2019.03.28,

Քննադատ

Արտասահմանցի փորձագետները հայկական մեդիայում. մեկ խմբագրության օրինակ

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Արտաքին քաղաքական նորությունները լրատվամիջոցի համար կարևոր նշանակություն ունեն: Այդ բաժնի նյութերը ցույց են տալիս լրատվամիջոցի առաջնահերթություններ:

Արտաքին քաղաքականություն ամենաշատ լուսաբանող առցանց լրատվականներից մեկը  1in.am-ն է: Կայքում արտաքին քաղաքականության բաժնում կան ինչպես լրահոսային, այնպես էլ՝ հեղինակային նյութեր (օրական տասնյակից ավելի հրապարակումներ):

Մենք վերցրել ենք այս բաժնի երկու տարիների (2018 և 2019) նույն ժամանակահատվածի (փետրվարի 18- մարտի 18) նյութերը։  

Մենք դիտարկել ենք նյութերի քանակը, ովքեր են եղել կայքի փորձագետները, ինչ հիմնական ուղերձներ է շրջանառել կայքը։

Քանակ

2019-ին նշված ժամանակահատվածում արտաքին քաղաքականության բաժնում լրագրողական ստորագրություն ունեցող 30-ից ավելի նյութեր են հրապարակվել։ Հիմնականում հարցազրույցի ժանրում կամ մեկնաբանության տեսքով: Անցյալ տարի՝ մոտ 25 նյութ: Ընդ որում, լրագրողների փոփոխություն չի եղել, բաժինը վստահված է 5 լրագրողի: Չնայած դրան բաժնի նյութերի քանակն աճել է։

Նախկին և ներկա փորձագետներ

Իհարկե շատ լավ է բազմակողմանի փորձագիտական կարծիք ներկայացնելը և ժամանակ առ ժամանակ նոր մասնագետներ գտնելը: Բայց և ոչ այդքան հեշտ: 1in.am-ը արդեն քանի տարի է իր փորձագետներին փնտրում է նաև Հայաստանից դուրս, քանի որ արտաքին քաղաքականությունը ներսի և դրսի հայացքի կարիք ունի:

Դիտարկած երկու ժամանակահատվածներում էլ մեկնաբանողները տեղացի նույն մասնագետներն են։ Օրինակ հայ-ամերիկյան հարաբերությունների հետ կապված հիմնական փորձագետը միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն է, հայ-իրական հարաբերություններինը՝ ՄԱՀՀԻ (Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ) փորձագետ Արմեն Վարդանյանը, հայ-վրացականը՝ քաղաքագետ Գելա Վասաձեն, Ջոնի Մելիքյանը, հայ-թուրքականը՝ թուրքագետ Հայկ Գաբրիելյանը և այսպես շարունակ:

Կայքում ամենահաճախ ձայն ունեցող փորձագետը Aravot.am կայքի ռուսերեն բաժնի խմբագիր Ռուբեն Մեհրաբյանն է, ով նախկինում աշխատել է 1in.am-ում: Մեր դիտարկած ժամանակահատվածներում մոտ տասն անգամ ներկայացվել է նրա փորձագիտական կարծիքը՝ հիմնականում հայ-ռուսական հարաբերությունների կոնտեքստում:

Արտասահմանցի փորձագետների շրջանակը լայն չէ, բայց ընտրությունը հետաքրքիր է: 2018թ-ին նշված ժամանակահատվածում ամերիկացի վերլուծաբան, «Ամերիկայի արտաքին քաղաքականության խորհուրդ» վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Սթիվեն Բլանկն է կայքին մեկնաբանություն տվել և վրացի քաղաքագետ Գելա Վասաձեն:

2019թ-ին կայքում արտասահմանցի փորձագետների աշխարհագրությունը փոխվել է, ավելացել են ռուսաստանցիներ։ Այս տարի Վասաձեից բացի ներկայացված են քաղաքական մեկնաբան Վադիմ Դուբնովի, Մոսկվայի ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն, Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևի, Մոսկվայի քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինի, Արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկի, Ջորջ Մեյսոն համալսարանի հրավիրյալ պատվավոր պրոֆեսոր Ռիչարդ Կոզլարիչի, Ռուսաստանում բնակվող փորձագետ Արբակ Խաչատրյանի մեկնաբանությունները:

Թեմաներ

2018թ-ին ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն նշանակվեց Մայք Պոմպեոն, կայքը Սթիվեն Բլանկից հետաքրքրվել է, թե Պոմպեոյի պաշտոնավարման ընթացքում ինչ փոփոխություններ կլինեն Վաշինգտոնի իրանական քաղաքականության մեջ, և դա ինչպես կազդի հայ-իրանական հարաբերությունների վրա:

Վրացի փորձագետ Վասաձեից կայքը հետաքրքրվել է՝ արդյոք վրաց-թուրքական հարաբերությունները կարող են զարգանալ ի հաշիվ հայ-վրացական հարաբերությունների:

2019թ-ին նույն փորձագետը գնահատականներ է հնչեցրել վրաց-ադրբեջանական հարաբերությունների, ինչպես նաև հայերի և վրացիների գործընկերային հարաբերությունների մասին:

Քաղաքական մեկնաբան Վադիմ Դուբնովը կայքի հետ զրույցում գնահատել է Նիկոլ Փաշինյանի Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ունեցած ելույթը. «ո՛չ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների մերձեցումն է դավադրություն Ռուսաստանի դեմ, ո՛չ էլ հայ-ռուսական հարաբերություններում դավադրություն կա ԵՄ-ի նկատմամբ, ուղերձ է թե՛ ռուսական և թե՛ եվրոպական կողմերին»։

Ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների մասին կայքի հետ զրույցում անդրադարձել է Ռուսաստանի տեսանկյունից՝ ասելով, որ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ փոխգործակցելը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է. «բայց ամեն դեպքում Հայաստանի համար առաջնահերթություն պիտի լինեն հարաբերությունները Ռուսաստանի հետ և ՀԱՊԿ-ի շրջանակներում ստանձնած պարտավորությունները»։

Հայաստանի պաշտպանության ընդհանուր քաղաքականության մեջ տեղի ունեցող հայեցակարգային փոփոխությունների մասին է խոսել ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը՝ նշելով, որ Հայաստանին մնում է միայն ջախջախման ստրատեգիան, իսկ այն կարող է օգտագործել միայն հարձակողական գործողությունների դեպքում:

ԼՂ հարցի շուրջ ԱՄՆ դիրքորոշումը մեկնաբանել է պաշտպանության և անվտանգության հարցերի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը: Նա ասել է, որ ԱՄՆ-ին հետաքրքրում են միայն իր շահերը և նա չի առաջնորդվում Երևանի կամ Բաքվի ցանկություններով:

«ԱՄՆ-ը սպասում են ՌԴ-ի հետագա թուլացմանը, ինչի պատճառով Մոսկվան ավելի քիչ ուշադրություն կդարձնի Ղարաբաղին, և իրենք կկարողանան ամրապնդել իրենց դիրքերն այստեղ՝ առանց մեծ ջանք գործադրելու»:

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի աշնանը Հայաստան կատարած այցը 1in.am-ը ամիսներ անց էլ պահում է իր ուշադրության կենտրոնում և մեկնաբանություն ստանում պրոֆեսոր Ռիչարդ Կոզլարիչից: Նա ասում է, որ Բոլթոնի մոտեցումը էապես չի տարբերվում Հարավային Կովկասի նկատմամբ նախորդ վարչակազմերի մոտեցումներից։  Եվ այցը Հարավային Կովկաս հիմնականում կապված է Իրանի խնդրի հետ։

Ամփոփում

2018 և 2019թթ-ի նույն ժամանակահատվածի բովանդակության դիտարկումից կարող ենք եզրակացնել, որ 1in.am-ը.

  • Սկսել է առավել շատ ուշադրություն դարձնել արտաքին քաղաքական բովանդակությանը։
  • Ընդլայնել է ոչ տեղացի փորձագետների շրջանակը։
  • Սկսել է ավելի շատ աշխատել ռուս մասնագետների հետ: Արդյունքում Ռուսաստանի տեսակետի ներկայացվածությունը կայքում աճել է:

Ի դեպ կայքում արտաքին քաղաքականության բաժնի նյութերը համեմատության մեջ շատ դիտումներ չունեն, միջին ցուցանիշը 1500-ն է։ Սա  այն դեպքում, երբ կայքում 10 հազար և ավել դիտումներով հրապարակումներ կան:

Գայանե Ասրյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *