2018.10.03,

Քննադատ

Փարիզից չվերադառնալ առանց Ազնավուրի հետ հարցազրույցի

author_posts/vahram-martirosyan
Վահրամ Մարտիրոսյան
facebook

Գրող, կինոդրամատուրգ

Իմ լրագրողական գործունեության ընթացքում ունեցել եմ մի սկզբունք՝ եթե համոզված եմ, որ որևէ մեկի հետ պետք է հարցազրույց անել, երբեք, երբեք գլխիս մեջ չեմ մերժում միտքը, որքան էլ ակնհայտ լինի տվյալ անձի անհասանելիությունը։

Դա ինձ օգնեց 1990-ին հարցազրույց վերցնել Հունգարիայի նորընտիր նախագահ Արպադ Գյոնցից «Հայք» շաբաթաթերթի համար։ Բոլորն ասում էին՝ նա այլևս սովորական գրող-դրամատուրգ, Շեքսպիրի թարգմանիչ չէ։ Բայց երջանկահիշատակ Արպադ Գյոնցը, որի հետ ընդամենը մի երկար զրույց էինք ունեցել Միհայի ամրոցում ընթացող թարգմանչական ճամբարում, կես ժամանանոց «պատուհան» ստեղծեց ինձ համար, Հոլանդիայի վարչապետի ու ՆԱՏO-ի գլխավոր քարտուղարի հանդիպումների միջև։

1997-ին Փարիզ գնացի «Ար» հեռուստաընկերության կողմից ֆրանսիական TV-ների հետ բանակցություններ վարելու՝ դեսպան Միշել Լեգրայի մեծ աջակցությամբ։

Իհարկե մտածեցի, որ հաղորդումներ էլ նկարեմ-բերեմ, բայց նորաստեղծ «Ար»-ի միջոցները շատ սուղ էին՝ օպերատորի ծախսը չճարվեց, իսկ հեռուստաընկերության փոխնախագահն էլ (ես) ապրելու էր սփյուռքահայ բանաստեղծ Մովսես Պճաքչյանի տանը։ Ստիպված օպերատորություն սովորեցի… ինչքան հասցրի… մի շաբաթ, որովհետև գլուխս մտել էր՝ պետք է Ազնավուրի հետ հարցազրույց անեմ։

Փարիզում հաջողվեց շատ կարևոր նկարահանումներ անել, մասնավորապես մի ժամանոց հարցազրույց վերցրի մեծ նկարիչ Ժանսեմից, իր արվեստանոցում։

Բոլորին, ում հանդիպում էի, խնդրում էի Ազնավուրի հետ հանդիպում կազմակերպել, շատերը խոստացան հետաքրքրվել, կապվել երգչի իմպրեսարիո Լևոն Սայանի հետ, բայց ոչինչ չարեցին։

Ես շատ նեղվեցի, բայց արդարանում էին, թե՝ ամա՜ն, ինչ կըսես, ֆրանսիական տելեվիզիոններ ամիսներ կ’որսան անոր, չեն հաջողիր, իսկ Սայանը Կերբերոսի պես կպահպանե Ազնավուրին։

Ես խնդրեցի, որ ֆաքս ուղարկեն, իմ կազմած տեքստով… Երկու օրից մի 10 հոգի հետս ուզում էին գալ հարցազրույցի, ցանկացած կարգավիճակով՝ իմ առաջարկն ընդունվել էր։ Ի վերջո, մի հոգու՝ Րաֆֆի Հերմոն Արաքսին վերցրի հետս, գնացի։

Ազնավուրը մեծ համերգաշար ուներ «Պալե դը կոնգրե»-ի 4000 տեղանոց դահլիճում։ Ինձ ընդունեց իր դիմահարդարման սենյակում։ Ավելի ճիշտ, ինքն աշխատում էր, երբ հասա, ինչ-որ բան էր գրում-ջնջում, պատռում-գցում զամբյուղը՝ ես նախասենյակում էի, նկարեցի, հետո ինքը դուրս եկավ։ 

Իսկ ես խնդիր ունեի։ Մեր տեխնիկները ինձ հետ եռոտանի, շտատիվ էին դրել, բայց մոռացել էին գլխիկը, որի վրա ամրացվում էր տեսախցիկը։ Ես երկար փորձեր էի արել տեսախցիկը եռոտանուն հարմարեցնելու, բայց ապարդյուն՝ սահում-ընկնում էր։

Հետո պտուտակահան ճարեցի՝ փարիզյան տներում նման բան չկա, քանդեցի-հավաքեցի տեսախցիկն ու եռոտանին, բան դուրս չեկավ։ Եռոտանու հիմքից մի մեծ պտուտակ էր դուրս գալիս, իսկ տեսախցիկի տակ անցք կար, որի պարույրները… նույն չափի էին։

Ազնավուրի նախասենյակ մտնելուն պես տեսախցիկն իջեցրի ուսիցս ու սկսեցի պտտել-«ձգել» եռոտանուն։ Ազնավուրը նայեց-նայեց ու փախցրեց հայացքը՝ երևի որ հեռուստատեսային տեխնիկայի մասին իր պատկերացումները փշուր-փշուր չլինեն։

Ես նստեցի մաեստրոյի կողքը, իսկ Րաֆֆին մեզ նկարեց՝ երբեմն տեսախցիկի հետևից խառնվելով զրույցին։ Ճիշտ է, հենց տեսախցիկը դառնում էր մեկիցս մյուսին, պտուտակի պարույրի թեքությամբ կադրը մի քիչ բարձրանում ու իջնում էր, բայց դա եղավ հարցազրույց, որտեղ Ազնավուրն ամենաշատն էր խոսել հայերեն ՝ համենայնդեպս, իր ասելով։ 

Չնայած հարցազրույցն իմ «Հետագիծ» հաղորդաշարի ձևաչափով էր, նկարահանվել էր նախաամանորյա միջավայրում և տվյալ շաբաթվան վերաբերող հարցեր կային, որ կորցրել էին իրենց հրատապությունը, «Ար»-ի նախագահ Մերուժան Տեր-Գուլանյանը հաղորդումը եթեր հեռարձակվեց 7-8 անգամ, իսկ հեռուստաընկերության հիմնադիր կազմի անդամներից մեկը՝ արվեստագետ Գրիգոր Խաչատրյանը, առանցքային դարձրեց գրիմանոցի կադրերը Շառլ և Սեդա Ազնավուրների մի գեղեցիկ հայերեն երգի տեսահոլովակում։

Հաղորդման հղումը:

Վահրամ Մարտիրոսյան

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *