2019.01.08,

Ստուգված է

Ինքնիշխանության գինը․ ինչքա՞ն ենք շահում ռուսական գազի «արտոնյալ» գնից և արդյոք շահում ենք

Տարեմուտի նախաշեմին, մի ամբողջ երկիր «շունչը պահած» սպասում էր՝ երեխաները Ձմեռ պապին, իսկ մեծերը (համենայն դեպս չափահաս բնակչության մի զգալի մասը)՝ գազի գնի շուրջ հայ-ռուսական բանակցությունների արդյունքներին։ Արդեն դեկտեմբերի 31-ին վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հատուկ տեսաուղերձով հանրությանը տեղեկացրեց, որ սահմանի վրա ռուսական բնական գազը թանկանալու է 15 դոլարով (դառնալով 165 դոլար), սակայն սպառողները իրենց վրա դրա ազդեցությունը չեն զգա ինչ-ինչ ներհայաստանյան մեխանիզմների շնորհիվ․ հասարակությունը «շունչ քաշեց», թեև առավել իրատեսները կամ միգուցե վատատեսները շարունակեցին պնդել, որ ներքին ռեսուրսների հաշվին գազի գին «պահելը» երկար չի կարող ձգվել․․.

Արդյոք, գազի գինը միշտ եղե՞լ է «արտոնյալ» Հայաստանի համար

Պատմականորեն Հայաստանի համար ռուսական բնական գազի գինը ձևավորվել է ոչ թե շուկայական մեխանիզմներով, ինչպես եվրոպական երկրների դեպքում, այլ միջպետական համաձայնագրերով, «Գազպրոմ Էքսպորտի» և «ՀայՌուսգազարդի» (հետագայում «Գազպրոմ Արմենիայի») միջև կնքված պայմանագրերով և այդ պայմանագրերին կից լրացուցիչ համաձայնագրերով։

Պատկերն ինտերակտիվ է և պարունակում է երկու գրաֆիկ։ Թերթելու համար սեղմեք 1/2 թվերի վրա։

Ըստ այդմ՝ դիտարկվող ժամանակահատվածում՝ 2004-2018թթ-ին Հայաստանի համար սահմանված բնական գազի գինը հիմնականում ցածր է եղել, քան շուկայական գինը Եվրոպայում, սակայն եղել են ամիսներ, երբ Հայաստանի համար սահմանված գինը զգալիորեն ավելի բարձր է եղել, քան նույն կալորիականությամբ 1000 նխմ ռուսական բնական գազի գինը Եվրոպայում, օրինակ, 2016թ-ի մարտի շուկայական գինը եղել է 126 ԱՄՆ դոլար 1000 նխմ համար կամ 2016թ-ի օգոստոսին շուկայական գինը եղել է 132 ԱՄՆ դոլար 1000 նխմ համար, այնինչ ԵԱՏՄ անդամ Հայաստանի համար նույն ժամանակահատվածում սահմանված է եղել համապատասխանաբար 165 ԱՄՆ դոլար 1000 նխմ համար և 150 ԱՄՆ դոլար 1000 նխմ գին, արդյունքում Հայաստանը 2016թ-ին շուրջ 3.6 մլն ԱՄՆ դոլար ավել է վճարել, քան կվճարեր շուկայական գնագոյացման դեպքում։ Այսինքն, Հայաստանի համար միշտ չէ որ սահմանված գինը ավելի ցածր է եղել, քան շուկայական գինը։

Ավելին, ինչպես պարզ է դառնում 5-րդ գումարման Ազգային Ժողովի գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունից եղել է նույնիսկ ժամանակահատված՝ 01.04.2013-31.03.2014թթ-ին, երբ ռուսական բնական գազի գինը սահմանին փաստացիորեն արժեցել է նույնիսկ 270 ԱՄՆ դոլար 1000 նխմ համար, ինչը հասարակության լայն շրջանակների համար միգուցե դեռևս անակնկալ լինի, քանի որ կառավարության առաջարկով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սակագին հաշվարկելիս ավելի ցածր գին է ընդունել։ Ի դեպ հենց այսպիսի սխեմայի արդյունքում է, որ 2012-2013թթ-ի ընթացքում ձևավորվել էր հայտնի 305.4 մլն ԱՄՆ դոլար պարտքը (ներառյալ տույժը)։  

Ինքնիշխանության գինը

Անդրադառնալով գազի գնի շուրջ ընթացող հայ-ռուսական բանակցություններին ֆեյսբուքյան օգտատեր Արման Բարսեղյանը այդ գործարքները ձևակերպել էր որպես «ինքնիշխանություն գազի դիմաց» գործարք՝ համարելով այն անընդունելի և կոչ անելով աստիճանաբար անցում կատարել շուկայական գնագոյացմանը։ Ինչ խոսք ձևակերպումը շատ դիպուկ է և բնույթն էլ ամենևին զարմանալի չի (ասում եմ առանց հեգնանքի)՝ ինչո՞ւ մի պետություն պետք է «սուբսիդավորի» մեկ այլ պետության տնտեսությունը․․․ առհասարակ, եթե այդ կոնցեպտը զարգացնելու լինենք պետք է ասել, որ գործարքը հետևյալ տեսքն ունի՝ ռուսական կողմն առաջարկում է անվտանգություն (այդ թվում էժան զենք), էժան գազ և աշխատանքային միգրացիայի (տրանսֆերտների) հնարավորություն՝ Հայաստանից պահանջելով զիջել «ինքնիշխանությունը» (անդամակցել ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին, գազամատակարարման խայտառակ մենաշնորհ տրամադրել, թույլատրել ռուսական բազայի տեղակայումը Հայաստանում, աչք փակել զորքի «անբռնազբոսիկ» պահվածքի վրա, կատարել ռուսամետ քվեարկություններ ՄԱԿ-ում և այլն)։

Անդրադառնալով միայն գազի բաղադրիչին, պետք է ասել, որ 2011-2018թթ-ի ընթացքում Հայաստանի օգուտը գազից կազմել է 1.289 մլրդ ԱՄՆ դոլար, ընդ որում՝ մինչ անդամակցությունը ԵԱՏՄ-ին (2011-2014թթ-ին) Հայաստանի զուտ գումարային օգուտը գազի արտոնյալ գնից կազմել է  873.5 մլն ԱՄՆ դոլար, իսկ ԵԱՏՄ անդամակցությունից հետո (2015-2018թթ-ին)՝ 415.7 մլն ԱՄՆ դոլար։ Մասնավորապես, ամենամեծ արդյունքը արձանագրվել է 2012թ-ին, երբ Հայաստանի օգուտը ռուսական բնական գազի արտոնյալ գնից կազմել է մոտ 282մլն ԱՄՆ դոլար (այդ տարվա ՀՆԱ-ի մոտ 2.7%-ը), իսկ 2018թ-ի նախնական գնահատմամբ օգուտը կազմել է շուրջ 211 մլն ԱՄՆ դոլար (ՀՆԱ-ի մոտ 1.7%-ը):

Տնտեսագետ՝ Հայկազ Ֆանյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *