ՀՔԾ. «Հետքի» լրագրողի նկատմամբ Ռուբեն Հայրապետյանի արարքում հանցակազմ չկա

01.03.2011, Նյուսրում

«Հետք» թերթի լրագրող Գրիշա Բալասանյանը Հատուկ քննչական ծառայությունից ստացել է Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում: 

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) որոշել է մերժել նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը` ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Հայրապետյանը Հատուկ քննչական ծառայությանը բացատրություն է տվել, որ «2011 թ. փետրվարի 2-ին իրեն զանգահարել է ինչ-որ լրագրող ու ցանկացել հարցեր տալ: Այդ օրը, լինելով անտրամադիր եւ ունենալով առողջական խնդիրներ, լրագրողին ուղղորդել է, որ իրեն հետաքրքրող հարցերով դիմի իր մամուլի քարտուղարին, ու անջատել է հեռախոսը:

Այնուհետեւ նույն լրագրողը նորից է զանգահարել, որից վրդովված` նրա հասցեին անպատիվ խոսքեր է ասել: Նա նշել է նաեւ, որ նպատակ չի ունեցել ու չի խոչընդոտել լրագրողի մասնագիտական գործունեությանը, միշտ էլ մամուլի ասուլիսների, հարցազրույցների ժամանակ անձամբ կամ մամուլի քարտուղարի միջոցով պատասխանել է նրանց հարցերին` տրամադրելով նրանց հետաքրքրող տեղեկատվությունները, որոնք ստացվել են ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի կամ ՀՀ Ազգային ժողովի համապատասխան ծառայություններից»:

«Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտմամբ, դրանց վերլուծությամբ եւ ընդհանրական գնահատմամբ հիմնավորվել է, որ Ռուբեն Հայրապետյանը լրագրող Գրիշա Բալասանյանի մասնագիտական գործունեությանը չի խոչընդոտել, վերջինիս հրապարակումները գրաքննության չի ենթարկել, «Հետք» թերթի խմբագրության մասնագիտական ինքնուրույնությունը չի խախտել եւ գործունեությանն ապօրինի չի միջամտել, զանգվածային լրատվության միջոցի գործունեությունն ապօրինի չի կասեցրել կամ դադարեցրել, չի խախտել լրագրողի` «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով սահմանված իրավունքները»,- նշված է որոշման մեջ:

Հատուկ քննչական ծառայությունը նշել է, նաեւ, որ Գրիշա Բալասանյանի հաղորդմամբ առաջ քաշված հարցերը կրում են քաղաքացիաիրավական բնույթ ու ենթակա են լուծման դատական կարգով:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?