2016.03.11,

Քննադատ

Խմբագիրը «սևագործ բանվոր» է

author_posts/lilit-avagyan
Լիլիթ Ավագյան
facebook

Լրագրող

Երիտասարդ լրագրողների հասցեին մեդիայի «հնաբնակները» հաճախ հեգնանքով ու դառնությամբ են խոսում. իբրև վազում են ասուլիսից ասուլիս, մտքերը չեն կարողանում հետաքրքիր ձևակերպել, կարդացած չեն, տրաֆարետային են և այլն, և այլն:

Սկսնակ լրագրողը՝ փորձի պակասով, սկզբնական շրջանում կարող է և անհետաքրքիր լինել, ոչ պրոֆեսիոնալ, անգամ ձանձրալի, սակայն կա մեկը, որի շնորհիվ քիչ թե շատ շնորհալի լրագրողը որոշ ժամանակ անց կարող է դառնալ իր գործի գիտակը՝ պրոֆեսիոնալ, հետաքրքիր հոդված պատրաստել անգամ ամենաանհետաքրքիր ասուլիսից: Եվ այդ մեկը ԽՄԲԱԳԻՐՆ է:
Գրողի ծոցը կուղարկես «ինչպես հայտնի է», «գաղտնիք չէ, որ…», «բոլորը գիտեն, որ…» արտահայտությունները: Սա Ազգային ռադիոյի հասարակական-քաղաքական հաղորդումների երբեմնի գլխավոր խմբագիր Գևորգ Ասատրյանի խորհուրդն էր լրագրության փորձ անող ուսանողիս: «Իմացիր, կարևոր է, ի՞նչ կարևոր, ՊԱՐՏԱԴԻՐ է տեքստը գրել օբյեկտիվ, հետաքրքիր, գրագետ, մաքուր հայերենով »: Եվ, ամենակարևորը, ինքնակրթություն՝ առանց մեկ օր արձակուրդի…

Ավելորդաբանությունից, պաթոսից ու խուճուճ մտքերից ձերբազատել տեքստերը, եթերում ընթերցելուց կամ հրապարակելուց առաջ ԱՆՊԱՅՄԱՆ մի քանի անգամ կարդալ և ունկնդրի համար ոչ մի  անհասկանալի միտք չթողնել: Սրանք արդեն «Երևան» ծրագրի ղեկավար Տիգրանուհի Ղևոնդյանի խորհուրդներն էին: Սակայն մի բան էր խորհուրդը, այլ բան էր առօրյան, երբ Տիգրանուհին ամեն օր գրիչը ձեռքին ընթերցում էր լրագրողներիս տեքստերը, ուղղում, բացատրում՝ ինչու այսպես ու ոչ այնպես…

Խմբագրի՝ որպես լրագրողին հավասար «սևագործ բանվորի» աշխատանքը տեսնելը լրագրողի համար չափազանց կարևոր է:  

Արդեն «Առավոտ» թերթում լրագրողներիս հոդվածների խմբագրումը վստահված էր Վասակ Դարբինյանին: Մինչ օրս հիշում եմ նրա գրիչի ճռճռոցը. ձեռքի թեթև շարժումով մուգ գիծ էր քաշում ավելորդաբանությունների, անհասկանալի մտքերի վրա: Դերասան Կարեն Ջանիբեկյանի հետ հարցազրույց էի արել. հյուրընկալվել էի նրա տանը, դերասանն ինձ վստահել էր իր բոլոր սիրելի կանանց հետ մտերմության նյուանսները, ու ես մի հիացական նախաբանով հարցազրույց էի ներկայացրել: «Հիացմունքը չի կարելի ի ցույց դնել», – ասաց Վասակ Դարբինյանը՝ մի ծավալուն խաչ դնելով նախաբանի վրա,- նորից գրիր»: Գրեցի 2-րդ, 3-րդ անգամ: Տեքստերս անխնա ջնջվում էին: «Չէ, այլևս չեմ կարող»,- մտածում էի՝ հերթական նախաբանը գրելով: Ու հանկարծ այդ մեկից Վասակի դեմքը պայծառացավ…

«Առավոտ»-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն էլ հատուկ հրամանով և տուգանքի սպառնալիքով արգելել էր տեքստերի մեջ գրել «Ինչևէ», «Ինչևիցե» բառերը, որոնք, ըստ նրա, միտքը բացատրելուց խուսափելու նպատակով էինք կիրառում: Այս խորհուրդը ևս մինչ օրս հիշում եմ և գրավոր տեքստում որևէ անգամ չեմ գործածել:

Երկար տարիներ աշխատելով լրագրության բնագավառում՝ շատ լրագրողներին թվում է, թե իրենք այլևս խմբագրի կարիք չունեն, իրենց հոդվածներն ամբողջական են, համապատասխանում են լրագրության այս կամ այն ժանրի ընդունված կանոններին: Սակայն ինքս իմ օրինակով կարող եմ ասել՝ գրագետ, ուշադիր, պրոֆեսիոնալ խմբագրի միջամտությունը տեքստին չափազանց կարևոր է:

Այնքան օգտակար է լրագրողի համար, երբ խմբագիրը հոդվածն ընթերցում է ոչ թե հարևանցիորեն, որպեսզի հայտարարի՝ լա՞վն է, թե՞ վատը, այլ ինքն էլ, իր խորհուրդներով, անհրաժեշտ հղումներ առաջարկելով, մասնակցում է հոդվածն ամբողջական, մասնագիտորեն անխոցելի դարձնելուն, եթե, իհարկե, անհրաժեշտություն է գտնում:

Անգամ ոչ երիտասարդ, աշխատանքային մեծ փորձ ունեցող լրագրողների համար խմբագիրները երբե՜ք ավելորդ չեն: Ինքս իմ փորձով կարող եմ վկայել. այսօր էլ ինձ համար չափազանց կարևոր է խմբագիրների յուրաքանչյուր առաջարկը, հոդվածն ավելի ամբողջական դարձնելուն միտված պահանջները, որոնք ընդունում եմ մեծ շնորհակալությամբ:

Օրերս «Ինքնագիր» գրական հանդեսի համար պատրաստում էի Զարեհ Որբունու անտիպ նամակներից մեկը, որը տատիկիս արխիվից էի գտել: Նախաբան գրեցի, ծանոթագրեցի ու ուղարկեցի  խմբագրին՝ Վահան Իշխանյանին:  

Ոչինչ չէր լինի, եթե նամակն այդպես էլ տպագրեինք, սակայն…Վահանն առաջարկեց կապ հաստատել ֆրանսահայ գրող Գրիգոր Պըլտյանի հետ, որը ճանաչել է Որբունուն, և նրանից ճշտել նամակում անծանոթ մի քանի բառերի նշանակությունը, լրացուցիչ ինֆորմացիա ստանալ Որբունու մասին, ինչը կարող է նյութը հարստացնել ու ամբողջական դարձնել: Բնական է, անմիջապես և շնորհակալությամբ օգտվեցի այս խորհուրդից: Հոդվածը միայն շահեց. ընթերցողն այլևս ոչ մի անպատասխան հարց չի ունենա:

Յուրաքանչյուր հաջող հոդվածի կամ ռեպորտաժի թիկունքին, գրագետ լրագրողից բացի, գրագետ խմբագիրն է:

Այդպես էլ՝ չաշխատած, շըփ-թըփ պատրաստած ու բովանդակությունից զուրկ հոդվածի կամ ռեպորտաժի պատասխանատուն ոչ այնքան պրոֆեսիոնալիզմի ու գրագիտության պակաս ունեցող լրագրողն է, որքան ոչ պրոֆեսիոնալ ու ծույլ խմբագիրը:

Լիլիթ Ավագյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

2 Responses to “Խմբագիրը «սևագործ բանվոր» է”
  1. Մարուսյա Բալայան says:

    Իսկապես համաձայն եմ հեղինակի
    Իսկապես համաձայն եմ հեղինակի հետ՝ “Յուրաքանչյուր հաջող հոդվածի կամ ռեպորտաժի թիկունքին գրագետ լրագրողից բացի՝ գրագետ խմբագիրն է”: Ակամայից հիշեցի ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում ուսանածս տարիներին Լիանա Սայադյանի և Շուշան Դոյդոյանի տված ժոռնալիստական վարպետության դասերը, ապա իմ ունեցած փոքրիկ լրագրողական կարիերան: Հարգելի Լիլիթ, թույլ տվեք ես ևս միանամ Ձեր հայտարարությանը՝ “Ես ևս իմ օրինակով կարող եմ ասել՝ գրագետ , ուշադիր, պրոֆեսիոնալ խմբագրի միջամտությունը տեքստին չափազանց կարևոր է”:

    1. Լիլիթ Ավագյան says:

      Շնորհակալություն արձագանքի
      Շնորհակալություն արձագանքի համար…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *