Ընտրությունից ընտրություն. քաղաքական հեռուստագովազդի սակագները նվազել են

11.01.2017, Նյուսրում

Լրագրող

2017թ.-ի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) հրապարակել է քաղաքական եթերի սակագները :

Տեղեկանքում ներկայացված են հանրապետական, երևանյան  և մարզային 28 հեռուստաընկերությունների և 8 ռադիոընկերությունների գնային առաջարկները, որոնք պատրաստ են նախընտրական քարոզարշավի ժամանակ վճարովի եթեր տրամադրել քաղաքական կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին:

Ամենաթանկ եթերաժամանակը սահմանված է «Շանթ» և «Արմենիա» հեռուստաընկերություններում՝ 1 րոպեն 100 հազար դրամ սակագնով: Այս լրատվամիջոցները 2013թ-ի սահմանած  վճարովի եթերաժամանակի համեմատ 20 հազարով նվազեցրել են սակագինը:

Երևանում հեռարձակվող հեռուստաընկերություններից ամենաէժանը «Արարատ» հեռուստատեսության սակագինն է՝ 1 րոպեն 10 հազար դրամ: Համեմատաբար նոր` «Հ3» հեռուստաընկերությունում 1 րոպեի սակագինը 50 հազար դրամ է:

Հանրային հեռուստատեսության և «Հայկական երկրորդ հեռուստաալիքի» վճարովի եթերի 1 րոպեի սակագինը 60 հազար դրամ է: Մինչդեռ 2013թ-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հանրային հեռուստաընկերությունն ավելի բարձր գին էր սահմանել` մեկ րոպեի սակագինը 80 հազար դրամ:

Մարզային հեռուստաընկերություններից ամենացածր սակագինը Ալավերդու «Անկյուն+3»-ն է առաջարկել, ամենաբարձրը`  Գյումրու «Շանթը»` համապատասխանաբար մեկ րոպեի սակագները 1000-1900 և 22 հազար դրամ: 2013թ-ի համեմատ Գյումրու «Շանթը» բարձրացրել է սակագինը մի քանի հազար դրամով, իսկ Ալավերդու «Անկյուն+3» պահպանել է սակագինը:

Հեռուստաընկերություններն ու ռադիոընկերությունները պատրաստ են օրական 6-ից 20 րոպե եթերաժամանակ տրամադրել նախընտրական քաղաքական գովազդին: Հանրային հեռուստատեսության («Առաջին ալիք») ու «Շանթ»-ի գնային առաջարկներում քաղաքական գովազդի համար ժամանակային սահմանափակում չկա:

Ըստ ՀՌԱՀ-ի, Ընտրական օրենսգրքով վճարովի եթերաժամանակի սահմանափակում չկա, սակայն նախկինում եղած փորձը վկայում է, որ եթե որևէ հեռուստաընկերություն որևէ քաղաքական ուժի մի օրվա կտրվածքով շատ հեռուստաժամանակ է տրամադրում, մյուս օրերին նվազեցնում է կամ պարզապես եթեր չի տրամադրում, հետևաբար պահպանում է  ԿԸՀ-ի սահմանած վճարովի եթերի տրամադրման կարգը:

«Ինչպես ներկայացրել են լրատվամիջոցներն իրենց գնային առաջարկներն, այնպես էլ մենք հրապարակել ենք: Եթե ժամանակի սահմանափակում նշված չէ, ապա դա չի նշանակում, որ այս հեռուստաընկերությունները կարող են անսահմանափակ վճարովի եթեր տրամադրել»,- պարզաբանում են Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովից:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն անդրադառնալով սահմանված սակագներին նկատեց, որ համեմատած 2012-2013թթ-ի ընտրությունների և 2015թ-ի հանրաքվեի համար սահմանված սակագների հետ նկատելի տարբերություն կա: «Սակագների նվազում կա շատ լրատվամիջոցներում: Օրինակ, «Շանթ» և Հանրային հեռուստաընկերությունները 2015-ի հանրաքվեի ժամանակ 120 և 80 հազար դրամ սակագները նվազեցրին համապատասխանաբար մինչև 110 և 70 հազար դրամ: Նույն հեռուստաընկերությունները գալիք ընտրությունների համար ևս 10 հազարական դրամով իջեցրել են գները»:

Նրա խոսքով, նախկինում ընդդիմադիր ուժերը դժգոհում էին, որ սակագները մատչելի չեն և իրենք չեն կարողանում հնարավորինս շատ օգտվել վճարովի եթերաժամանակից, մինչդեռ «Կենտրոն» և «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունները գալիք ընտրությունների համար վերանայել են սակագները հօգուտ քաղաքական ուժերի:

«Անցած ընտրությունների ժամանակ «Կենտրոնը» սահմանել էր 32 400 դրամ, գալիք ընտրությունների համար՝ 18 000, իսկ «Երկիր մեդիան» ընտրել է ոսկե միջինը 25 000 դրամ 2012-2013թթ-ի 30 000 և 2015թ-ի հանրաքվեի 20 000-ի փոխարեն»,- հայտնեց Մելիքյանը՝ հավելելով, որ այս պայմաններն առավել գրավիչ են հատկապես ընդդիմադիր ուժերի համար:

Մելիքյանը, սակայն, կարծում է, որ 100 հազար դրամի դիմաց 1 րոպե եթերաժամանակը որոշ քաղաքական ուժերի համար դեռևս դժգոհությունների առիթ կմնա:

Ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի համաձայն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 27-ին՝ քվեարկության օրից 35 օր առաջ, դաշտը կարգավորելու համար կհրապարակի անվճար և վճարովի եթերաժամանակի կարգը:

Նույն օրենքի համաձայն ներկայացված քաղաքական գովազդի սակագները չեն կարող գերազանցել ընտրությունների նշանակմանը նախորդող վերջին 6 ամսվա համար առևտրային գովազդի ձևավորված շուկայական արժեքը և մինչև նախընտրական քարոզչության ավարտը չեն կարող փոփոխվել:

Գայանե Ասրյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?