Հեղափոխական ժամանակների լրատվության դժվարությունները

29.04.2018, Քննադատ

Լրագրող

Հեղափոխական այս հախուռն օրերին ցանկացած տեղեկատվություն կորցնում է թարմությունը ասելիքն արտաբերողի ձայնի արագությամբ: Առավոտյան ի հայտ եկած տեղեկությունն արդիական չէ կեսօրին, արդեն երեկոյան հրապարակից, կառավարական կամ կուսակցական կաբինետներից հոսող լուրերը  լրիվ նոր իրավիճակ են ստեղծում: Լրագրողները հազիվ են հասցնում թելադրել նորությունը խմբագրությանը կամ սղագրել տեքստը, այն արդեն հնացած է:

Ու, ինչպես միշտ քաղաքական ակտիվության շրջանում, այժմ էլ ի հայտ են եկել դժվարընթեռնելի անուններով տարատեսակ «թիթեռնիկ» կայքեր, կամ վերակենդանացել են նախկինում էլ օգտագործված ու մինչ այս stand by ռեժիմում գտնվողները:

Դրանք, սովորականի նման, տարածում են տեղեկատվություն այս կամ այն խմբի շահերից բխող տեսանկյունից, իսկ ավելի հաճախ՝ «մաքուր» ապատեղեկատվություն են սփռում: Եվ օրվա խելահեղ ռիթմը թույլ չի տալիս ըստ պատշաճի ստուգել տեղեկատվությունը կամ հասցնել հերքել այն. կեղծ լուրը տարածվում է ու անում իր  «սև գործը»:

Օրերս Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հեղափոխական շարժման աջակիցների անունից տարածվեց մի ձեռնարկ կամ «հուշաթերթիկ», որը կոչված էր պայքարելու կեղծ լուրերի դեմ:

Փաստաթղթի մեջ ներառված է երկու ցուցակ, որոնցից  մեկում լրատվության անվստահելի (կազմողներ կարծիքով) աղբյուրներն են, երկրորդում՝ վստահելիները:

«Սև ցուցակում» այն լրատվամիջոցների ու սոցցանցերի օգտատերերի անուններն են, որոնք հեղինակների կարծիքով` զբաղվում են ոչ հավաստի տեղեկատվության տարածմամբ: Խորհուրդ է տրվում չհետևել այս ռեսուրսներին կամ անգամ դրանք արգելափակելու հայտեր ուղարկել:

Նկատելի է, որ ցուցակը կազմվել է հապճեպ և հիմնված է ավելի շատ կազմողի նախընտրությունների, քան շատ թե քիչ օբյեկտիվ վերլուծության վրա: Օրինակ` «սև ցուցակում» բացահայտ ֆեյք ու հավանաբար այս օրերին ստեղծված` ապատեղեկատվություն տարածող կայքերի ու հաշիվների կողքին կան այնպիսինները, որոնք իրենց որոշ խնդիրներով հանդերձ ոչ մի կերպ fake news չես համարի: Առաջիններն, իհարկե, մեծամասնություն են:

Նմուշներ

Shame.am կայքում ակնհայտ մոլորեցնող վերնագրի ներքո Ծառուկ Սարգսյան կեղծածունով գրող մարդու պատկերացումներն են:

Իսկ AznivNews.ru խոսուն անունով կայքը անգամ փորձում է համոզել, որ Սերժ Սարգսյանը հրաժարական չի տվել:  

Լրատվական կայքերից բացի` «սև ցուցակում» ներառված են այնպիսի օգտատերեր (իրական մարդիկ), որոնք, ճիշտ է, հաճախ իրենց կարծիքն արտահայտելիս դիմում են որոշակի մանիպուլյացիայի, բայց դա հիմնականում անում են վերլուծության ժանրի մեջ՝ առանց փաստերի կեղծման: Կան նաև այնպիսիք, որոնք միանգամայն տեղավորվում են «ֆեյք» հաշվի մասին դասկան պատկերացումների մեջ: Օրինակ` Տիգրան Դավիդյան անունով օգտատերը, որի հաշվից առաջին հանրային գրառումն արվել է  2017-ի հունվարին և երկու տարվա ընթացքում արվել է 2-3 գրառում, նկատելիորեն ակտիվացել է այս մի քանի օրերին: Եվ, ահա, այս օգտատիրոջ արած հետևյալ «ցնցող» գրառումը տեղ է գտել lavmior.ru կոչվող կայքում:

Կանաչ ցուցակի դարչնագույն երանգները

Թավշյա հեղափոխության աջակիցների անունից տարածված «սև ցուցակի» կողքին կա նաև «սպիտակ» կամ հանուն պատկերավորության ասենք՝ «կանաչ» ցուցակ: Սրա մեջ, համապատասխանաբար, ներառված են լրատվության այն աղբյուրները, որոնք, ըստ հեղինակների, վստահելի են:

Այստեղ, օրինակ, «Ազատություն» ռադիոկայանի կողքին ներառված է Hartak.am անունով կայքը և նրա ֆեյսբուքյան էջը: Մինչդեռ վերջին մի քանի տարիներին այս կայքը պարբերաբար «բռնվում է» մոլորեցնող վերնագրերով ակնհայտ ապատեղեկատվություն տարածելու վրա: Լրագրողական հանրությունը պարբերաբար փորձում է այս լրատվամիջոցին «բերել պատասխանատվության դաշտ», սակայն ապարդյուն:

«Կանաչ ցուցակում» էլի մի քանի կասկածելի կայքեր են ընդգրկվել, որոնք ժամանակ առ ժամանակ «լայքաբեր» վերնագրեր ու բամբասանքներ են տարածում: Իսկ ցուցակը կազմողների վստահությունը վայելող ֆեյսբուքյան օգտատերերից Հայկ Բարսեղյանը 2016-ին` ՊՊԾ գնդի գրավման վերջին օրը, հայտարարել էր, թե իբր «Քարվաճառում զինվորների ձեռքից զենքը հավաքում են, իսկ հակառակորդը պատրաստվում է հարձակման»: Մի քանի ժամ հետո Հայկն ու իր թիմակիցները հերքեցին տեղեկությունն ու ջնջեցին իրենց էջից գրառումը, որը, սակայն, արդեն տարածվել էր հազարավոր այլ օգտատերերի կողմից:

«Հեղափոխական» ցուցակում տեղ չգտած դրվագները

Մյուս կողմից, օրինակ, «հեղափոխական սև ցուցակում» տեղ չեն գտել բավական հայտնի և որոշակի վստահություն վայելող կայքեր, որոնք այս օրերին չճշտված, բամբասանքներ հիշեցնող տեղեկություններ են տարածում:

1in.am կայքը ժամանակ առ ժամանակ «սեփական աղբյուրների վրա» հիմնված, պաշտոնապես չհաստատված մի քանի տեղեկություն է տարածում, որոնք հերքվում են կամ մնում են անարձագանք:

 

Ուշադրություն դարձրեք դիտումների քանակին

«Հրապարակ» օրաթերթը ապրիլի 26-ին առանց խմբագրման ու հավելյալ տեղեկանքի տարածեց Նիկոլ Փաշինյանին ուղղված անանուն բաց նամակ՝ ստորագրված «թավշյա հեղափոխության մասնակից, այժմ՝ խիստ մտահոգ» մի քաղաքացու կողմից, որում փաստական մի շարք անճշտություններ կային: Մասնավորապես` նամակի հեղինակը Փաշինյանին մեղադրում է ՀՀԿ-ն արգելելու մտադրության, փողոցում վարչապետի ուղղակի ընտրություն կազմակերպելու, ընտրովի ասուլիսներ կազմակերպելու և այլնի համար: Լուրը արտատպեցին մի քանի այլ կայքեր:

Ապրիլի 25-ին՝ օրվա երկրորդ կեսին, սոցցանցերում տեղեկություն հայտնվեց, թե վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հրաժարական է ներկայացրել: Լուրը տարածեցին նաև մի շարք լրատվամիջոցներ: Կառավարության լրատվական ծառայությունը անմիջապես հերքում տարածեց: Միևնույն ժամանակ կառավարության լրատվականը նույն օրը տարածել էր ԱՄՆ դեսպանի հետ Կարապետյանի հանդիպման մասին պատմող հաղորդագրություն, որում դեսպան Միլսն իբր կասկածի տակ էր առել Երևանում ընթացող ցույցերի սահմանադրական բնույթը և նկատել էր, որ «վարչապետի թեկնածության հարցերը փողոցներում չէ, որ որոշվում է»: Ավելի ուշ ԱՄՆ դեսպանությունը հայտարարեց, որ կառավարության տարածած տեղեկությունը «սխալ թարգմանության արդյունք է»:

«ՍիվիլՆեթը» ապրիլի 28-ին հրապարակեց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը: Ըստ «ՍիվիլՆեթի» վերնագրի` Ֆարմանյանը կարծում է, թե ՀՀԿ-ն պետք է մայիսի 1-ին կայանալիք վարչապետի ընտրությանը քվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին, մինչդեռ Ֆարմանյանի ձևակերպումն այլ էր: «ՍիվիլՆեթի» խմբագրությունը շուտով շտկեց վերնագիրը:

Ամփոփենք. ապատեղեկատվության դեմ, իհարկե, պետք է ինչ-որ կերպ պայքարել, բայց միայն ծայրահեղ դեպքերում՝ սահմանափակող իմպերատիվ իրավական նորմերի միջոցով: Լավագույն գործիքը, թերևս, ինքնակարգավորումն է, այսպես ասած` էթիկական ճնշումը: Կարելի կլիներ «սև» կամ «կանաչ» ցուցակների հրապարակումն այդպիսի միջոց համարել, պայմանով, որ դրանք ինչ-որ համընդհանուր ընկալելի չափանիշներով կազմվեին կամ գոնե հիմնված լինեին ստուգված փաստերի վրա:

Հակոբ Կարապետյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?