2013թ.-ին Հայաստանից Google որոնողական համակարգով էականորեն աճ գրանցած (rising searches) տասը բառերն ու բառակապակցություններն են «harazat tshnami», «kino 2013», «a10», «vk», «qaxaqum», «shamshyan», «gmail», «masha», «masha medved», «perevodchik»:
«Harazat tshnami» եւ «kino 2013» տերմինների համար Google Trends-ն արել է «breakout» նշումը, ինչը նշանակում է՝ 2013-ին դրանց որոնումը գրանցել է ավելի քան 5000%-ի աճ:
Այս բառերն ու բառակապակցություններ որոշակի պատկերացում են տալիս Հայաստանից Google-ի որոնումից օգտվողների ամենատարածված հետաքրքրությունների մասին:
Հայաստանցիներին հետաքրքրում են սերիալները: Տասնյակը գլխավորող «harazat tshnami»-ին «Արմենիա TV»-ով ցուցադրվող համանուն սերիալն է: «qaxaqum»-ն էլ «Շանթ» հեռուստաընկերության «Քաղաքում» հեռուստասերիալն է:
Որոնումների տասնյակում «kino 2013» տերմինից կարելի է ենթադրել, որ հայաստանցիները որոնել են 2013թ.-ին արտադրված ֆիլմեր: «vk»-ն էլ առնչվում է ֆիլմերին, երաժշտությանը: Այն ռուսական Вконтакте սոցիալական ցանցն է, որն հաճախ օգտագործում են առանց արտոնագրի ֆիլմեր, երաժշտություն, խաղեր դիտելու, ներբեռնելու համար:
Երկու գրեթե միանման որոնումները՝ «masha» եւ «masha medved», ցույց են տալիս, որ Հայաստանում 2013-ին ամենափնտրվող անիմացիոն ֆիլմը ռուսական «Маша и Медведь»-ն է եղել:
«A10»-ը համակարգչային օնլայն խաղերի կայք է: Մարդիկ սիրում են համակարգչային խաղեր ու Հայաստանում մեծամասնության համար ընտրությունը հենց այդ կայքն է եղել:
«Shamshyan» տերմինի դեպքում պարզ է, որ մարդիկ որոնել են կա՛մ Գագիկ Շամշյանին, կա՛մ նրա հեռուստատեսային արտադրանքը՝ ավտովթարները:
«Perevodchik» բառը, թերեւս, կարելի է ինտերնետի կրթական կամ պրակտիկ կիրառության նշան համարել: Հայաստանցիները օնլայն թարգմանության ծառայություններ են որոնել, ընդ որում՝ կա՛մ չիմանալով Google Translate-ի տեղը, կա՛մ էլ չվստահելով այդ ծառայությանը:
Ոորոնված բառերից «gmail»-ի դեպքում էլ կարող ենք ենթադրել, որ Google-ի այս ծառայության նկատմամբ Հայաստանում հետաքրքրությունն աճում է:
Որոնումների տասնյակում մեկ այլ հատկանշական երեւույթ էլ կա՝ բոլորը լատինատառ են: Հայերենով որոնելը դեռ ընդունված չէ:
Գեղամ Վարդանյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: