Երբ միֆերը շատ են, լրագրողի գործը դրանք ցրելն է

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Երևանում հայտնվել են գունավոր պաստառներ, որտեղ ասվում է՝ նույնասեռականները Փաշինյանի կողմից են. պաստառի վրա նշված է Noah pride նախաձեռնությունը և կայքի հասցեն։

Noah pride-ի հետևում կանգնած մարդկանց խումբը փորձում է այն ներկայացնել որպես ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանս անձանց) խնդիրներով զբաղվող հեղինակավոր միջազգային կազմակերպություն, սակայն միանգամից մի քանի կետերով ձախողում է այդ փորձերը։

Կայքում որպես Noah pride-ի տեղական գործընկեր է նշված եղել նաև Փինք Արմենիան , որի գործադիր տնօրեն Մամիկոն Հովսեփյանը հերքում է այդ համագործակցությունը։

Մամիկոնը նաև պարզել է, որ որպես Noah pride-ի գործընկեր նշված անհատներն ու այլ կազմակերպությունները ևս հերքում են իրենց կապը այդ նախաձեռնության հետ և չեն ճանաչում այն։ Օրինակ` Noah pride-ի կայքում որպես Փինք Արմենիայի հետ առնչվող 4 անձանցից միայն մեկն է իրականում աշխատում Փինք Արմենիայում։

Noah pride-ի կայքում որպես գործընկեր նշված է նաև ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալությունը՝ USAID-ին, որի Հայաստանի վերաբերյալ կայքում աջակցություն ստացած կազմակերպությունների ցանկում  Noah pride-ը չկա։ USAID Հայաստանից նաև տեղեկացրին, որ Noah pride անունով կազմակերպության կամ կայքի հետ երբեք չեն համագործակցել։

Որպես հեղինակավոր ու ներկայացուցչական նախաձեռնություն հանդես եկող Noah pride-ը իր կայքի դոմեյնը գրանցել է Երևանում իրականացրած ակցիայից 8 օր առաջ՝  նոյեմբերի 11-ին։

Լրատվամիջոցները Noah pride-ից հաղորդագրությունը ստացել են [email protected]  էլեկտրոնային փոստի հասցեից։ Այն գեներացվել է europamel.net կայքում։ Ինտերնետում այս կայքի մասին արագ որոնումն էլ բավարար է պարզելու համար, որ այն էլեկտրոնային փոստի ծառայություն է և օգտագործվում է էլեկտրոնային փոստով խաբեություններ իրականացնելու սխեմաներում (scam)։ Ինտերնետային scam-ի դասական դեպքերը աֆրիկաներում հսկայական ժառանգությունների մասին էլեկտրոնային նամակներն են։ Scam-ի մասին զգուշացնող կայքերում europamel.net-ի մասին զգուշացումները բազամաթիվ են։

Նոյեմբերի 19-ին Noah pride կոչվող այս նախաձեռնությունը տարածել էր մամուլի հաղորդագրություն՝ լուսանկարներով և տեսանյութով, որ նոյեմբերի 16-17-ին ակցիա են իրականացրել Երևանում՝ «Համարձակ քայլի՛ր, Նիկոլ» և «Բարև, Երևան» կարգախոսներով։

Տարածված տեսանյութում երևում է, որ Երևանում Noah pride ներկայացող խմբի ակցիային մասնակցել է չորս օտարերկրացի, որոնք Երևանի տարբեր վայրերում մի քանի վայրկյան քայլել են, լուսանկարվել գունավոր դրոշով ու պաստառով։

Մամուլի հաղորդագրության մեջ նշված է եղել, որ ակցիան անցկացրել են Լեհաստանի, Բուլղարիայի և Ուկրաինայի ակտիվիստները։

Հայաստանյան լրատվամիջոցներն իրենց հրապարակումներում օգտագործել են Հայաստանում ԼԳԲՏ ակտիվիստների նկարը։ Ըստ Մամիկոն Հովսեփյանի՝ լրատվամիջոցները ակցիային չմասնակցած հայաստանցիների հին լուսանկարներն օգտագործել են «քանի որ դա կարող էր բարձրացնել ատելության ավելի մեծ ալիք, քան ինչ-որ օտարերկրացի անծանոթ չորս երիտասարդների նկարները»։

Հայաստանյան լրատվամիջոցներում ընդհանրապես վերջին շրջանում ԼԳԲՏ անձանց թեմայով հրապարակումներն ու տարածվող միֆերը շատ են։

Օրինակ` «Հրապարակ» օրաթերթը հաջողացրել է ԼԳԲՏ անձանց թեմային քաղաքական ենթատեքստով անդրադառնալ շաբաթը երկու անգամ պարբերականությամբ։ Համենայն դեպս, նոյեմբերի 5-ից 12-ը շաբաթվա ընթացքում այդպես էր։

Նոյեմբերի 7-ի հոդվածի վերնագիրն էր ««Դուխով» տրանսգենդերը, մեծամասնության համար՝ փոքրամասնության դիրքերից»։

«Վերջերս հայտնի դարձավ, որ ԿԳ նախարարի ԺՊ Արայիկ Հարությունյանն ընդունել է տրանսգենդեր մարմնավաճառ, ակտիվիստ ոմն Գարիկի (Կարաբինա), և, ինչպես երևում է վերջինիս տարածած լուսանկարի մեկնաբանությունից, հանդիպումը եղել է «հաջողված», և երիտասարդը բավարարված է հեռացել նախարարությունից»,- գրում է հոդվածի հեղինակ Արամ Խաչատրյանը:

Հեղինակը ենթադրում է, որ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը քննարկել է «սեռական առողջ դաստիարակությունը, որի մեջ ներառում են նաև սեռական փոքրամասնությունների խնդիրները» դպրոցական ծրագրերում ընդգրկելու հարցը։

Ենթադրությունից հետո հեղինակը դատապարտում է իր ենթադրած եզրակացությունը․ «Մեր էության խորթ արժեհամակարգերի ներմուծումը Հայաստան ու պետական բարձր մակարդակով դրա խրախուսումը չի կարող լինել ժողովրդավարական քայլ: Երբ հասարակության ճնշող մեծամասնությունը դեմ է այդ արժեքներին, այստեղ խոսք անգամ լինել չի կարող սիրո ու համերաշխության մասին: Իսկ պետական մակարդակով նման հանդիպումների անցկացումը, ծրագրերի նախաձեռնումը եւ միասեռականության քարոզը դատապարտելի են եւ ուղղված մեր արժեհամակարգի ու պետականության դեմ»:

Նոյեմբերի 9-ի հոդվածն ուղղակի պնդում էր՝ «ԼԳԲՏ քարոզարշավի մեկնարկը տրված է Հ1-ով»:

Հոդվածի հեղինակ Նարա Մարտիրոսյանն իր առաջին նախադասությունում 85 բառ է օգտագործել։ Նա Հանրային հեռուստատեսության եթերում «07.11.2018թ. «Առավոտ Լուսո» հաղորդաշարի 2 ժամ 7-րդ րոպեից սկսած ցուցադրեց մի երգի տեսահոլովակ, որտեղ մազածածկ դեմքով՝ մորուքով, բայց միաժամանակ փարթամ կրծքերով կիսակին ու կիսատղամարդ երգիչը երգի միջոցով իր տեսակն էր բարձրաձայնում» ու որոշեց, որ «Իհարկե, նուրբ մոտեցում է Հ1-ի կողմից, բայց կարելի է արձանագրել, որ առաջին քայլն արված է, որին հավանաբար կհաջորդեն ԼԳԲՏ-ների մասին պատմող մուլտֆիլմերը, ֆիլմերը…»։

Ենթադրությունները այս թեմայով «Հրապարակում» շարան-շարան հրապարակվող հոդվածների գլխավոր հատկանիշն են։

Հանրային ռադիոն «ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումը` բուռն քննարկումների թեմա» հրապարակման մեջ ներկայացնում է որպես բնապահպան հանդես եկող Կարինե Դանիելյանի ակնհայտ մանիպուլյատիվ պնդումները՝ «ԱՀԿ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ  շրջակա միջավայրի թունավոր նյութերով աղտոտվածությունն առաջին հերթին ազդում է մարդկանց հորմոնների վրա: Նույնասեռականությունը հիվանդություն է»:

Կարինե Դանիելյանը մեջբերում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և մոլորեցնում է լրագրողներին։ ԱՀԿ կայքում կարճ որոնումը բավարար է կարդալու համար, որ այս կազմակերպությունը 1970թ․-ից նույնասեռականությունը հեռացրել է հոգեկան առողջության հետ կապ ունեցող բոլոր տեսակի ցանկերից։

Հատկապես նախընտրական շրջանում ԼԳԲՏ անձանց վերաբերյալ տարածվող միֆերի քաղաքական շահարկումներից խոսեց նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նրա կարծիքով` թեման քաղաքական պայքարի մաս են դարձնում նախկին իշխանությունները՝ ՀՀԿ-ն։

Նման տեմպերով շարունակելու դեպքում ԼԳԲՏ անձինք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ քննարկվող թեմաներից են դառնալու։ Հատկապես որ այն շահարկելը հեշտ է՝ միֆերը ու տարածվող ատելությունը շատ են, իսկ լրագրողների՝ այդ միֆերը ցրելու ու ատելությունը մեղմելու ջանքերն անհամաչափ քիչ։

Գեղամ Վարդանյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *