Տրանսգենդեր կնոջ ելույթին հաջորդեցին կեղծ լուրեր

15.04.2019, Ստուգված է

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի փաստերի ստուգման խմբի անդամ

Ապրիլի 5-ին խորհրդարանական լսումների ժամանակ առաջին անգամ Ազգային Ժողովի ամբիոնից ելույթ ունեցավ տրանսգենդեր կին: Ելույթին հետևեցին մի շարք կեղծ լուրեր:

Սունկ կայքի թեման

«Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով լսումների ժամանակ Լիլիթ Մարտիրոսյանի ելույթին խնդրահարույց արձագանք տվեց Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Ելույթին հաջորդեցին բուռն քննարկումներ սոցցանցերում, տեղի ունեցավ ցույց ԱԺ դիմաց: Հնչեցին մահվան բազմաթիվ սպառնալիքներ, տարբեր ոլորտների փորձագետների հրավիրվեցին տասնյակ քննարկումների, նույնիսկ քահանա ժամանակվորապես փիլոնազրկվեց:

Ինֆորմացիոն այս փոթորկի մեջ տարածվեցին կեղծ լուրեր: Օրինակ, HYNEWS2 կայքը տեղեկություն հրապարակեց թե «աղջիկ ներկայացող տղային դաժան ծեծի են ենթարկում հենց փողոցի մեջտեղում»: Ըստ կայքում տեղադրված հաշվիչի նյութը դիտվել է 4456 անգամ (այս հոդվածը գրելու պահին):

HYNEWS2-ը սունկ կայք է, այսինքն այն լրատվամիջոց չէ, այլ վեբկայք, որը գումար է աշխատում համատեքստային գովազդով՝ դիտումների հաշվին: Սունկ կայքերը սովորաբար չեն ստեղծում սեփական բովանդակություն և հաճախ կեղծ ու կիսաճշմարիտ լուրեր են տարածում:

Միջադեպի մասին հրապարակման մեջ օգտագործվել էր հին լուսանկար: Դեռ 2011 թ. այս լուսանկարով ուղեկցված էր Հայ ազգային կոնգրեսի անդամներին բռնության ենթարկելու մասին հոդվածը:  

Ավելին՝ սունկ կայքի հրապարակման մեջ կար միայն վերնագիր. բուն հոդվածի փոխարեն դրված էր Վիքիպեդիայի «Նույնասեռականություն» հոդվածից մի հատված: Նյութին կցված էր նաև Shabat.am լրատվականի 2018 թ. մեկ այլ տրանսգենդեր կնոջ բնակարանի հրկիզման դեպքի մասին տեսանյութը:

2018-ի դեպքը որպես նոր լուր HYNEWS2 կայքը փորձել էր ներկայացնել նաև ապրիլի 12-ին (1707 դիտում) և 13-ին (367 դիտում): Այս երկու նյութում նույնպես հոդված չկա՝ մեկում երկու անգամ կրկնված է վերնագիրը, մյուսում տեքստը առհասարակ բացակայում է:

Ապրիլի 7-ից 14-ը HYNEWS2 կայքը Լիլիթ Մարտիրոսյանի ելույթին առնչվող 20 հրապարակում է արել:  

Հերթական «գեյ-շքերթը»

Կեղծ լուրեր տարածեցին նաև ֆեյսբուքի օգտատերերը: Օրինակ, օգտատեր Երվանդ Էրզրումյանը ապրիլի 6-ին գրառում կատարեց, թե «լուրջ տեղից» տեղեկություն է ստացել, որ ամռանը Հայաստանում կանցկացվի գեյ-շքերթ՝  «հովանավորներն են պետական կառույցները»։ Էրզրումյանը չէր տրամադրել ոչ մի հավելյալ տեղեկություն, չէր նշել նաև մանրամասներ լուրի աղբյուրի մասին:

ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Փինք» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Մամիկոն Հովսեփյանը Media.am-ի հետ զրույցում տեղեկությունը անվանեց «սուտ», նշելով. «Ամեն տարի նման պրովոկացիա անում են»:

Հայաստանում գեյ-շքերթ անցկացնելու մասին լուրեր իսկապես պարբերաբար տարածվում են մեդիայում: Օրինակ, «Ա1+»-ը այսպիսի ենթադրություն հրապարակել էլ 2013-ին: 2015-ին ևս մեկ գեյ-շքերթի մասին գրել էր Shame.am կայքը:

Գեյ-շքերթի մասին մանիպուլյատիվ լուրերը շարունակում են պարբերաբար հայտնվել մեդիայում, և ԼԳԲՏ անձանց իրավունքների թեման շարունակում է լինել շահարկումների առարկա:

Կարինե Ղազարյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?