2016.02.10,

Քննադատ

Լրագրողները սոցցանցերում․ ՀԿՍ (Հաճախ Կատարվող Սխալներ)

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Ինչպես գիտականորեն ապացուցված է՝ հայաստանյան մամուլի համար Ֆեսյբուքից դուրս կյանք չկա։ Համարյա։ Մյուս կողմից, ֆեյսբուքյան եւ ընդհանրապես սոցցանցային ակտիվության մեջ կարելի է նկատել բավական հաճախ կրկնվող սխալներ։ Կամ՝ եկեք դա սխալ չկոչենք։ Ասենք այսպես․ գոյություն ունեն սոցցանցային գործողություններ, որոնք նվազեցնում են լրագրողի, լրատվամիջոցի ազդեցությունը տեղեկատվական հոսքերի վրա։

Եվ այսպես, սխալները սկսվում են, երբ սոցիալական ցանցերին միակողմանի խառնվածքի տեսանկյունից են դիտում։ Օրինակ, չափից շատ սանգվինիկ կամ մելանխոլիկ լինելը ցանցերում լավ բանի չի բերի։ (Խնդրում եմ սույն եզրերը ընկալել փոխաբերական, բայց նաեւ խրատական իմաստով):

Սանգվինիկ

Ինչ է անում սանգվինիկ լրագրողը կամ խմբագիրը։ Նա փորձում է իրենով, իր լուրերով լցնել ողջ ինտերնետը։ Նա գրանցվում է Ֆեյսբուքի բոլոր խմբերում, նա ամեն տասը րոպեն մեկ իր կայքից մի հինգ նյութ լցնում է իր ուսապարկը ու սկսում է վազել մի խմբից մյուսը՝ ամեն տեղ տեղադրելով նույն նյութերը։ «Վերջին լուրեր», «Հրատապ լուրեր», « Ծընգըլ լուրեր», «Մընգըլ լուրեր», «Ժինգյալով հաց», «Էլ ինչ իմաստ կա ապրելու», «Բա մի հատ խաշ չըլներ՝ ուտեինք», ու տասնյակ այլ խմբերում նա սփռում է իր եւ գործընկերների գրած իմաստուն խոսքերը եւ նորից վազում խմբագրություն՝ հերթական հղումների հետևից։ Եվ այսպես՝ օրեր շարունակ։

Օրերից մի օր Ֆեյսբուքի ֆիլտրացնող ռոբոտները տեսնում են, որ ինչ֊որ քրտնած դեմքեր՝ առանց հանգստանալու, ուտել֊խմելու, ցանցը լցնում են հղումներով։ Եվ ին՞չ են անում ֆիլտրացնող ռոբոտները։ Այո․ նրանք որպես սփամ արգելափակում են տվյալ կայքի հղումները ողջ Ֆեսյբուքում։ Հետո արի ու ապացուցիր, որ դու ազգ էիր փրկում, և ոչ թե ոչ սփամում։

Մելանխոլիկ

Տխուր, միայնակ, դեպրեսիվ պրոֆիլ սոցիալական ցանցում։ Դա գիտեք ո՞րն է։ Հիմնականում հենց լրագրողինն է։ Պրոֆիլ, որում մենակ իր լրատվամիջոցի նյութերն են տեղադրվում։ Ու այն էլ՝ առանց մեկնաբանությունների։ Կարծես, մարդու վիճակը այնքան դեպրեսիվ է, որ խոսելն էլ չի գալիս, հազիվ մի բան պատին դնում է։ Կամ, լավագույն դեպքում, նույն նյութի առաջին պարբերությունն է միշտ քոփի֊փեյսթ անում։ Տենց պրոֆիլները հիմնականում համարյա ոչ ոք չի կարդում կամ մեկնաբանում, քանի որ բոլորը հասկանում են՝ ամեն ինչ շատ տխուր է, շատ վատ է, վատթարացումը Տիեզերքում անդառնալի է, էնտրոպիան հաղթում է, խոսելն անիմաստ է։ Իսկ երբ մարդու պրոֆիլում լայքեր ու մեկնաբանություններ չեն լինում, Ֆեյսբուքն էլ իր հերթին հասկանում է, որ ուրիշներին այս անձնական ողբերգությունը ցույց տալ պետք չէ, եւ սկսում է թաքցնել ուրիշներից տվյալ օգտատիրոջ գրառումները․․․ Իսկապես, ես էլ տխրեցի հենց նոր։

Խոլերիկ

Ջղային խմբագիր, որը վստահում է միայն մի ադմինի, որը տնօրինում է բոլոր սոցցանցային էջերը։ Ամեն ինչ գերվերահսկելի է, ամեն մի չնթռլո չի կարող սխալ֊մխալ բան գրել լրատվամիջոցի ֆեյսբուքյան էջում։ Ամեն ինչ տեղը-տեղին է։ Մինչեւ այն գեղեցիկ պահը, երբ Ֆեյսբուքի ռոբոտները հանկարծ չեն որոշում առանց բացատրությունների արգելափակել այդ միակ և անկրկնելի ադմինին։ Կամ նրան կոտրում են ադրբեջանցիները։ Կամ ինքը նեղանում է խմբագրից և դիմում փախուստի՝ գաղտնաբառերը բարդաչոկում։ Որպես հետևանք լրատվամիջցը զրկվում է իր ամենափայփայած ֆեյսբուքյան էջից։

Ֆլեգմատիկ

RSS ֆիդերը շատ հարմար գործիք են կարդալու, մոնիթորինգ անելու համար։ Սակայն, երբ դրանք դառնում են հակառակ ուղղությամբ աշխատող փոշեկուլներ, լավ բան չի ստացվում։ Խոսքը ծուլացող խմբագիրների մասին է, որոնք հավես չունեն միանգամից մի քանի սոցցանցում գործ անելու։ Իրենք RSS֊ներ միացնում են և, օրինակ, դեպի Թվիթեր ավտոմատացված հեռարձակվում են լրատվամիջոցի կամ լրագրողի ֆեյսբուքյան գրառումները։ Ինչ լավ է, չէ՞։

Ինչքան ժամանակ է խնայվում, նույն բանը մի քանի անգամ չես գրում։ Բայց, փորձը և վիճակագրությունը ցույց են տալիս, որ ֆեսյբուքից հեռարձակվող ավտոմատացված գրառումները  Թվիթերում գրեթե ոչ ոք չի կարդում։ Դրանք պարզապես ձևական բնույթ են կրում։ Այնպես որ, արժե մի քանի վայրկյան ավելի ծախսել, բայց ամեն սոցցանցում նույն գրառումը ձևավորել ըստ այդ հարթակի ոճի։ Տարբերությունը կարող է լինել չնչին, բայց հետևանքը կլինի շատ ազդեցիկ։

Նշեմ, որ բոլոր օրինակներն իրական կյանքից են։ Ավելին՝ բոլոր ողբերգական հետևանքները նույնպես իրական են։ Հարգելով տուժածների ցանկությունը, անունները չեն բացահայտվում։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *