2019.02.04,

Քննադատ

Շահում է նա, ով լավ է բացատրում

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Այն իրավիճակը, երբ բոլորն ավելին են սպասում լրատվամիջոցներից ու անընդհատ դժգոհ են, որ լրատվական դաշտից բավարար բացատրություն չեն ստանում, կարելի է բնական համարել, քանի որ բացատրելու պահանջը միշտ է թելադրող:

Եվ այդ պահանջից են ծնվում նաև մեղադրանքները, թե եղանակ են ստեղծում կեղծ լուրերը, կեղծ լրատվական օրակարգն ու ընդհանրապես՝ լայն իմաստով ֆեյքերը: Նոր ու երիտասարդ իշխանական վերնախավն էլ հաճույքով հիմնավորում ու տարածում է ֆեյքերի գոյության վարկածն ու հայտարարում, որ պետք է պայքարել դրանց դեմ:

Հեղափոխությունից առաջ ավելի պարզ էր. կար ամեն գնով իշխանությունը պահպանելու ու այդ մղումը ազգայնական պաթոսով ու պատերազմական սպառնալիքով պահպանելու ցանկություն:

Լրատվական դաշտն էլ փորձում էր կազմաքանդել նախորդ իշխանությունների բրգաձև-կլանային շահերն ու կեղծ հայրենասիրական բացատրությունները:

Եվ պահանջարկ ունեին այն լրատվամիջոցները, որոնք կարողանում էին դա անել՝ առավել անկախ լինելով տեղական օլիգարխիկ ֆինանսական աղբյուրներից:

Այդպիսին էին, օրինակ, «Հետքը», «Ազատությունը» կամ ավելի փոքր ու ավելի անկախ կայքերը, որոնք փորձում էին հետաքննել ու պարզել, թե ինչու չեն ստացվում տարբեր լավ բաները և մենք նորից ընկնում ենք փակ բյուրոկրատական-գողական շրջապտույտի մեջ:

Որքան էլ փողը կուտակվում էր կլանային կամ մերձկլանային մեդիա միավորումների թիկունքում ու գրպաններում, միևնույն է իրականության բացատրության ֆունկցիա դրանք չէին կատարում:

Դրանք, իհարկե, շատ էին, ունեին ռեսուրսներ, բայց բոլորն էլ տեսնում էին, որ փողը դատարկությունը քողարկելու, հաջողություններն ուռճացնելու ու լսարանին անհուսության թմբիրի մեջ թաղելու համար է:

Հետո եկավ հեղափոխությունը, իսկ հետո արդեն՝ նորերը ստացան զգալի իշխանություն: Իսկ իշխանության հետ մեկտեղ նաև վստահության ահռելի պաշար ու իրականությունը բացատրելու իրենց շանսը:

Եվ որքան տեսնում ենք, այդ շանսը լավ չեն օգտագործում: Եվ բնավ էլ ոչ միայն փող ունեցող տարբեր մերձկլանային լրատվական միավորների պատճառով:

Երկու դեպք հիշենք, երբ մեդիան հետևելով նոր պաշտոնյաների առաջարկած օրակարգին, ստիպված էր ընդունել, որ բացատրությունն ու դրա առիթը իրար չեն համապատասխանում: Ընդհակառակը, բացատրությունն էր ֆեյք:

Երևանի գլխավոր ճարտարապետը հայտարարեց, որ կառուցվելու են մետրոյի նոր կայարաններ: Լրատվամիջոցների մոտ հարցեր ծագեցին: Հարցերը պետք է իրապես հուզող ու օգտակար թեմաների օրակարգ ստեղծեին: Իսկ քաղաքապետը պատասխանեց. «Մենք չենք ասում՝ կառուցելու ենք, մենք աշխատանքներ ենք տանում այդ ուղղությամբ»:

Իհարկե, պարզ է, որ սա բացատրություն չէ: Միգուցե ավելի վատ է, հին ոճով բացատրությունից խուսափելու փորձ է:

Սպասվում են նախարարությունների լուրջ տրանսֆորմացիաներ: Եվ բնական է, որ օրակարգային է այս հարցը՝ հանուն ինչի՞ են արվում այդ փոփոխությունները:

Գիտական միտքը, դպրոցը, բուհը, արվեստին աջակցող մեխանիզմները. ամեն ինչ սպասում է բացատրության իր հերթին:

Բայց քննարկվող թեմաներ են դառնում, օրինակ, քահանայի հետ միջադեպը, ուսուցիչների պատշաճության վարքականոնը կամ մշակույթի նախկին նախարարի տարօրինակ մտքերը՝ օրհներգի ու զինանշանի ուղերձների մասին:

Չենք կարող պարզել, թե ռազմավարական ուղղություններից կարևորը՝ կրթական-մշակութայինը, ուր է մեզ տանելու: Բայց փոխարենը հիշատակվում են դպրոցական աբոնեմնետները կամ դպրոցում արվեստի ժամերի ներմուծումը:

Բարդ չէ հասկանալ, թե ինչու արդիականացվեցին հենց այդ թեմաները և հենց հիմա: Ձևափոխելով քաղաքապետի խոսքերը, կարելի է ասել, որ «աշխատանքներ են տարվում բացատրություն գտնելու ուղղությամբ»: Իսկ մինչ տարվող աշխատանքները արդյունք կտան ու ուղղություններ կգտնվեն, եկեք քննարկենք հիմնը:

Ցանկացած լուրջ փոփոխություն առաջին հերթին փիլիսոփայական պարույր է:

Եվ եթե այսօր մեր նոր կառավարիչներն ու պաշտոնյաները, որոնց մենք սիրում ու ընտրել ենք, շարունակեն կարծել, որ մենք ընդամենը կեղծ լրատվական օրակարգի զոհն ենք ու ինքներս չենք կարող զատել կարևորն ու անկարևորը, ուրեմն փիլիսոփայական հայացքի փոփոխություն տեղի չի ունենա:

Եվ արժե նկատել, որ օրինակ «Ազատությունը» այլևս դադարել է անվերապահորեն ընդունելի անկախ ու ոչ կողմնակալ լրատվական աղբյուր լինել, որ Հանրային հեռուստատեսության լրատվական ծրագրերը հեղափոխությունից հետո էլ դժվար է համարել պրոֆեսիոնալիզմի ստանդարտ:

Սիրո ու վստահության պաշարի զգալի (դասական բառով ասած՝ աննախադեպ) ծավալը հիմա խանգարում է շատերին: Եվ առաջին հերթին մեդիա դաշտին՝ վաստակավոր ու պատասխանատու լրատվամիջոցներից սկսած, շարքային ակտիվ քաղաքացի-օգտատերերով վերջացրած:

Սերը բացատրության հակոտնյան է: Ի վերջո, սիրում ես առանց բացատրության: Անգամ, ի հեճուկս բացատրության:

Բայց սիրո պաշարը անվերջ չէ, և հիմա տեսնում ենք, որ իշխանափոխությունից հետո ֆինանսական լուրջ աջակցություն ունեցող լրատվամիջոցների համար ավելի հեշտ է բացատրել (և դրանով իսկ՝ արժևորել) նոր իշխանությունների անհաջող քայլերը, որոշումները, այդ որոշումները ներկայացնելու փորձերը: Եվ գնալով, դա ավելի հեշտությամբ է արվում:

Սա ավելի մտահոգիչ է, քան ֆեյքերի զանգվածային որսի հրավերը:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *