2014.11.19,

Խաչմերուկ

Դվանցիները միայն իրենց վրա են հույս դնում

Կարելյան շրջանի Դվանի գյուղը Հարավային Օսեթիայի վարչական սահմանին մոտ գտնվող վրացական վերջին գյուղն է: Այն մոտավորապես 40 կմ հեռավորության վրա է գտնվում Վրաստանի արևելքն ու արևմուտքը իրար կապող ավտոմայրուղու` Գորիի շրջանով անցնող հատվածից:

Դվանի գյուղի սկզբում վրացական ոստիակական անցակետն է, և առանց անձնագիրը ստուգելու գյուղ մտնել ձեզ թույլ չեն տա: Անցակետը ձեզ կհուշի, որ գյուղը Հարավային Օսեթիայի վարչական սահմանին է տեղակայված, հետևաբար, անվտանգության միջոցառումները խստացված են:

Առաջին բանը, որ անցակետից այն կողմ կնկատեք, լքված շենքերի կմախքներն են՝ 2008 թվականի օգոստոսյան պատերազմի տեսիլքները:

Մինչ 2008 թվականի օգոստոսյան պատերազմը
վրացիների և օսերի միջև շփում կար, իսկ պատերազմից
հետո երկու կողմն էլ վախենում է
մոտենալ պայմանական սահմանին:

Մի քանի մետրի վրա կանաչ վահանակ կա, վրան՝ ռուսերենով գրություն այն մասին, որ սա Հարավային Օսեթիայի տարածքն է: Վահանակից այն կողմ փշալար է, որը Դվանին բաժանում է Մուգեթի գյուղից: Վերջինիս վրա վրացական իրավասությունը չի տարածվում:

Փշալարերի մոտ գտնվող տները լքված ու դատարկված են: Դվանիի տարածքում այս լարերը սկսել են անցկացնել 2012 թվականին: Դրանք ձգվում են մոտ 25 կիլոմետր:
Նախորդ տարվա սեպտեմբերի 28-ին լրագրողները  «ո՛չ օկուպացիային» նշանաբանով խաղաղ բողոքի ակցիա անցկացրին այստեղ:
Տեղացիներից մեկը՝ Զիզիլո Ախալքացին, «Լիբերալ» թերթի լրագրողին ասել էր, որ վրացի լրագրողների աջակցությունն իրենց ուժ և հույս է տալիս:

Հուլիսին ավարտվել են Սագոլաշենի և Դվանի
գյուղերի միջև ճանապարհի վերականգնման աշխատանքները:
Այդ ընթացքում աշխատանքային խումբը
հայտնաբերել է մ.թ.ա. 5-րդ դարին պատկանող 19 հին իրեր:

Այսօր՝ այդ ակցիայից մեկ տարի անց, Դվանիում փշալարեր այլևս չեն անցկացվում, հետևաբար վրացական լրատվամիջոցների ներկայացուցիչներն այստեղ այլևս չեն գալիս: Տեղացիները կարծում են, որ բոլորն իրենց մասին մոռացել են և որ հույսը պետք է միայն իրենց վրա դնեն: Ոչ ոքի չի հետաքրքրում, թե ինչպես են իրենք ապրում, մեդիան իրենց հիշում է միայն այն ժամանակ, երբ այստեղ ինչ-որ բան է տեղի ունենում:

Դվանիում աչք է ծակում հակադրությունը արևմտյան քաղաքակրթության նշույլների և Վրաստանի ծանր սոցիալ-քաղաքական իրողությունների միջև:

Գալակտիոն  Մամագելաշվիլին իր խնձորի այգում:
Մրգի բերքը տեղացիների եկամուտի հիմնական աղբյուրն է:

«Այս տարի մեզ կեղծ թունաքիմիկատներ վաճառեցին, ամբողջ բերքը փչացավ, բայց եթե անգամ այն լավը լիներ, Գորիի բոլոր գործարանները ամեն ինչ 10 լարիով են գնում: Մի՞թե տանջվել եմ, որպեսզի այդքան էժան վաճառեմ: Բացի այդ բերրի հողերն ամբողջությամբ օսական կողմում մնացին: Կարծում եմ, որ մեզ համար ոչինչ չի փոխվի»,- ասաց Գալակտիկոնը:

Գյուղում բնական գազի խողովակներ են անցկացրել: Դա նորություն է Դվանիում, բայց հաշվիչները դեռևս միացված չեն: Գյուղապետարանի ներկայացուցիչ Նոդար Կոպաձեի խոսքով՝ ինքն անձամբ հետաքրքրված է, որպեսզի մինչև 2014-ի դեկտեմբերը գազը շահարկվի:

Գյուղում կա նաև նորակառույց ժամանակակից մանկապարտեզ: Այն կառուցվել է միջազգային տարբեր դոնորների օգնությամբ, և գյուղի երեխաներն այստեղ անվճար են հաճախում:

Դվանցիները կարծում են, որ չնայած իրենք հաճախ են մեդիայի ուշադրության կենտրոնում հայտնվում, այդուհանդերձ տեղական խնդիրները բավականաչափ չեն լուսաբանվում: Լրագրողներին չեն վստահում և ասում են, որ նրանց հետաքրքրում են միայն սահմանի փոփոխման հարցերն ու «սկանդալները»՝ կապված գյուղացիների առևանգման փաստերի հետ: (Հիշում են միակ դեպքը, երբ լրագրող Ինգա Գրիգոլիան նրանց հնարավորություն է տվել ուղիղ եթերում խոսել իրենց խնդիրների մասին):

Գյուղում ոռոգման ջրատար խողովակ անցկացնել, վերականգնել սոցիալական օգնությունը և ձմռանը վառելափայտով ապահովել: Սրանք դվանցիների հիմնական խնդիրներն են, որոնց լուծումները նրանք կառավարությունից են պահանջում:

Հեղինակ՝ Թամար Սվանիձե
Բնօրինակը հրապարակվել է media.ge կայքում


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *