Պարգև՝ վճարով և առանց վճարի

24.01.2019, Քննադատ

Լրագրող, արվեստի քննադատ

Ստացվեց այնպես, որ Հայաստանում նորը ձևավորելու հայտը ձևակերպվեց հինը մերժելու ակտիվ մղումով:

Հեղափոխության առանցքը մերժման մեխանիկան էր, որը դրդում էր անելու քայլեր ու կառուցելու ապագայի ծրագրեր՝ վանելով անպետքն ու հետադիմականը:

«Մերժիր»-ը մանթրա էր, որը էներգիա արձակեց ու տեղից շարժեց անշարժ թվացող համակարգը:

Եվ հիմա, երբ գործադիր ու օրենսդիր իշխանությունները փաստացի այլևս հին չեն, գալիս է պահը, երբ պետք է առնվազն հավատարիմ մնալ մերժման սկզբունքին, եթե մերժելի երևույթները դեռևս պահպանում են իրենց ուժը:

Այլապես անհասկանալի է, թե ինչպես կարելի է մտածել նոր հարաբերություններ ստեղծելու մասին, եթե փորձելու ենք հաշտ ապրել մերժելի բաների հետ՝ դրանք համարելով ավանդույթներ, որոնք կարիք ունեն եթե ոչ պաշտպանության, ապա գոնե արդարացման:

Արդեն մեկ շաբաթ Հայաստանը ալեկոծում է պարգևավճարների թեման: Պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում 2019-ի շեմին տարբեր չափի, բայց համատարած կերպով դուրս են գրվել գումարներ՝ որպես պարգև, հավելավճարներ կամ այլ բոնուսային վճարներ:

Երևանի քաղաքապետարանն, օրինակ, 474 մլն դրամ է հատկացրել պարգևավճարներին, իսկ մարզպետները իրենք իրենց են պարգևատրել:

Վերջերս պարգևավճարների թեման հասավ նաև ՊԵԿ, հետո պարզաբանվեց, բացատրվեց, նորից շրջանառվեց, կրքեր բորբոքեց և ակամայից ստիպեց փող հաշվել, բաժանել, գումարել ու, ի վերջո, հարցեր տալ:

Ամենակարևորը թափանցիկ աշխատելու հարցն էր:

Փողն, իհարկե, միշտ հետաքրքիր է հանրության համար, անկախ այն բանից, թե ինչպիսի գումարների մասին է խոսքը, քանի որ փողն այն տեսանելի չափման միջոցն է, որով կարելի է (առնվազն այս փուլում) գնահատել պետական աշխատողի ու պետական գումարի համապատասխանությունը, գաղափարների ու կատարման համարժեք լինելը:

Նաև, եթե կարելի է այսպես ասել՝ փոփոխության գինը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը գրեց, որ այս հավելավճարները կատարվում են, քանի որ պաշտոնյաները հաճախ աշխատում են շատ ծանր գրաֆիկով:

Ավելի հիմնովին մոտեցավ հարցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ասելով, որ մարզպետներն իրավունք ունեն իրենք իրենց պարգևավճարներ տալու. «Խոսելով պարգևավճարների ինստիտուտի մասին, այստեղ ամբողջ խնդիրը ցածր աշխատավարձերն են, և լավագույն աշխատողները տարվա ընթացքում պարգևատրման կարիք ունեն»:

Այսինքն, բնական համարվեց եղած համակարգի մեջ տեղավորվելու ու այն շարունակելու այժմեական ցանկությունը:

Հայտնվեց նաև «անձնական տվյալների պաշտպանության» վարկածը, որը պետք է պաշտպանի պետբյուջեից պարգևատրում ստացած անձանց գաղտնիությունը:

Ընդ որում՝ չհնչեց որևէ տարբերակ, թե պետական կառույցների խնայողությունները հնարավոր է ուղղել այլ նպատակաների:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ խոսեց այդ մասին, ֆեյսբուքի լայվում վստահեցնելով, որ հատուկ պարգևավճարները աշխատավարձի մաս են: Որ այդպես եղել է և այդպես կա («մինչև չլուծվի աշխատավարձերի հետ կապված թնջուկը»), որ 13-րդ աշխատավարձը «երկար տարիներ ունեցող ավանդույթ է».

«Զավեշտալի էր հետևել, թե ինչպես են Ազգային ժողովի պատգամավորները քննադատում կառավարության կամ մարզպետարանների ներկայացուցիչներին, որ նրանք պարգևավճար են նշանակել»:

Շատ բան արվեց բացատրելու, թե ինչու են տրվել պարգևավճարները և ինչու դրանք չէին կարող չտրվել: Զուգահեռաբար էլ՝ արդարացվեց եղած համակարգը, որը դեռևս փոփոխման ենթակա չէ: Իհարկե, դա արվեց ենթագիտակցաբար, բայց արվեց:

Պարգևավճարների հետ կապված հանրային տհաճ ընկալումը դժվար է անվանել «զավեշտալի», դա ավելի շուտ հասարակություն-իշխանություն շղթայի ամրությունը ստուգող առիթ էր:

Այդպես է, քանի որ այն փողը, որը ընկալվում է որպես նվեր (պարգև, բոնուս, հավելյալ վճար), և այն էլ պետության նվեր, նվեր ստացողից պահանջում է առնվազն խոհեմություն: Իսկ իրավական լեզվով ասած՝ թափանցիկ ու հաշվետու պահվածք:

Հայաստանի խորհրդարանի, կառավարության, քաղաքապետարանների մարզպետարանների և տարբեր այլ վարչական օղակների նոր կազմը, որը վերջին ամիսներին եկավ փոխարինելու հին ու մերժելի համակարգն ու հաստատելու թավշյա հեղափոխության հաղթանակը, այժմ ավելի լուրջ փորձության առջև է, քան կարելի էր ենթադրել:

Նոր մարդիկ, որոնք փոփոխության հայտ են ներկայացնում ու վայելում են հանրության մեծամասնության վստահությունը, միայն պաշտոնյաներ չեն, այլ որոշ իմաստով՝ նոր պահվածքի, դերի, սիմվոլների կրողներ:

Փոփոխությանը պատրաստ լինելու հանրային զգացումը թանկ հույզ է, որը չարժի կորցնել:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?