մենք հերթական անգամ ապացուցեցինք, որ կրիտիկական պահերին կարող ենք մեր ողջ էներգիան օգտագործել բավական արդյունավետ: Այդ օրերի շատ դրվագներ այսօր մեկնաբանվում են ծայրահեղ տարբեր տեսակետներից: Կարծում եմ, պատճառներից մեկն այն է, որ ադրբեջանական քարոզչությունը ուղղված էր առաջին հերթին իրենց ներքին լսարանին: Ադրբեջանը ուզում էր համոզել, որ լուծել է իր առջև դրված խնդիրը և հանդիսանում է հաղթող՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»։

Նրա կարծիքով՝ հետաքրքիր իրադարձություն էր հետաքննական լրագրության դաշտում մասնագիտացած ampop.am նախագծի մեկնարկը. «Իմ հիշողության մեջ առաջին նման հայկական նախագիծն է: Հույս ունեմ կունենա հաջողություն»։

Ըստ Սեդրակի՝ ամենակարևոր թրենդը, որն այսօր կլանել է ողջ աշխարհի լրագրության ոլորտը, մեծ տվյալների հետ աշխատանքն է, BigData կոչվող երևույթը՝ տվյալների հավաքագրումը, վերլուծությունն ու վիզուալիզացիան.

«Այս առումով մենք անելիքներ ունենք։ Նախ հարկավոր է լրագրողական ոլորտ ներգարավել տվյալների հետ աշխատանքի հմտություններ ունեցող մասնագետների։ Դա համեմատաբար պարզ խնդիրներից է, որը որոշակի գումարների առկայության դեպքում հնարավոր է իրականացնել։ Մեկ այլ խնդիր է՝ նախագծել այնպիսի բիզնես մոդելներ, որոնք կդարձնեն այդ աշխատանքն արդյունավետ ու եկամտաբեր»։

Հակառակ դեպքում եկամուտների պակասի արդյունքում աշխատանքը իմաստ չի ունենա ու BigData մասնագետները կրկին կանցնեն ՏՏ ոլորտ, որտեղ այսօր ավելի մեծ եկամուտներ են, քան լրագրության մեջ։

Առանց եկամուտների ամենալավ նախաձեռնությունը ձախողված է, իսկ լավագույն թրենդերը մնում են միայն տեսական գիտելիք։

Գայանե Ասրյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?