2014.09.16,

Նյուսրում

Վրացական հեռուստաընկերությունների սեփականատերերն ու գովազդային շուկայի շրջանառությունը

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան
twiterfacebook

Լրագրող

Հեռուստատեսությունը նորությունների եւ տեղեկատվության հիմնական եւ առաջնային աղբյուրն է Վրաստանի բնակչության մեծ մասի (յուրաքանչյուր տասից ինը բնակչի) համար:

4,5 միլիոն բնակչություն ունեցող երկրում վերգետնյա հեռարձակում իրականացնող ընդհանուր հաշվով 36 հեռուստաալիք  կա՝ հանրապետական, մայրաքաղաքային եւ մարզային սփռման: Հեռարձակման արտոնագիրը շնորհում է Վրաստանի հաղորդակցության ազգային հանձնաժողովը՝ մրցութային կարգով, 10 տարի ժամկետով:

2011 թվականին օրենքում կատարված փոփոխություններից հետո արգելվում է հեռարձակման արտոնագիր շնորհել այն ընկերություններին, որոնք գրանցված են օֆշորային գոտում: Բացի այդ՝ հեռուստաընկերությունները օրենքով սահմանված պարտավորություն ունեն հրապարակելու սեփականատերերի եւ եկամուտների մասին տեղեկատվություն, ինչպես նաեւ պարտավոր են վարքականոն եւ ինքնակարգավորման մեխանիզմներ ունենալ:

Այս փոփոխությունների հետեւանքով վերջին տարիներին շատ բան է բարելավվել քաղաքական ուժերի՝ մեդիան վերահսկելու, ինչպես նաեւ հեռուստաընկերությունների սեփականատերերի թափանցիկության առումով: Այս տեղեկատվությունը հանրային է եւ հասանելի է բոլորի համար:

Վրաստանյան մի քանի հեղինակավոր հեռուստաընկերություններ պատկանում են իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի կամ էլ ներկայում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հետ կապ ունեցող գործարարներին:

Ամենազդեցիկ հեռուստաընկերություններից մեկի` «Ռուսթավի 2»-ի սեփականատերերից է Լեւան Կարամանիշվիլին, ով նաեւ բաժնեմաս ունի «Բիլայն» ընկերությունում, նրան է պատկանում նաեւ ինտերնետ մատակարարող «Caucasus Online» ընկերությունը:

Հեռուստաշուկայի երկրորդ ամենաազդեցիկ՝ «Իմեդի» հեռուստաընկերության սեփականատերն է գործարար Բադրի Պատարկացիշվիլիի ընտանիքը, որը նաեւ Վրաստանում մի քանի խոշոր ընկերությունների բաժնետեր է, այդ թվում՝ «Մագթիքոմ» բջջային օպերատորի, «Բորջոմի հանքային ջրի եւ «Մթածմինդա» այգու:

Նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի որդուն՝Բերային է պատկանում «GDS» (Georgian Dream Studio) ժամանցային հեռուստաընկերությունը: Իվանիշվիլին իր բարեկամների անուններով գրանցված բազմաթիվ ընկերություններ ունի նաեւ օֆշորային գոտիներում:

«Իբերիա» հեռուստաընկերություն սեփականատեր Զազա Օքրուաշվիլին նաեւ «Օմեգա գրուփ» ընկերության հիմնադիրն է, որը զբաղվում է ծխախոտի արտադրությամբ եւ մատակարարմամբ: «Օմեգա գրուփ»-ը նաեւ «BMW»-ի պաշտոնական ներկայացուցիչն է Վրաստանում:

«Տաբուլա» հեռուստաընկերության սեփականատերերից մեկը գործարար Կախա Բենդուքիձեն է, իսկ «Առաջին ստերեո» հեռուստաընկերության բաժնեթղթերի մեծ մասի սեփականատերը՝ Վասիլ Կոբայիձեն:

Որոշ ընկերություններ մեկից ավել լրատվամիջոցների սեփականատեր են. «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանն է պատկանում «Comedy TV» ժամանացային ալիքը: «Իմեդի» եւ «Մաեստրո» հեռուստաընկերություններն ունեն նաեւ ռադիոկայաններ:

«Պալիտրա մեդիա» մեդիա հոլդինգն ունի հեռուսատեսային ալիք, ռադիոկայան եւ տասնյակ ամսագրեր, թերթեր ու կայքեր:

«Ռադիո Սաքարթվելո» ռադիո հոլդինգն ունի 4 ազգային ռադոկայաններ («Ար դաիդարդո», «Ֆորտունա», «Ֆորտունա+» եւ «Ավտոռադիո»): Այս ընտանիքին է պատկանում նաեւ «Music Box» երաժշտական ալիքը:

Հեռուստաընկերություններին է բաժին ընկնում մեդիայում տեղադրվող գովազդի առյուծի բաժինը:

Թրանսփերենսի ինթերնեյշնլ Վրաստանի զեկույցի համաձայն ` 2012 թվականին գովազդի վրա ծախսված ողջ գումարը կազմել է մոտ 54 միլիոն ԱՄՆ դոլար, որի 72%-ը բաժին է ընկել հեռուստատեսությանը:

Գովազդի վրա ծախսված ընդհանուր գումարի մոտ 11%-ն ուղղվել է արտաքին գովազդին, 10%-ը` ռադիոյում գովազդ տեղադրելուն: Տպագիր մեդիային բաժին է ընկել գովազդի վրա ծախսված ողջ գումարի 5%-ը: Ու թեեւ ինտերնետում տեղադրվող գովազդի ծավալը տարեցտարի մեծանում է, 2012-ին ինտերնետում գովազդի վրա ծախսվել է ընդամենը 1,2 միլիոն դոլար, ինչը կազմում է գովազդային ընդհանուր բյուջեի մոտ 2%-ը:

2014 թվականի հունիսի տվյալներով՝ հեռարձակող լրատվամիջոցների ընդհանուր եկամտի 75%-ը բաժին է ընկնում երկու հեռուստաընկերություններին՝ «Ռուսթավի 2»-ին եւ «Իմեդի»-ին:

«Ռուսթավի 2»-ի եկամուտը 2013 թվականի չորրորդ եռամսյակում կազմել է 15.2 միլիոն լարի (8.7 միլիոն ԱՄՆ դոլար) (բոլոր հեռարձակողների եկամտի 49%-ը), «Իմեդի» հեռուստաընկերությունն ու «Իմեդի» ռադիոկայանն ունեցել են 8.5 միլիոն լարի  (4.8 միլիոն ԱՄՆ դոլար) եկամուտ (ամբողջ եկամտի 26%-ը): Ընդհանուր թվով 56 հեռուստա եւ ռադիոընկերություններ ունեցել են 30.85 միլիոն լարի (17 միլիոն ԱՄՆ դոլար) եկամուտ:

Հանրապետական սփռում ունեցող երկու առաջատար հեռուստաընկերություններից՝ «Ռուսթավի 2»-ից եւ «Իմեդի»-ից հետո երրորդ ամենախոշոր հեռարձակողը «Մաեստրո» հեռուստաընկերությունն է 2,5 միլիոն լարի եկամտով (1.4 միլիոն ԱՄՆ դոլար), նրան հաջորդում է «Ռադիո Սաքարթվելո»-ն՝ 1 միլիոն լար եկամտով (574.000 ԱՄՆ դոլար):

Աննա Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *