«Դելիկատես» ջոնջոլն ու ձերբակալությունների շարքը Հարավային Օսիայի վարչական սահմանին

06.06.2014, Խաչմերուկ

Ջոնջոլահավաքի սեզոնը Վրաստանում «պաշտոնապես» բացված է: Այս ժամանակատահվածում գարնային սեզոնի այդ մթերքի պահանջարկն ավելանում է, թեև քչերն են մտածում ջոնջոլ հավաքողների մասին: Վերջիններս անտառներում ամեն օր կիլոմետրեր են անցնում բույսը հավաքելու համար, իսկ երեկոյան տուն են վերադառնում քերծված ձեռքերով ու հոգնած՝ մի քանի լարի վաստակելու հույսով:

Ընդ որում, Հարավային Օսիայի հետ այսպես կոչված վարչական սահմանի մոտ տեղակայված գյուղերի բնակիչներն այդ մի քանի լարին վաստակելու համար վտանգում են իրենց կյանքը՝ ջոնջոլ հավաքելու համար հասնելով Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքներ: Պատճառն այն է, որ գարնան սեզոնին այս մարդկանց թե՛ սննդի, թե՛ եկամտի մեծ մասը հենց ջոնջոլն է ապահովում:

Եվրամիության դիտորդական առաքելության տվյալներով՝ սկսած մայիսի 2-ից, երբ տեղի ունեցավ ջոնջոլ հավաքողների առաջին խմբի ձերբակալությունը, մինչև օրս դիտորդական առաքելությունը գրանցել է ձերբակալությունների 5 դեպք՝ ընդհանուր թվով 26 ձերբակալված մարդ: Հարավային Օսիայի դե ֆակտո հանրապետության սահմանապահները վերջին անգամ ձերբակալել են Թամարեշենի գյուղի 54-ամյա մի բնակչի:

Վիճակագրության համաձայն Շիդա Քարթլի շրջանում ձերբակալությունների թիվը կտրուկ ավելանում է հենց գարնանը: Պատճառը ջոնջոլն է, որը ծաղկում է մայիսին, իսկ մարինացնելու համար այն անհրաժեշտ է հավաքել դեռևս չբացված ծաղիկներով:

Այս մասին տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանի Շիդա Քարթլի շրջանի թղթակից Գոգա Ապցիաուրին, ով տարիներ շարունակ լուսաբանում է վրաց-օսական հակամարտության գոտուց:

«Արդեն սովորություն է դարձել, որ ամեն տարի ջոնջոլահավաքի շրջանում ձերբակալվածների թիվը պետք է ավելանա: Օսական կողմը ձերբակալվածներին մեղադրում է այսպես կոչված սահմանն անօրինական անցնելու համար, մինչդեռ Խաշուրի և Սաչխերի շրջանների բնակչությունը չգիտի, թե որտեղ է իրականում տեղակայված այդ սահմանը»,-ասում է Ապցիաուրին:

Հատկանշական է, որ Վրաստանի քաղաքացիները շատ հաճախ ձերբակալվում են «սահմանից» 20 կմ հեռավորության վրա, որը բավական հեռու է նրանց բնակավայրից:
Օսական կողմը պնդում է, որ պատճառը սահմանի «անօրինական հատումն» է, մինչդեռ տեղի բնակիչներն ասում են, որ իրենք գրավյալ տարածքներ չեն գնում, և որ բռնազավթիչ ռեժիմի ներկայացուցիչներն իրենց ձերբակալում են Վրաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում:

Ձերբակալված գյուղացիներն ազատ են արձակվում 2000 ռուբլի՝ մոտ 120 լարի տուգանք վճարելուց հետո: Տեղացիների խոսքով այս գումարն իրենք են վճարում՝ ընտանիքի անդամների և բարեկամների օգնությամբ: 120 լարի տուգանքը մեծ հոգս է սոցիալապես անապահով  քաղաքացիների համար::

Եթե այս մարդիկ իրոք հատում են վարչական սահմանը, ապա ինչու՞ վրացական կողմի սահմանապահ ուժերը նույնպես ակտիվ չեն գործում: Նրանք պատասխանատվություն են կրում թե՛ Օսիայի, թե՛ Վրաստանի քաղաքացիների կողմից պայմանական սահմանի հատման դեպքերի համար:

Ներքին գործերի նախարարության պաշտոնական դիրքորոշմամբ՝ քանի որ Վրաստանը չի ճանաչում սահմանը, ոստիկանությունը վերահսկում է միայն գյուղերի մուտքերի տարածքները: Բայց անհնարին է վերահսկել գրավյալ տարածքներ տանող բոլոր ճանապարհները, քանի որ գոյություն ունեն բազմաթիվ արահետներ: Հետեւաբար, ազատ երկրի ազատ քաղաքացիների տեղաշարժը վերահսկել նրանք չեն կարող:

Վրաստանի Հանրային պաշտպանի գրասենյակը նույնպես կոչ է անում Ներքին գործերի նախարարությանը ավելի մեծ ուշադրություն դարձնել քաղաքացիների անվտանգության հարցերին:

Հաշվի առնելով առկա խնդիրները՝ Հանրային պաշտպանն իր 2014 թվականի «Փախստականների եւ կոնֆլիկտներից տուժածների իրավական կարգավիճակի մասին» զեկույցում դրական քայլ է համարել 2013 թվականին «Այսպես կոչված վարչական սահմանի հարակից գյուղերի բնակչության կարիքներին արձագանքող Ժամանակավոր կառավարական հանձնաժողովի» ստեղծումը:

Վրաստանի քաղաքացիների ձերբակալություններին հետևեց միջազգային հանրության արձագանքը:

Վրաց-օսական վարչական սահմանին Եվրամիության դիտորդական առաքելության անցկացրած մոնիթորինգներից բացի,  մայիսի 18-ից հնգօրյա այցով Վրաստանում գտնվող Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Նավի Պիլեյն այցելեց բռնազավթված տարածքներ և մոտակա գյուղեր:  Այցից հետո նա նշել է, որ «Հարավային Օսիան դարձել է աշխարհի ամենաանհասանելի վայրերից մեկը, որտեղ անգամ միջազգային գործակալությունների մուտքն է արգելված՝ բացառությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի»:  Որպես հետևություն Պիլայը նշել է. «Եվս մեկ անգամ համոզվեցի, որ Հարավային Օսիայում և Աբխազիայում մարդու իրավունքներն ավելի շատ ուշադրության կարիք ունեն»:  Պիյալը նաև իր մտահոգությունն է հայտնել վերջին ամիսներին ավելացող մեկուսացման վերաբերյալ. «Ականատես եղա առկա իրավիճակի կործանարար ազդեցությանը փշալարի երկու կողմերում»:  

Վարչական սահմանագիծն անցնողների ձերբակալությունները Պիլայն անօրինական է համարում.  «Ձերբակալությունը կարող է տևել մի քանի օր, մինչդեռ մարդիկ պարզապես ցանկանում են մշակել փշալարի մյուս կողմում հայտնված իրենց հողակտորը, հավաքել իրենց բաժին բերքը՝ այդ թվում տեղական դելեկատես համարվող ջոնջոլը, որը շատերի համար եկամտի միակ աղբյուրն է»:  

Չնայած բանակցությունների բազմաթիվ փուլերին, միջազգային հանրության արձագանքին և Կարասին-Աբաշիձե երկկողմանի հանդիպումներին՝ վարչական սահմանագծի հարակից գյուղացիները ծանր սոցիալական պայմաններում են և զրկված են տարրական անվտանգությունից: Փաստ է, որ «դելիկատես» ջոնջոլը շարունակում է մնալ  այլընտրանք չունեցող եկամտի աղբյուր:

Վրացական մեդիան այս մարդկանց խնդիրներին անդրադառնում է միայն այն դեպքում, երբ սահմանին ձերբակալության կամ առևանգման նոր դեպք է գրանցվում, կամ երբ  բարձրաստիճան պաշտոնյաներ են այցելում գյուղեր: Մեդիա զարգացման հիմնադրամի նախագահ Թամար Խորբալաձեն նշում է, որ վրացական մեդիան «մեկնաբանությունների» մեդիա է և միայն պաշտոնատար անձանց հայտարարությունների հետքերով է գնում:

Հեղինակ՝ Թամար Սվանիձե
Բնօրինակը հրապարակվել է media.ge կայքում

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?