Գովք ընթերցողի՝ ի հեճուկս օգտատերի

10.06.2011, Քննադատ

Հիմնական հետաքրքրությունները` բլոգեր, սոցիալական ցանցեր, նոր մեդիա, տեղեկատվական անվտանգություն:

Հին-հին ժամանակներում, երբ մարդիկ դեռ ոտքը ոտքին գցած սուրճ էին խմում եւ թերթ կարդում, գոնե թերթի խմբագիրը եւ նրա չուզողները գիտեին, թե հատկապես ով է կարդում այս կամ այն թերթը եւ թե ով երբեք չի կարդա այն՝ իր սկզբունքներից ելնելով:

Հետո եկավ ռադիոն: Այն լսում էին բոլորը: Նույնիսկ պարտադրված էին լսում. սովետներում հատուկ հետեւում էին, որ հանկարծ մի քաղաքացու ականջից չվրիպի Լեւիտանի դարակազմիկ ձայնը:

Հեռուստացույցը բերեց գցեց մեզ ռեյտինգների գիրկը (իհարկե, սովետներում ռեյտինգներն էլ էին տաբեր, բայց մեկ է՝ հայկական երկրորդ ալիքով ավելի լավ կինոներ էին ցույց տալիս):

Հետո եկավ ցանցը: Ու պարզվեց, որ ընթերցողի կերպարը շատ խուճուճ բան է: Երբ խոսքը ցանցում բան-ման վաճառելու կամ զվարճանքային կայքերի մասին է, ապա նման դեպքերում գլոբալ մակարդակով գործում է հին հայկական ասացվածքը. «Շատ լինի, քիչ չլինի»: Բայց երբ գործը հասնում է ինտերնետային մամուլին, այ այստեղ հարցեր են առաջանում, հատկապես Հայաստանի դեպքում, որտեղ ցանցային ԶԼՄ-ները թափով զարգանում են

ԶԼՄ-ն իր ոճով, ուղղվածությամբ է նվաճում ընթերցողին: Թվում է, թե պարզ միտք է, որը կարելի էր բաց թողնել: Հակառակն

[[wysiwyg_imageupload:67:]] էլ ասեմ` ընթերցողները ինչ-որ չափով ազդում են լրատվամիջոցների վրա: Սա էլ է պարզ, բայց մի քիչ ավելի շատ բացատրություններ պահանջող: Սակայն ինտերնետում ավելի տարօրինակ բաներ են կատարվում: Օրինակ՝ թերթերում առաջին էջի գրավիչ վերնագրերը եւ լուսանկարները նոր ընթերցող հայթայթելու նպատակ ունեն: Առաջ ավելի հետաքրքիր բան կար` թերթ վաճառող երիտասարդները, այդ վերնագրերը ծաղկեցնելով, գոռում էին փողոցներում, ինչը նորանոր ընթերցողների հոսք էր ապահովում դեպի թերթը:

Ցանցում շատ են տարօրինակ, անսպասելի ընթերցողները: Մի կողմ թողնենք նրան, ով հանկարծակի ընկավ կայք, կամ բան էր փնտրում, մտավ, գտավ/չգտավ ու գնաց: Սրանք քիչ թե շատ հասկանալի կերպարներ են, թերթերն էլ են ունենում անսպասելի, թիթեռնիկի պես անցողիկ ընթերցող:

Ռեյտինգացավը ստեղծում է նոր մարդկային զանգվածներ, որոնց SEO եւ սոցիալական մարքետինգի հովիվները սուրուներով քշում են կայքից կայք, որպեսզի գլխաքանակ ապահովեն: Թող ընթերցողը ներողամիտ լինի այսպիսի կոպիտ համեմատությունների համար, բայց դա այսօրվա իրականությունն է:

Ցանցային մամուլը շատ տարբեր է: Կան շատ արժանի հարթակներ եւ հակառակը` կիսամեռ, աննպատակ կայքեր, որոնք կարդում են միայն լրտեսներն ու այլմոլորակայինները: Սակայն հիմնական զանգվածը այսօր ընկել է մոդայիկ օգտատերաորսության հետեւիցՇատ խմբագրությունների հետաքրքրում է ոչ թե ընթերցողը, այլ միայն մկնիկն անմիտ կտտացնող օգտատերը: Պետք են ռեյտինգ բարձրացնող անիմաստ դեմքեր: Ու հեչ կարեւոր էլ չէ՝ կարդա՞ց մարդը գրածը, հետաքրքրվե՞ց, մի բան վերցրե՞ց դրանից: Կարեւորը կտտոցն է:

Թողնենք մեր մետաղյա ցնցուղները, հեռանանք վիրտուալ մարգագետիններից:

Հարգենք մեզ, լինենք ընթերցող, այլ ոչ թե եւս մեկ IP-հասցե, եւս մեկ բրաուզեր, որին կարելի է քուքի կերակրել, եւս մեկ կրկնակտտոցի վարպետ, եւս մեկ թվանշան: Եվ հարգենք այն խմբագրություններին, որոնք մեզ ընկալում են  հենց որպես ընթերցող, ում հետ զրուցում են, կիսվում, հաղորդակցվում...

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?