Լուսանկարչության էթիկան մեդիայում

05.04.2018, Մեդիագլոբ

Մուլտիմեդիայի դարում հիմնական իմաստավորող միավորը պատկերն է, որը կարծես դուրս է մղել տեքստը: Պատկերն առաջադրում է թեմա, տեքստի ոճ և հանդիսանում ներկայացվածի ապացույց:

Էսսեագիրները, լուսանկարիչները և լրագրողները պատմում են, թե վիճելի դեպքերում որտեղ է լուսանկարների օգտագործման էթիկայի սահմանը:

Վավերագրական լուսանկարների խմբագրում և բեմադրում

Չնայած լուսանկարների «վավերագրական» անվանումը ենթադրում է իրականության ճշգրիտ արտացոլում, լուսանկարիչները հանուն «գեղեցիկ» պատկերի չեն խուսափում խմբագրումից և բեմադրումից:

Օքսֆորդի համալսարանի և World Press միջազգային ֆոտոմրցույթի համատեղ հարցումը պարզել է, որ լրատվական լուսանկարիչների կեսից ավելին երբեմն բեմադրում է իր լուսանկարները: Հարցվածների 12%-ը նշել է, որ այդպես է վարվում կեսից ավելիի դեպքում:

«Նյու Յորք Թայմսի» պատասխանատու խմբագրի օգնական և լուսանկարչության բաժնի ղեկավար, World Press Photo մրցույթի ժյուրիի անդամ Միշել Մակնոլլին ասում է.

«Բեմադրված լուսանկարներն անթույլատրելի են լուրերում, որոնք կոչված են արտացոլել իրականությունը: Ընդամենը մեկ բեմադրված լրատվական հրապարակումը կարող է սասանել ընթերցողների վստահությունը:

Իմ պրակտիկայում եղել է դեպք, երբ լրագրողը, լուսաբանելով Լիբանանի դեպքերը, ինձ զգուշացրել է, որ գործուղումից չի բերի մահացած երեխայի դին երթով բերող դրամատիկ կադրեր (երբ ամբոխը տեսնելով լուսանկարիչներին, դեռահասի մարմինը հանել է հողից և գլխավերևում պահած ցուցադրել): Լրագրողը հրաժարվել է նման լուսանկարներ անել:

Մեկ այլ օրինակ. «Թայմ» ամսագիրը հոդված է պատրաստել Ռուսաստանում մանկական մարմնավաճառության մասին, սակայն լուսանկարներում իրական պերոսոնաժ չկար: Հինգ էջ բեմադրված լուսանկարներ էին՝ առանց խմբագրի գիտության»:

Time-ի տխրահռչակ ֆոտոպատմությունը Ռուսաստանում անչափահասների մարմնավաճառության մասին, 1993 թվականի հունիսի 23

Լուսանկարիչ, Photography Life-ի հիմնադիր Նասիմ Մանսուրովը պատմում է.

«Հաշվի առնելով, թե որքան կարևոր է ֆոտոն, որևէ խմբագրում անթույլատրելի է: Դա վերաբերում է վավերագրական լուսանկարչությանը, ցանկացած ռեպորտաժի, անգամ փողոցային լուսանկարներին: Երբ նայում ենք լուսանկարված մարդկանց, ուզում ենք հավատալ տեսածին: Այդպիսի լուսանկարները դառնում են պատմություն, և չենք կարող թույլ տալ, որ դրանք աղավաղեն փաստերը:

Օրինակ զգալիորեն խմբագրվել էր Բրայան Վալսկու լուսանկարը, և երկու տարբեր լուսանկարներից կազմվել էր մեկ կոմպոզիցիա:

Վերևում Վալսկու երկու լուսանկարների բնօրինակներն են, ներքևում՝ խմբագրվածը:

Ցավոք, Վալսկիի կարծիքով՝ «կոմպոզիցիան լավացնելու» նպատակով երկու լուսանկարից մեկը ստանալը լավ գաղափար է, և որ լուսանկարներն այդպես կտրուկ խմբագրելն ընդունելի է:

Որոշ դեպքերում լուսանկարները խմբագրող թղթակիցները պետք է անգամ դատական պատասխանատվության ենթարկվեն, հատկապես այն դեպքերում, երբ լուսանկարներն օգտագործվում են որպես պրոպագանդայի մաս, աղավաղելով իրական փաստերը:

Նման օրինակներ կարելի է գտնել ողջ աշխարհում: Ավելի շատ օրինակներ են նկարագրված այստեղ:

Սոցիալական և ռազմական իրադարձությունների լուսանկարահանում

Լուրեր կազմող լրագրողները հաճախ են գրում կյանքի սարսափելի կողմի՝ աղետների, հանցագործությունների և ռազմական կոնֆլիկտների մասին: Այդ իրադարձությունների մասնակիցները հազիվ թե ցանկանային հայտնվել առաջին էջերում: Փորձագետները խորհուրդ են տալիս կշեռքի մյուս նժարին դնել պատասխանն այն հարցի, թե պատկերները ինչպիսի փոփոխությունների են հանգեցնում և որքանով են բարձրացնում լսարանի գիտակցությունը:

Քեյթլին Մաքեվոյը, ամերիկացի էսսեագիր, Շվեդիայի Ուպսալյան համալսարանի գիտաշխատող՝ մասնագիտացած մշակութային անտրոպոլոգիայի և ցեղասպանության խնդիրներով, ասում է.

«Երբ խոսքը դաժան հանցագործությունների կամ սոցիալական անարդարությունների մասին է, պետք է հարց տանք, թե ինչու ենք տարածում նման լուսանկարները, և ինչպիսի հետևանքներ կառաջացնեն դրանք: Հուզական պատկերն ինչպե՞ս է ազդում մեր առօրյա կյանքի և արդեն բթացած ռեակցիայի վրա: Երբ դուրս ենք գալիս փողոց, ունե՞նք բավարար անկախություն և հարգու՞մ ենք մասնավոր կյանքի իրավունքը: Թույլատրու՞մ ենք, արդյոք, հրապարակել մեր լուսանկարները, երբ չունենք հնարավարություն համաձայնելու կամ հրաժարվելու:

Ոմանք կարծում են, որ հոգեցունց լուսանկարները ստիպում են ուրիշներին դառնալ վկա ու կարեկցել: Նման լուսանկարների տարածման հարցը դարերով քաղաքական կրքեր է բորբոքել:

Հոլոքոստի լուսանկարները միլիոնավոր մարդկանց պատմեցին այն մասին, թե ինչ է տեղի ունեցել, մարդու և ՄԱԿ-ի իրավունքների հաստատման համար շարժիչ ուժ դառնալով: Հասարակական և իրավապաշտպան կազմակերպությունները հրապարակում են զոհերի լուսանկարներ, որպեսզի իրազեկեն մարդկանց և կոչ անեն բարեգործության: Նկարները հրապարակվում են  հաշվենկատորեն: Դա կոչվում է փոքր զոհ՝ հանուն բարի նպատակի»:

Սոցիալական ցանցերի լուսանկարների օգտագործումը

ՌԴ օրենսդրությամբ՝ սոցիալական ցանցերում լուսանկար հրապարակելը դեռևս այն օգտագործելու համաձայնության նշան չէ: Անձի լուսանկարի հրապարակման համար անհրաժեշտ է նրա թույլտվությունը: Բացառություն են պետական կամ հանրային շահ ունեցող հրապարակումները, ինչը շատ նուրբ սահմանագիծ է ՌԴ-ում:

Քեյթլին Մաքևոյը մեկնաբանում է միջազգային փորձը. «Լաս-Վեգասի ողբերգության ժամանակ, երբ հրաձիգը սպանեց 50 մարդու և վիրավորեց հարյուրների, լրագրողները զոհերի լուսանկարները տպագրում էին առանց որևէ գրաքննության: Եվ որոշ լուսանկարներ հրապարակվեցին մինչ զոհի մասին հարազատներին տեղեկացնելը: Զոհերին Ֆեյսբուքի միջոցով նույնականացրել էին լրագրողները, որպեսզի սոցիալական ցանցերի լուսանկարի համադրությամբ արագ գրեին մահախոսականներ:

Նման մի մահախոսական խոցեց սիրտս: Դա իմ ծանոթի գրառումն էր այն մասին, որ զոհը հաճելի անձնավորություն էր, չնայած նրանք հանդիպել էին ընդամենը մեկ անգամ, բայց ընկերներ էին Ֆեյսբուքում: Եվ այդպես, ընդամենը մեկ մեջբերմամբ ու գրեթե անծանոթի կողմից բնութագրվեց մի ողջ կյանք...

Միգուցե այն տղան էլ, որին տասը տարի առաջ հանդիպել էի ինչ-որ երեկույթի ժամանակ, լրագրողներին «կերակրելու է» պատմություններով ու իմ ուրախ կամ հեգնական նկարներտը տարածելու է Ֆեյսբուքում:

Ես համաձայն չեմ դրա հետ, և կարծում եմ, որ ցանկացած տուժող կցանկանար, որ իր հետ այդպես չվարվեն»:

2005 թվականին Լոնդոնի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչության պահին ուղևորների կողմից արված լուսանկար:

Մարտին Բելամը, The Guardian-ի հասարակական հարցերով ավագ թղթակիցը Լոնդոնում, պատմում է.

«Կարելի է ծիկրակել անցյալ և համեմատել, թե ինչպես են լուսաբանվել սեպտեմբերի 11-ի դեպքերը, և ենթադրել, թե ինչպես այսօր կպատմեին դրանց մասին: Եթե այդ ահաբեկչությունը տեղի ունենար 2011 թվականին, և ոչ՝ 2001-ին, առաջին հանրայնացված լուսանկարները կլինեին Համաշխահային առևտրի կենտրոնի այրվող հյուսիսային աշտարակի պատկերները, որոնք կլուսանկարեին հարավային աշտարակի աշխատակիցներն ու կհրապարակեին սոցցանցերում: Նրանք չէին էլ մտածի, որ United Airlines-ի 175 չվերթն այդ պահին ուղղվել է դեպի իրենց շենք:

Լրագրողների մոտ կհայտնվեին նաև տեսանյութեր այն պահից, երբ մարդիկ փորձում էին դուրս գալ շենքից:

Հրատապ լուրերի պայմաններում լրագրողներն արագ որոշումներ են կայացնում ուժեղ ճնշման տակ:

Նրանց կլանում է զգացմունքների փոթորիկը, ինչպես այն մարդկանց, որոնց աչքի առջև է տեղի է ունենում աղետը: Ստիպված ես լինում գործ ունենալ բազմաթիվ աղբյուրներից եկող հակասական տեղեկատվության հետ, այդ թվում՝ միտումնավոր սխալ:

Մենք պետք է խոստովանենք, որ իրադարձությունների կիզակետում ոչ միշտ ենք ճիշտ որոշումներ կայացնում»:

Փողոցային լուսանկարչություն

Սմարթֆոնների ի հայտ գալով լուսանկարչությունը դարձավ բոլորին հասանելի: Որոշ դեպքերում դա լրագրողներին օգնում է օպերատիվ աշխատել, բայց ավելի հաճախ խախտում է անձնական կյանքի իրավունքը: Օրինակ, Շվեյցարիայում արգելված է լուսանկարել ու հրապարակել լուսանկարները այն մարդկանց, որոնց կարելի է նույնականացնել և որոնք լուսանկարվելու համաձայնություն չեն տվել:

Փողոցային լուսանկարիչ Սեբաստիան Յակոբիցը ասում է.

«Դոկումենտալ և փողոցային լուսանկարչության խնդիրը պարզ է՝ ցույց տալ իրականությունը: Ցանկացած մտածված աղավաղում կհակասի այս պահանջին, և լուսանկարը կդադարի լինել վավերագրական:

Ֆոտոլրագրողները պատասխանատու չեն այն մարդկանց տառապանքների համար, ում նկարում են: Նրանք ընդամենը միջնորդ են. արձանագրում են կյանքը և հրապարակում ուղերձ, որ կյանքը ոչ միշտ է հաճո աչքին:

Մի սպանեք սուրհանդակին այն բանի համար, որ նա կյանքը ցույց է տալիս պիքսելներով: Փոխարենը հարցրեք ինքներդ ձեզ՝ ի՞նչ կարող եմ փոխել ինքս:

Ֆոտոլրագրողներն իրենց կյանքն են վտանգում՝ բարձրացնելով լսարանաի գիտակցության մակարդակն ու տարածելով այն գաղափաները, որոնք կարող են ունենալ շատ ավելի մեծ ազդեցություն, քան առանձին մարդու սահմանափակ օգնությունը:

Իրականության ցուցադրումը շահագործում չէ: Հարցը միայն մեկն է՝ լուսանկարը լա՞վն է, թե” վատը, ինչ որ բան փոխու՞մ է, թե՞ ոչ»:

«One Size Does Not Fit All: Stress Management» և «Salt in the Blood» բեսթսելլերների հեղինակ Նիքի Ուիլյամսը, պատմում է.

«Եկեք խոստովանենք, որ փողոցային լուսանկարները ոչ թե թաքնված սարքերով մարդկանց անհարմար պահերին «որսած» լուսանկարներն են, այլ չմշակված, հասարակության վիճակը բացահայտող վիրտուոզ դիմանկարները:

Նախկինում անցորդների համար նկատելի էր անգամ փոքր լուսանկարչական խցիկը, իսկ հիմա կարելի է լուսանկարել անկատ, ձևացնելով, որ հեռախոսով տեքստ եք գրում կամ ստուգում ենք փոստարկղը:

Դժվար նկատելի հեռախոսները թույլ են տալիս գաղտնի լուսանկարել շրջազգեստի տակից, առանց տեղեկացնելու լուսանկարվողին: Բացի այդ, եթե նախկինում նման լուսանկարները փոխանցվում էին միայն մարդկանց նեղ շրջանակում, ապա համացանը հնարավորություն է տալիս դրանք տարածել անսահմանորեն»:

People of Walmart-ում տեղադրվում են սիրողական լուսանկարներ՝ ամերիկյան հայտնի առևտրի կետի այցելուների կողմից

Լուսանկարիչ Մայլզ Քամինգզն ասում է.

«Փողոցային լուսանկարչությունն ավելի քան որևէ այլ ժանր, մոտ է կյանքին: Եվ ինչպես կյանքում, փողոցային լուսանկարչության դաշտում էլ էթիկան խաբուսիկ է:

Վերջին հաշվով էթիկայի կանոնները կախված են լուսանկարչից և նրա մոտեցումից: Բայց միշտ պետք է հիշել լեգենդար լուսանկարիչ Էնսել Ադամսի խոսքերը, թե յուրաքանչյուր լուսանկարում գոնե երկու մարդ է՝ լուսանկարիչը և դիտողը»:

Մանկական լուսանկարների հրապարակումը

Երեխային լուսանկարելու կամ լուսանկարը օգտագործելու համար պետք է ծնողների համաձայնությունը: Հաճախ ծնողները դեմ չեն իրենց երեխաների լուսանկարների ու տեսանյութերի հրապարակմանը: Քեյթլին Մաքևոյի կարծիքով, նրանք այդպիսով երեխաներին զրկում են մասնավոր կյանքի իրավունքից:

«Երբ հրապարակում ենք երեխաների լուսանկարները, մեզ թվում է, թե գոյությունի ունի միայն «ներկա»: Բայց ի՞նչ է լինելու ապագայում: Եթե մենք երեխաների կյանքն ամբողջությամբ վավերագրում ենք համացանցում, ապա ի՞նչ է նրանց համար նշանակելու մարդու արժանապատվությունը:

Կարծում եմ, 20 տարի հետո կարող ենք լսել, որ երեխաները ծնողների դեմ դատական հայց են ներկայացրել՝ իրենց մասնավոր կյանքի իրավունքը խախտելու համար:

Մասնավոր կյանքը փոխարինվել է Ֆեյսբուքում և Ինստագրամում անձնական կարգավորումներով: Այդուհանդերձ, մենք չենք պատկերացնում բոլոր ռիսկերը և մտածում ենք միայն ինֆորմացիայով կիսվելու այժմեական հաճույքի մասին:

Իհարկե, սոցիալիզացված երեխաները ժպտալու են տեսախցիկի առջև, բայց դա չի նշանակում, որ իրենց լուսանկարների հետ վարվելու են անհրաժեշտ արժանապատվությամբ»:

Հոդվածը թարգմանված է sila.media-ից
Թարգմանությունը՝ Գագիկ Աղբալյանի

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?