«Ձու, յուղ, պանիր, ոչխար և տավար՝ բանակին». առաջին հանրապետության մամուլը

26.03.2018, Քննադատ

Աշխատել է Հանրային ռադիոյի «Երևան» ծրագրում, «Առավոտ» օրաթերթում, թղթակցել «Ազատություն» ռադիոկայանին: 2006-ից 2015 թթ․աշխատել է «168 Ժամ» թերթում։ Վարում է «Վէմ» ռադիոկայանի «Հայելի» հեղինակային հաղորդաշարը: «Հայկական ժամանակ» օրաթերթի հեղինակներից է։

Հայաստանի Առաջին հանրապետության մամուլը թերթելիս անընդհատ ցանկություն է առաջանում ևս մեկ անգամ ստուգել՝ թերթի վրա գրված թվականը 1918 է՞, թե՞, այնուամենայնիվ, 2018… Ամեն ինչ նույնն է. 100 տարի կարծես չի էլ անցել:

«Մեր քաղաքը (Երևանը-խմբ) փայլում է իր աղբակույտային ցուցահանդեսով: Քամին աղբակույտերը, անշու՜շտ պրոպորցիանալ, բաժանում է քաղաքի վրա… Քաղաքի զանազան մասերում փողոցներում օրերով ընկած են մնում ձիերի, շների և այլ կենդանիների դիակներ: Աստաֆյան փողոցի վրա օրերով ընկած է մնում մի սատկած ձի» (1918, «Ժողովուրդ», օգոստոսի 22, N 3):

Այսօր առաջնագծում միայն անապահով ընտանիքների զավակնե՞րն են: Բայց ինչու՞ միայն այսօր:  

«Նամակ բանակից» խորագիրը ներկայացնում է զինվորական ծառայության մեջ գտնվող զինվորների դժգոհությունը. իրենք բարեխիղճ ու կյանքը վտանգի ենթարկելով՝ ծառայում են, իսկ ոմանք ազատվում են զինվորական ծառայությունից՝ անհասկանալի հիմնավորումներով.

«Կան ընտանիքներ, ուր 3-4-5 զինվորական հասակ ունեցող անձնավորությունները ազատ ման են գալիս և կյանքի բոլոր վայելքներից օգտվում» («Ժողովուրդ», 1918, սեպտեմբերի 15, N10):

Առաջին հանրապետության գոյության  2,5 տարիներին Հայաստանում լույս էր տեսնում 60 անուն թերթ. 14՝ պաշտոնական, 38՝ կուսակցական, 8՝ անկախ:

Հետաքրքիր էր փաստը, որ 1918-ին խորհրդարանի աշխատանքներն այնքան հրապարակային էին, որ դահլիճում աթոռներ կային հասարակության ներկայացուցիչների համար.  

«Վերջերս հասարակությունը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում դեպի Խորհրդարանի նիստերը: Թեև նիստի սկիզբը հայտարարված էր ժամը 7-ին, բայց 6. 30-ին արդեն հասարակությանը հատկացված տեղերն արդեն լիքն էին» («Կառավարության լրաբեր», 1918, սեպտեմբերի 6, N 2):

ՀՀ քաղաքական դաշտում կուսակցական ազդեցիկ պարբերականներից էր Հայ սահմանադրական ռամկավար կուսակցության պաշտոնաթերթ «Վան-Տոսպան»-ը, ապա «Հայաստանի ձայնը»:

ՀՅԴ-ն հրատարակում էր 13 անուն պարբերական։ Մասնավորապես՝ «Զանգ», «Հայաստանի աշխատավոր», «Յառաջ», «Աշխատանք»...

Ինչպիսի՞ն էին հայ-ադրբեջանական հարաբերությունները 100 տարի առաջ.  «Ադրբեջանցիք ուզում են բարեկամանալ Հայաստանի հետ… և իրենցն են համարում Հայաստանի գրեթե կեսը՝ Ղարաբաղը, Զանգեզուրը, Նախիջևանը և Շարուրը: Վրացիք ուզում են բարեկամանալ Հայաստանի հետ…և պահանջում են Լոռին ու Ախալքալաքը» («Յառաջ», 1920, N 2):

1919 թ. փետրվարին Երևանում հիմնվեց էսէռների օրգանը «Սոցիալիստ հեղափոխական» եռօրյան՝ «Կռվով կխլես քո իրավունքը» բնաբանով:

Ի տարբերություն կուսակցական մամուլի՝ շատ թույլ էր արտահայտված անկուսակցական և գիտական մամուլը, որը շատ կարճ ժամանակով էր լույս տեսնում և  ֆինանսական պատճառներով՝ փակվում («Ալեքսանդրապոլի լրաբեր», «Իդեալ», Երևանի ամերիկյան որբանոցների աշակերտական միության երկշաբաթաթերթ, «Նոր ուղի»…):

Անկախ սոցիալիստների «Մարդկայնութիւն» թերթը ընթերցողներին առաջարկում է հույսեր չկապել եվրոպական երկրների, մասնավորապես Անգլիայի հետ.

«Հայ ժողովրդի ողբերգության մեջ Անգլիան մեծ դեր է կատարել անցյալում: Իր քաղաքական շահերի տեսակետից՝ նա, սկսած 1878 թվականից, Թուրքիային զորավիգ է եղել՝ հայերի համար պահելով միայն լոկ խոսքով արտահայտված համակրանք» (1919, ապրիլի 5):

1919-ին Ալեքսանդրապոլի քաղաքային ընտրություններին դաշնակցության հաղթանակը «Մարդկայնութիւն» թերթը կասկածի տակ էր առել՝ նկատելով, թե հանձնաժողովների բոլոր նախագահները դաշնակցականներ են:

Ինչին արձագանքել էր «Շիրակի աշխատավոր» թերթը. «Դաշնակցության տարած հաղթանակը Ալեքպոլի քաղաքային ընտրություններին անգույն ու եսասեր խմբակներին «անհարմար» վիճակի մեջ է դրել: Կորցրած իրենց հավասարակշռությունը, առանց այդ էլ աննորմալ մեր այդ հակառակորդները Դաշնակցությանը վարկաբեկելու, մասսայի առաջ նրա դիրքը «գցելու» միջոցների մեջ խտրություն չեն դնում» (1919, մայիսի 14, N 31):

100 տարի առաջ դաշնակցականները ընտրողներին կոչ էին անում. «Ընկերներ և քաղաքացիներ, ձայն տվեք ՀՅ դաշնակցությանը՝ N1»:

Եվ տալիս էին այս նախընտրական խոստումները.

«1.Միացյալ և անկախ Հայաստան, 2. Հաց-ժողովրդին, 3. Հող- աշխատավորին, 4. Գործ-գործազուրկին, 5. Կարգ ու ապահովություն, 6. Ազգերի համերաշխություն, 7. Ամբողջ իշխանությունը աշխատավոր ժողովրդին» («Շիրակի աշխատավոր», 1919, հունիսի 18):

Անբարեխիղճ «տնտեսվարողների» թեման ևս նոր չէ. « 24-ին դեկտեմբեր, գյուղացիները՝ թվով երեք հարյուր, դիմելով ինձ՝ հայտարարել են, որ Տեղ գյուղի հասարակության հացահատիկ հավաքող Ն. Մելիք-Բարխուդարյանը և իր օգնական Մ. Բալաշյանը և Ա. Բաբայանը գյուղացուց հավաքելով լավ տեսակի ցորեն, գավառական պարենավորման վարչությանը ներկայացրել են կեղծված՝ հետը հող և այլ խառնուրդ խառնած ցորեն: Երեքն էլ բանտարկված են» («Սյունիք»,1920, հունվարի 1):  

2018-ին բանակի համար զանազան հանգանակությունները, աղյուս կամ հեռադիտակներ հավաքելու, տաք գուլպաներ ու սպիտակեղեն ուղարկելու արմատները ձգվում են մինչև Առաջին հանրապետություն:

Գրեթե բոլոր թերթերում կա խորագիր՝ «Բանակի օր», որն ազդարարու է. «Գյուղացիներից հավաքվելու է գլխավորապես մթերք՝ ձու, յուղ, պանիր, ոչխար, տավար և այլն: Տեղի կունենա նվիրատվություն՝ դրամի, գուլպաների, ձեռնոցների, բաշլըղների» («Շիրակի աշխատավոր», 1920, N 76):

Պատմությունը 100 տարին մեկ կրկնվում է: Վկան՝ Առաջին հանրապետության շրջանի մամուլի հրապարակումները:

 

Լիլիթ Ավագյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?