Ախ այդ «սադրիչ» լրագրողները

21.02.2017, Քննադատ

Կրթությամբ` տնտեսագետ, բանասեր
Կոչումով` արձակագիր
Գործունեությամբ` լրագրող եւ մեդիա փորձագետ

Դե իհարկե, էս աշխարհում կատարվող ամեն ինչ համար լրագրողներն ու լրատվամիջոցներն են մեղավոր: Այդ սադրիչները չգիտես որտեղից հայտնվում են ամենաանպատեհ տեղերում՝ օրինակ որեւէ քաղաքական գործչի կամ դրան հավակնող անձի մամուլի ասուլիսում եւ հերիք չի ասուլիսի են գալիս, դեռ մի բան էլ համարձակվում են հարցեր տալ:

«Աղջիկ ջան (տղա ջան) մամուլի ասուլիսը հո նրա համար չի՞,  որ դու գաս «ստեղ» մեզ հարցեր տաս, մամուլի ասուլիսը նրա համար է, որ մենք մեր ասելիքը ասենք, դուք էլ հալած յուղի տեղ դրանք ընդունեք ու գնաք էդ մասին գրեք...եղա՞վ»: Համարյա էսպես կարելի է բնութագրել որոշ գործիչների մտածելակերպը կամ ավելի շուտ՝ մոտավորապես այսպես է երեւի մտածում հայաստանյան քաղաքական գործիչների կամ դրան հավակնող անձանց մի մասը, մանավանդ հիմա՝ նախընտրական այս ժամանակաշրջանում:

Ամենաթարմ օրինակը. ըստ «Առավոտի» հրապարակման, «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված պետհամալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի պրոֆեսոր (ի դեպ՝ նախկինում արդեն պատգամավոր եղած) Վարդան Բոստանջյանը ի պատասխան լրագրողների հարցերի «սկսեց լրագրողներին մեղադրել պատվեր կատարելու մեջ. «Ձեզ ուղարկել են…դուք գործ անողին, ստեղծողին մի փնովեք, հասկացա՞ք: Գնացեք գտեք նրան, ով էս բոլորի մեղավորության կենտրոնում է կանգնած»: 

Ստիպված ենք քաղաքական գործչին կամ նման կարգավիճակին հավակնողին եւս մեկ անգամ հիշեցնել, որ լրագրողների հիմնական գործը հենց հարց տալն է, եւ եթե հարցը ձեզ դուր չի գալիս, դա դեռ չի նշանակում, թե նրանք՝ լրագրողները, «ուղարկված են», «պատվեր են կատարում» եւ այլն: Դուք՝ քաղաքական գործիչներդ, պարտավոր եք հանգիստ եւ առանց նման պիտակումների պատասխանել այդ հարցերին:

Մի քանի անգամ առիթ է եղել գրելու. քաղաքական գործիչը (հանրային դեմքը) ինքն է ընտրել իր ճանապարհը եւ կամովին, շեշտում եմ՝ կամովին, հատուկ օժտված գործիչների համար երրորդում եմ՝ կամովին իրեն դրել է հանրության ուշադրության կենտրոնում, հետեւաբար պետք է ավելի հանդուրժող լինի ցանակցած հարցի, մեկնաբանության, քննադատության նկատմամբ:

Ի դեպ, սա իմ հայտնագործությունը չի, դեռ 1997 թվականին այս ձեւակերպումը տվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ «Օբերշլիքն ընդդեմ Ավստրիայի» գործով վճռում. «Ընդունելի քննադատության սահմաններն ավելի լայն են, երբ խոսքը վերաբերում է ոչ թե պարզապես մասնավոր անձի, այլ իբրեւ հանրային դեմք հանդես եկող քաղաքական գործչին: Վերջինս իր գործողություններն ու վարքը անխուսափելիորեն եւ գիտակցաբար դնում է ինչպես լրագրողների, այնպես էլ հասարակության ակնդետ վերահսկողության տակ եւ այդ պատճառով պետք է առավել հանդուրժողականություն ցուցաբերի եւ հատկապես` երբ ինքն է անում հրապարակային հայտարարություններ, որոնք կարող են քննադատության ենթարկվել»:

Ամեն ինչ ասված է հստակ ու հասկանալի:

Հա, ի միջի այլոց, քիչ էր մնում մոռանայի. մամուլին ամեն ինչու մեղադրելը միայն հայաստանյան երեւույթ չէ, վերջերս այս միտումները սկսել են զարգանալ նաեւ ժողովրդավարության առաջամարտիկ հանդիսացող ԱՄՆ-ում, որի նորընտիր նախագահի ու լրատվամիջոցների ջրերը մի առվով չեն գնում. Դոնալդ Թրամփը պատեհ-անպատեհ մեղադրում է մամուլին՝ իր դեմ պատվեր կատարելու մեջ: Մնում է հասկանալ, Թրա՞մփն է մերոնցից սովորել, թե՞ մերոնք ոգևորված Թրամփի պահվածքից որոշել են նրանից հետ չմնալ...

Այս, առաջին հայացքից աննշան դեպքը (Վարդան Բոստանջյանի զայրանալը) մեզ կարող էր եւ չմտահոգել, մանավանդ որ  Հայաստանում միայն հարց տալու համար լրագրողներին «գաղջ մթնոլորտ» ստեղծելու մեջ մեղադրելը, սադրիչ անվանելը,  «ծնոտը պոկելու» սպառնալիքը, անգամ ապտակելը նորություն չեն: Պարզապես հենց հիմա հարկ էր նորից հիշեցնել քաղաքական գործիչների հանդուրժողականության կուլտուրայի մասին, որովհետեւ երկու խոշոր՝ Ազգային ժողովի եւ Երեւանի ավագանու ընտրությունների նախաշեմին ենք եւ լրագրողները, ընտրարշավը լուսաբանելիս ոչ միայն թեկնածուների «հանճարեղ» մտքերը թութակի նման կրկնելու են ընթերցողների համար (ինչպես կցանկանային շատերը), ոչ միայն «պուպուշ» լուրեր են փոխանցելու, այլեւ հարցեր են տալու, այո՝ նաեւ ոմանց սադրիչ թվացող հարցեր:

Մեսրոպ Հարությունյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?