«Վիրտուալը միշտ ածանցյալ է»

25.01.2012, Տեսակետ

Լրագրող, արվեստի քննադատ

«Տեղեկատվական տեխնոլոգիաներ» հիմնադրամի նախագահ Գարեգին Չուգասզյանը հեռուստատեսային եւ բեսթսելերային դարաշրջանի ավարտը պայմանավորում է մշակությի նոր տեսակի ծնունդով: Յուրաքանչյուրս միաժամանակ ընկալող, վերաիմաստավորող եւ հաղորդող «ալիք» է, եւ բնական է, որ մեդիա դաշտը հագենում է սոցիալական խմբերի կուտակումներով:

Մեդիայի լեզուն փոխվել է: Ինչպիսի՞ն է այն դարձրել մարդուն:

Կարծում եմ՝ արագ հետադարձ կապի, նաեւ տեքստերի անմիջական մասնակիցը լինելու հնարավորությունը (մեկնաբանություն, բլոգ եւ այլն) փոխեց զրույցի տեսակի տիրապետող ձեւը: Մարդը ոչ միայն ընկալող արարած է, այլեւ հաղորդող «ալիք»: Սոցիալական մեդիան մշակույթի նոր տեսակ է առաջացնում, ինչը իսկապես նոր երեւույթ է: Երբ հասարակության մասնակցության աստիճանը փոխվում է, բնականաբար, փոխվում է նաեւ լեզուն:

Սոցիալական ցանցերում մի կողմից նոր սոցիալական ակտիվություն, հորդացող ստեղծագործական ոգի, նորարարության շունչ, իսկ մյուս կողմից`մարտնչող տգիտության և գռեհիկություն ահռելի հոսքեր կան: Եվ այդ ցանցի մասը լինելը շատ կարեւոր է, այդտեղից անձամբ ես ստանում եմ ներշնչանք, որն, ի դեպ, երբեք չեմ ստանում թերթ կարդալով կամ հեռուստացույց  դիտելով: 

Փաստ է, որ եթե մեդիա միավորը չկա համացանցում (հատկապես սոցիալական ցանցերում), կարելի է համարել, որ այն չկա ընդհանրապես:

Եթե ժամանակի շունչն ու ռիթմը չես զգում ու փորձում ես հին ձեւով աշխատել, անդառնալիորեն ետ ես ընկնում: Հին ձեւով աշխատող մեդիան, փախչելով իր նոր միջավայրից, խաղից դուրս է հայտնվում: Երբեմն որոշակի թյուրըմբռնում կա, որ վիրտուալը ինքնուրույն մի էություն է: Մինչդեռ վիրտուալը ոչ թե իրականի հակադրումն է, այլ իրականի նոր չափումը, ֆիզիկական աշխարհի մի մասը: 

Եվ պետք չէ մոռանալ, որ լրատվամիջոցը գործում է ֆիզիկական տարածքում, որտեղ համակարգիչներ են տեղադրված ու մարդիկ էլ  ֆիզիկական տարածքի մեջ են աշխատում (նույնիսկ եթե իրարից հեռու են): Իհարկե թերթը կարելի է շոշափել, բայց ո՞վ ասաց, որ շոշափելի չէ նաեւ մոնիտորի էկրանը: Ինչ ուզում ես, արա, բայց տեղեկատվություն ստանալու համար պետք է որեւէ ֆիզիկական կրիչ ունենաս:

Երբ ասում ենք, որ կիբերտարածքում համայնքներ են ձեւավորվում, դա հաճախ ենթադրում է, որ համայնքները պիտի իրենց

Եթե ալիքները կարողանան նոր մեդիայի քերականությունն օգտագործելով մեր ինքնությունը վերարտադրել, իրենց լսարանը հետագայում չկորցնելու շանս կստանան

մարմնավորումը ստանան նաեւ ֆիզիկական աշխարհում: Վիրտուալը միշտ ածանցյալ է, եւ մարդկանց գոյութենաբանական՝ էքզիստենցիալ հարցերը երբեք չեն վերանալու: Ի վերջո, արժեքավոր վիրտուալը պիտի ներբեռնվի` download լինի իրական կյանքում:

Իսկ այդ գործում ինչպիսի՞ դեր պիտի ունենա հեռուստատեսությունը: 

Հեռուստատեսության վիճակը ողջ աշխարհում է ճգնաժամային: Դասական ալիքների նկատմամբ նախկինում եղած հետաքրքրությունը նվազում է, եւ հեռուստալսարանը դառնում է ֆրագմենտար՝ մասնատված: 20-րդ դարի ընթացքում ձեւավորված հեռուստատեսային կարգավորիչ միջավայրն արդեն չի աշխատում: Իրականում ալիքներն իրենք էլ չգիտեն ինչպես վարվել շրջապատում եղած ինֆորմացիայի հեղեղի հետ: Այդ իմաստով շատ ուսանելի է BBC-ի օրինակը, որը փորձում է, դասական հեռուստատեսության արտադրության ողջ շղթան տրանսֆորմացնելով, զուգահեռ նոր մեդիա ստեղծել: BBC-ն ազատ օգտագործման համար պիտանի (creative commons) է դարձրել իր ողջ արխիվը, ինչը ստեղծագործական նոր ալիք է առաջացրել: 

Այսինքն՝ մարդիկ մասնակցում եմ արխիվը կրկին շրջանառության մեջ դնելուն, նրա լրացուցիչ հղկմանն ու մշակմանը: Եվ արխիվի տերը` հասարակությունը, դրանից միայն շահում է:

Իհարկե BBC-ն եզակի ալիք է բոլոր առումներով: Նրա վեբ կայքը աշխարհում լավագույններից մեկն է, դա բազմաթիվ կայքերից բաղկացած մեգա կայք է, որտեղ ամեն ինչ կա՝ էթնիկ երաժշտություն, մանկական վիրտուալ աշխարհ ու հարյուրավոր այլ կայքեր: Որպես կազմակերպիչ՝ BBC-ն շատ լավ հասկանում է նոր մեդիայի քերականությունը եւ օգտագործում է այն՝ դասական ալիքը շրջապատելով նոր մասնակցային հարթակներով: Լայն իմաստով՝ BBC-ն նոր հարթակ ստեղծողն ու պահողն է: 

Իսկ մեր դեպքում ո՞րը կլինի լավագույն ելքը:

Քանի որ ֆիզիկական տարածությունը նոր (վիրտուալ) չափում է ստացել, մենք պետք է այդ չափման մեջ մեր ինքնության վերարտադրումն ապահովենք: Եթե ալիքները կարողանան նոր մեդիայի քերականությունն օգտագործելով գրավիչ ձեւով մեր ինքնությունը վերարտադրել, իրենց լսարանը հետագայում չկորցնելու շանս կստանան: Չարեցին, ավանդական հեռուստալսարանը կձուլվի այլոց (կուտիլիզացվի): 

Արդյոք մեր հեռուստատեսությունը ուզո՞ւմ է ինքնության նշանների փոխանցողը լինել: Տպավորություն է, որ տեղի է ունենում ճիշտ հակառակը (ձուլվելու միտումը):

Անգամ սովետական շրջանի հայկական հեռուստատեսությունն իր մարմնավորման մեջ ազգային ինքնության որոշակի նշաններ էր կրում: Մենք ունեինք այնպիսի ղեկավարներ, որոնք, կոմունիստական կուսակցության մաս լինելով անգամ, կարողանում էին դա ապահովել: Բայց այսօր պատկերն այլ է: Նախ հարկավոր է իսկապես տիրապետել նոր մեդիայի քերականությանը եւ կապված լինել սեփական արմատներին: Ապազգային  ղեկավարները արհամարհում են սեփական ինքնությունն ու հեշտությամբ անմիտ պատճենումներ են անում՝ էստեղից-էնտեղից հաղորդումներ գնելով (որոշ դեպքերում անգամ չթարգմանելով դրանք, ինչպես տեղի ունեցավ, օրինակ, «Ինչը, որտեղ, երբ» խաղի դեպքում):

Իսկ այդ խաղն ինչո՞ւ է ռուսերենով: Այդպես ավելի հե՞շտ է:

Երբ մարդը պարզունակ շահի ետեւից է ընկնում, վերածվում է վաշխառուի: Մարկանց այդ տեսակի համար նվիրական արժեքները դատարկ բառեր են, քանի որ եկամուտ չեն բերում: Իսկ Հայաստանի հեռուստատեսային ոլորտը ինքնուրույն չէ, ընդամենը ծառայում է իշխող քրեաօլիգարխիկ կլանների շահերին:

Ուզում եմ այլ ասպարեզից մի շատ ցցուն օրինակ բերել: Թվում է՝ Հայաստանում չի գտնվի որեւէ ուժ, որը շահագրգռված է եկեղեցիների պատերից մաքրել հազարամյա մեսրոպատառ արձանագրությունները: Դա անողը, թերեւս, պիտի թունդ հակահայ լինի: Բայց արի ու տես, որ Գոշավանքում հայատառ արձանագրությունները քերել-ջնջել են: Ուզում եմ հարցնել՝ ո՞րն է դրա տրամաբանությունը: Թշնամիները դա անում են մշակութային ժառանգությունը յուրացնելու համար: Իսկ մե՞ր դեպքում... 

Այսինքն՝ միայն շահի ետեւից ընկնողը դառնում է նույնքան թշնամական մեր նվիրական արժեքեների նկատմամբ, որքան ամենաբարբարոս թշնամին: Երկուսն էլ նույն գործողությունն են անում՝ անապատացնում են հայրենիքը (ինչպես, օրինակ, անում են հանքերը շահագործողները): Մարդկային այդ տեսակը հայրենիքը դիտարկում է որպես հանք ու, անապատացնելով մշակութային ժառանգությունը, պարզեցնում է այն ու դարձնում ապրանք: 

Իսկ ինչո՞ւ չիրականացավ հանրային հեռուստատեսության գաղափարը:

Տոտալիտար հասարակարգեր տեսած պետությունները (ասենք՝ Գերմանիան) շատ խստացրին հեռուստատեսության հանրայինի չափումը: Գերմանիայում, օրինակ, եթերի հանրային վերահսկումը շատ ավելի մեծ է, քան Ֆրանսիայում, քանի որ վարչության մեջ տեղ ունեն հասարակական կազմակերպությունները, եւ ոչ պետությունը:

Օրենքով մեզ մոտ էլ է այդպես:

Օրենքով՝ այո, բայց մեզ մոտ անգամ «հանրապետություն» բառն է պայմանական: Մենք ընդամենը նշանակովի եւ օտարի շահերը սպասարկող վարչակազմ, ավելի ճիշտ՝ «ադմինիստրացիա» ունենք: Իսկ հեռուստատեսությունն էլ սպասարկում է «ադմինիստրացիայի», այլ ոչ թե հանրության շահերը: 

Երբ գիտակցենք, որ պետություն չունենք, միանգամից կսկսենք մտածել, թե ինչ է պետք այն ունենալու համար: Քրդերն, օրինակ, ամեն օր արթնանում են ու իրենք իրենց հիշեցնում՝ «Մենք պետություն չունենք, բայց պիտի ունենանք»: Ամեն օր ու

Մոտավորապես 10-15 տարի հետո մարդը շփվելու է բացառապես մեդիական միջերես՝ interface ունեցող իրերի հետ: Եվ այդ միջերեսը պետք է տեղայնացնել, ազգային լեզվով դարձնել

ամենուրեք քրդերի ինքնության մասնիկը համարող յուրաքանչյուր մարդ ծառայում է այդ գերխնդրի լուծմանը: Իսկ մենք կարծես գտնվում ենք «երրորդ հանրապետության» ծուղակում ու մոռանում ենք, որ պետությունը դեռ պետք է ստեղծվի: Ասում ենք՝ այլանդակ պետություն ունենք, բայց չենք կարողանում ընդունել, որ մեր ունեցածը ժառանգել ենք: Այն ի սկզբանե մերը չի եղել, բայց հիմա մեր անունից է հանդես գալիս: Այդ պատճառով է, որ, հեռուստացույց դիտելով, հասկանում ես, որ ամբողջությամբ ծուռ հայելիներով ես շրջապատված (տեսնում ես մի բան, որը կապ չունի իրականության հետ): 

Նշում եք, որ բեսթսելարային դարաշրջանն ավարտվում է: Իսկ ի՞նչ է գալիս փոխարինելու:

Մինչ 1996 թվականը աշխարհի բոլոր գրախանութներում վաճառվող գրքերի 20%-ը բեսթսելերներ էին, իսկ 80%-ը այլ (նաեւ մասնագիտական) գրքեր: Բայց հենց բեսթսելերներն էին ապահովում եկամուտի 80%-ը: Եվ գրքերի վաճառքով զբաղվող «Ամազոն» ընկերությունը որոշեց հակառակ բիզնես մոդելն իրականացնել, որպեսզի ամենաշատ վաճառվող գրքերն ընդամենը 20% եկամուտ բերեն, իսկ մնացածի վաճառքի եկամուտը մոտենա 80%-ին: Օգտագործելով թվանշային դարի տված հնարավորությունը՝ «Ամազոնը» անեզր մի գրախանութ ստեղծեց՝ բավական էժան վայրերում գտնվող պահեստներով, առաքման ցանցերով: Յուրաքանչյուր մարդ ընդամենը որոնման կոճակի օգնությամբ կարողանում է գտնել իրեն հետաքրքրող գիրքը: «Ամազոնը» ցույց տվեց աշխարհին, որ բեսթսելերային, բլոկբաստերային մշակույթն ավարտվում է, քանի որ ցանկալի գրքերի շարքը փոխվել է:

Ի դեպ,  բեսթսելերային մշակույթը հատուկ է հենց հեռուստատեսային դարաշրջանին: Չէ՞ որ ալիքների քանակը քիչ է, իսկ լսարանը՝ մեծ: Մարդիկ հիմնականում նույն բանն են տեսնում, լսում ու գնում: Իսկ «Ամազոնի» օրինակն ապացուցեց, որ մշակույթը կառուցվածքային փոփոխության է ենթարկվում, եւ զանգվածային մշակույթը տարրալուծվում է 80%-անոց «պոչի» մեջ, որը գնալով ավելի երկար ու բազմազան է դառնում: Մարդ միշտ կարող է գտնել այն, ինչ ուզում է՝ ընտրելով փոքր միջավայրները, սոցիալական խմբերի նոր համախմբերը: Հիշենք նաեւ, որ աշխարհում տեղի ունեցող քաղաքական բողոքները առաջանում են հենց փոքր խմբերի կուտակումներից: Հեղաբեկումները անում են ոչ թե «բեսթսելեր» կուսակցությունները, այլ փոքր սոցիալական խմբերի կուտակումները:

Ինքնություն ապահովող հայելիներից մեկը լեզուն է: Ինտերնետային բովանդակությունը հայերենով թարգմանող ծրագրեր ե՞րբ ենք ունենալու:

Մենք շատ լավ մասնագետներ ունենք, որոնք կարող են ու պատրաստ են առցանց թարգմանությունն ապահովել, սակայն խնդիրն այն է, որ կառավարությունը ինքնաշխատ թարգմանիչների տեղադրումը չի խրախուսում:

Մրցունակ լինելու համար հույսը պիտի դնենք միայն օտա՞ր լեզուների տիրապետման վրա:

Ներկա վարչապետը ինքնաշխատ հայերեն թարգմանիչները (նաեւ տարբեր մեքենայացված համակարգերը) բիզնեսի տեսակետից ոչ պետքական է համարում՝ նշելով, որ շուկան մեծ չէ: Եվ ռազմավարական այդ լրջագույն հարցի լուծումն անընդհատ հետաձգվում է: 

Մեդիան իրականում շատ արագ հայտնվելու է բոլոր իրերի մեջ: Մոտավորապես 10-15 տարի հետո մարդը շփվելու է բացառապես մեդիական միջերես՝ interface ունեցող իրերի հետ: Եվ այդ միջերեսը պետք է տեղայնացնել, ազգային լեզվով դարձնել: Ի դեպ, դրանից շահելու է եւ՛ լեզուն, եւ՛ մշակութային միջավայրը: Մենք մեր լեզվի տերը պիտի լինենք: Վերջիվերջո, ցանկացած այլ լեզու Հայաստանում հյուր է, բայց տիրոջ կարգավիճակ տրված է միայն հայերենին:

Հայերենը կարծես ավելի շուտ ոչ թե տեր, այլ որբ է: Մեդիա դաշտին պիտի պարտադրվի՞ հայերենը:

Մեդիա դաշտում, ինչպես եւ մշակութային քաղաքականության մեջ, կարգավորիչ միջավայրի անհրաժեշտություն կա: Չես գտնի որեւէ զարգացած երկիր, որտեղ մշակութային կանոնի պարտադրում չլինի: Հոլանդիայի նման ազատական երկրում, օրինակ, քաղաքացի լինելու համար ոչ միայն պետք է հոլանդերենին տիրապետես, այլեւ մշակութային կանոնների քննություն հանձնես: Նման մշակութային քննություն պետք է անցնենք բոլորս:

Զրուցեց Նունե Հախվերդյանը

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?