2017.09.19,

Քննադատ

Գաղտնիքների երկիր Հայաստան

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Հայաստանի Հանրապետությունում պետական գաղտնիքը ֆետիշ է։ Ըստ օրենսդրության, ավելի կոնկրետ, ըստ ՀՀ Պետական և ծառայողական գաղտնիքի մասին օրենքի 15-րդ հոդվածի՝ «Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները, գաղտնագրման պահից սկսած, որպես գաղտնիք պահպանվում են․

ա) «Հատուկ կարևորություն» և «Հույժ գաղտնի» գաղտնիության աստիճան ունեցող տեղեկությունները` մինչև 30 տարի: Ելնելով անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել նշված ժամկետից ավելի երկար ժամկետներ,

բ) «Գաղտնի» գաղտնիության աստիճան ունեցող տեղեկությունները` մինչև 10 տարի»:

Ինչպես տեսնում ենք, հույժ գաղտնի տեղեկատվությունը, որն առաջացել է անկախության օրոք, դեռևս մնում է փակ։ Համաձայն օրենքի, Հայաստանի Հանրապետության ստեղծումից միայն 30 տարի հետո՝ 2021 թվականին, հնարավոր կլինի խոսել այդ տեղեկության գաղտնազերծման մասին։

Իսկ պարզապես գաղտնի տեղեկություն պարունակող փաստաթղթերը  հանրության համար փակ պահելու ժամկետը 10 տարի է: Նման «գաղտնի» կնիքով փաստաթղթերի ծավալը պետք է անհավանական մեծ լինի։

Արդյո՞ք Հայաստանում գոյություն ունի գաղտնազերծման կիրառման ավանդույթ։ Բնավ, ոչ։

Պետական կառույցները ոչ միայն չեն հայտարարագրում գաղտնազերծված փաստաթղթերը և դրանք դարձնում հասանելի հանրությանը, այլ, կարծես թե, չեն էլ գաղտնազերծվում։

Այսպես, դեռ 2011 թվականին «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի»  նախագահ Շուշան Դոյդոյանն ասուլիսի ժամանակ հայտնեց, որ միայն ՊՆ-ն է սահմանված կարգով գաղտնազերծել որոշակի թվով փաստաթղթեր, ևս մեկը գաղտնազերծել է ԱԳՆ-ն:

«Անցած տարվա դրությամբ պետական կառույցները պետք է գաղտնազերծած լինեին մինչև 2000թ. գաղտնագրված փաստաթղթերը: Այս առումով լուրջ խնդիր կա մեր պետական կառավարման համակարգում»,- նկատեց Շուշան Դոյդոյանը:

Եթե դիտարկենք մոնիթորինգային Givemininfo.am կայքը, ապա կտեսնենք, որ 2016-ին պետական կառույցներին ուղղված հարցումներում 2015 թվականի վերաբերյալ նույնպես չկա գաղտնազերծված փաստաթղթերի մասին տեղեկություն։

Այսինքն, պետությունը չի գաղտնազերծում գրեթե ոչինչ։

Բացի դրանից գաղտնազերծում իրականացնող գերատեսչությունը պարտավոր է այդ մասին իրազեկել հանրությունը կամ լրագրողներին: Առանց իրազեկման բացված տեղեկությունը կարող է պարզապես կորել արխիվային կույտերում։

Այսօր շատ երկրներում գոյություն ունի գաղտնազերծման մասին առանձին իրազեկման պրակտիկա, երբ պետական մարմինը առանձին հաղորդագրությամբ հայտնում է հանրությանը հետաքրքրող տեղեկության գաղտնազերծման վերաբերյալ։

Բացի դրանից, ստեղծվում են առանձին ցանցային շտեմարաններ, որտեղ կարելի է գտնել նախկինում գաղտնի համարված փաստաթղթերը։ Օրինակ, ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալությունը (ԿՀԳ) ունի իր կայքում նմանատիպ բաժին, որն էլ, բնականաբար, պարբերաբար թարմացվում է։

Իհարկե, հնարավոր է հնչի կարծիք, որ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ նման բաց մոտեցում, քանի որ գտնվում է պատերազմական իրավիճակում և հարկ չէ հակառակորդին տրամադրել նման տեղեկություն։

Սակայն, առաջնայինն այն է, որ գոյութուն ունի օրենք։ Եվ օրենքը պարտադրում է իրականացնել գաղտնազերծում։ Օրենքը չպետք է դառնա լիրիկական քննարկումների առարկա․ այն կա՛մ գործում է, կա՛մ ոչ: Իսկ խախտումն էլ ունի պատասխանատու։

Եվ երկրորդը՝ մեր հանրությունը չի կարող համոզված լինել, որ պետական մարմինները չեն գաղնտագրում այն տեղեկությունը, որը պետք է լինի բաց։

Մենք չենք կարող համոզված լինել, որ կոռումպացված չինովնիկները չեն թաքցնում իրենց հանցագործությունները՝ գաղտնագրելով ապացույցները և հեռու պահելով հանրության աչքերից։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *