Ֆուտբոլի ժողովրդական մեկնաբան

05.06.2017, Նյուսրում

Լրագրող

Հայաստանում ֆուտբոլային մեկնաբան են ընտրում: Առաջին ալիքի մարզական մեկնաբանների թիմը համալրելու անհրաժեշտություն է առաջացել, և նոր մեկնաբանը կորոշվի մրցույթի արդյունքում:

Մրցույթի առաջին փուլն ավարտվել է: Մասնակիցներից յուրաքանչյուրը ֆուտբոլային որևէ հանդիպումից առնվազն 15 րոպեանոց տեսանյութ է մեկնաբանել և ուղարկել Առաջին ալիքին: Դրանք հրապարակվել են Առաջին ալիքի ֆեյսբուքյան էջում, որտեղ ֆուտբոլասերները հավանությունների և մեկնաբանությունների միջոցով արտահայտել են իրենց կարծիքները:

Ամենաշատ հավանումներին ու դրական կարծիքներին արժանացած մեկնաբաններն անցել են երկրորդ փուլ: Այստեղ ընտրություն պետք է անի հատուկ հանձնաժողովը:

Մրցույթի հաղթողն առաջին հերթին հնարավորություն կունենա մեկնաբանելու Կոնֆեդերացիաների գավաթի հանդիպումներից որևէ մեկը, որը հաջողելու պարագայում կհամալրի Հանրայինի մարզական ընտանիքը:

Հանրային հեռուստաընկերության մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի տնօրեն Ալեքսանդր Հակոբյանը Media.am-ի հետ զրույցում ասաց, որ «ֆուտբոլը վաղուց դադարել է զուտ խաղ լինելուց, այն ամբողջական կայացած ինստիտուտ է՝ մեկնաբանի համակարգաստեղծ նշանակությամբ»: Դա է պատճառը, որ Առաջին ալիքի ղեկավարությունը որոշում է կայացրել ամենից քննարկվող ու քննադատվող մասնագիտության համար անցկացնել մրցույթ:

Դիտարկմանը, որ գուցե Առաջին ալիքը մեկնաբան ընտրելու պատասխանատվությունը փոխանցում է հեռուստադիտողին, քանի որ վերջինս գրեթե միշտ դժգոհ է մնում մեկնաբանությունների որակից, Ալեքսանդր Հակոբյանը պատասխանեց. «Այստեղ ոչ թե պատասխանատվությունը հեռուստադիտողի վրա գցելու անհրաժեշտությունն է, այլ մասնակիցը դարձնելու մի գործընթացի, որի մասին երազում էին շատերը: Սա բացառիկ հնարավորություն է ինչպես փորձելու սեփական ուժերը, այնպես էլ ստեղծելու հանրության կարծիքով լավագույն մարզական մեկնաբանի կերպար կամ ուղղակի գտնել նրան»:

Թեկնածուներին որևէ պայման, անգամ կրթական ցենզ չի առաջադրվել: Առաջին ալիքում կարևոր են համարում, որպեսզի մրցույթի հաղթողն ունենա եթերային ձայն, գրագետ խոսի, ունենա մարզական գիտելիքներ և լինի անկաշկանդ:

Այս մրցույթն իր տեսակի մեջ երրորդն է հայկական հեռուստատեսության պատմության մեջ: 1960-ական թվականներին կազմակերպվել է ևս երկու մրցույթ, երկուսում էլ հաղթել է Սուրեն Բաղդասարյանը՝ «Ֆուտբոլ+» շաբաթաթերթի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրը: Ստացվում է, որ նա մրցույթով ընտրված միակ մեկնաբանն է հայկական հեռուստատեսությունում:

Առաջին մրցույթը կայացել է 1961 թվականին: «Ես 21 տարեկան էի: Հանձնաժողովի կազմում բանիմաց մարդիկ էին: Ամեն ինչը հաշվի էին առնում, առաջին հերթին՝ տրամադրող ձայնը: Այդ մրցույթով ես անցա, բայց ստացվեց այնպես, որ գրեթե 8-9 տարի դուրս մնացի եթերից: Ինձ ասացին, որ պետք է դեռ իմ վրա աշխատեմ: Ես Ստեփանակերտում եմ ծնվել, բարբառի ազդեցությունը կար»,- Media.am-ի հետ զրույցում պատմեց Սուրեն Բաղդասարյանը:

Այդ ընթացքում նա ավարտել է բարձրագույն կրթությունը, ընդունվել Մերգելյանի անվան ինստիտուտ, որի ռադիոհանգույցում պատրաստել և վարել է սպորտային հաղորդումներ. «Ես թրծվեցի: 1969 թվականին, երբ ֆուտբոլային մարզական Լևոն Դանիելյանը, ում ուղղակի պաշտում էին, արդեն ծանր հիվանդ էր, նոր մրցույթ հայտարարեցին, և ես արդեն հսկայական փորձ ունեի»:

Սուրեն Բաղդասարյանի անձնական արխիվից

1969 թվականի մրցույթի կանոնները հետևալն էին՝ հեռարձակվում էր «Արարատի» փոխարինողների խաղը, մրցույթի յուրաքանչյուր մասնակցի տրվում էր հինգ րոպե՝ մեկնաբանելու համար:

«Ինձ թողեցին 15 րոպե խոսել: Սակայն մի տարի էլի եթեր չտվեցին: Էլի հներից փորձեցին, բայց բոլորը ձախողվեցին: Ի վերջո որոշեցին ինձ թույլատրել եթեր դուրս գալ»,- պատմում է մարզական մեկնաբանը:

Սուրեն Բաղդասարյան Առաջին ալիքի հայտարարած մեկնաբանների մրցույթը համարում է շատ լավ նախաձեռնություն. «Հայաստանում շատ անգամ ընտրում են ծանոթությամբ, բարեկամական կապերով: Իսկ ֆուտբոլային հեռարձակումներն ամենամեծ լսարանն ունեն: Որևէ հաղորդում չի կարող այնքան մարդ հավաքել, քան ֆուտբոլային հաղորդումներն են: Փողոցում ինձ մոտենում և անընդհատ մեկնաբանների խնդրի մասին են խոսում, ասում, որ հեռուստացույցի ձայնն իջեցնում են, կամ նախընտրում լսել ռուս մեկնաբաններին: Դա վիրավորական է: Մեր տարիներին նման բան չի եղել»:

Փորձառու մեկնաբանը հետևել է Առաջին ալիքի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութերին և դուրս գրել որոշ սխալներ. ««Հնչում է մեկնարկային սուլիչը» (մեկնարկային սուլիչ չի կարող լինել), «նման տիտղոս ունեցող հանդիպում» (հանդիպումը չի կարող տիտղոս ունենալ), «ՄՅ-ին այսօր ձեռնտու չէ պարտությունը» (տարօրինակ դատողություն է՝ որևէ թիմի պարտությունը չի կարող ձեռնտու լինել), «17 համարը Բլինդն է» (համարը չի կարող մարդ լինել) և այլն»:

Ըստ Բաղդասարյանի՝ մրցույթի մասնակիցների մոտ 90 տոկոսը կրկնում է գործող մեկնաբանների սխալները:

Այս օրերին Առաջին ալիքում ընթանում է հանձնաժողովի կողմից մեկնաբանությունների գնահատման փուլը: Ֆուտբոլային մեկնաբանի մրցույթի արդյունքները կամփոփվեն հունիսի երկրորդ շաբաթվա ընթացքում, մինչև Կոնֆեդերացիաների գավաթի խաղերի մեկնարկը:

Բացման խաղը նշանակված է հունիսի 17-ին, Ռուսաստանի եւ Նոր Զելանդիայի ազգային հավաքականների միջև:

Գագիկ Աղբալյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?