2014.07.18,

Խաչմերուկ

Ինչպես հայաստանյան մեդիան լուսաբանեց ադրբեջանցի դիվերսանտների դեպքը

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան
twiterfacebook

Լրագրող

Հուլիսի 9-ին հայաստանյան մեդիայում տեղեկություն տարածվեց, թե ադրբեջանցի դիվերսանտների մի խումբ ներթափանցել է Քարվաճառ (Քելբաջար), Արցախի պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը դիվերսիոն խմբի անդամների մի մասին ձերբակալել են, մյուս մասը դիմել է փախուստի:

Հրապարակվեցին 2 տեսանյութեր, որոնցից մեկը դիվերսանտների հեռախոսով նկարահանած կադրերն էին, որտեղ նրանք հորթի մսի խորոված էին անում եւ պատմում էին հորթը հայ անասնապահներից գողանալու մասին, մյուս տեսանյութը` պաշտպանության բանակի նկարահանածը, որտեղ ցուցադրված էր ադրբեջանցի դիվերսանտներից մեկի ձերբակալությունը:

Օրեր շարունակ մեդիայում դիվերսանտների հետ կապված պատմության տարբեր վարկածներ էին շրջանառվում: Հրապարակված որոշ նյութերի համաձայն` ձերբակալվածներն ամենեւին էլ դիվերսանտ չէին, որոշներում պատմվում էր, թե ձերբակալված դիվերսանտը Հայաստանում 3 տարի գուլպա է վաճառել ու համր է ձեւացել:

Ինչպե՞ս հայաստանյան մեդիան լուսաբանեց ադրբեջանցի դիվերսանտների դեպքը. մեկնաբանում են լրագրողները:

Գեղամ Մանուկյան
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական եւ քաղաքական հաղորդումների տնօրեն
Ինչպես եւ նախորդ դեպքերում, այս անգամ նույնպես լրատվամիջոցները թեման լուսաբանեցին` համաձայն իրենց քաղաքական հայացքների, պատվերների ու տերերի:
 
Որոշ լրատվամիջոցներ սարսափելի մեծ թերություններով աշխատեցին` ամեն ինքնակոչ ռազմական վերլուծաբանի խոսքի հնարավորություն տալով, երկրորդ տեսակետ չներկայացնելով: Մեդիայում հայտնվեցին չճշտված տեղեկություններ, որոնք խուճապային իրավիճակ ստեղծեցին:

Ինչպես եւ նախորդ դեպքերում, այս անգամ էլ մեդիայում բացակայում էր նախապատմությունը: Եվ ինչպես հաճախ է պատահում մեր մեդիայում, որոշ լրատվամիջոցներ դարձան ադրբեջանական քարոզչության տարածողը:

Նման դեպքերում մեդիան պետք է հասկանա, որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունները պատերազմի մեջ են, որ լրատվությունը պատասխանատու գործ է, եւ մենք գործ ունենք մարդկային ճակատագրերի հետ:
 
Նաիրա Հայրումյան
Lragir.am-ի մեկնաբան
Ադրբեջանցի դիվերսանտների պատմությունը, ցավոք, կարող է շարունակություն ունենալ, ուստի կարեւոր է որոշակի դիրքորոշում ձեւավորել այս հարցի շուրջ: Խոսքն ամենեւին էլ խոսքի ազատության սահմանափակման մասին չէ, այլ այն մասին, թե ինչից պետք է ելնենք  նման դեպքերում ինֆորմացիա հաղորդելիս:

Կարծում եմ` լրագրողների եւ բլոգերների մի մասը ինֆորմացիան հաղորդում էր` ելնելով իշխանություններին ու բանակը վարկաբեկելու եւ խարազանելու արատավոր սովորությունից: Սակայն մարդկանց մեծ մասն առաջնային էր համարում անվտանգության հարցերը` կարո՞ղ է արդյոք այս դեպքը կրկնվել, որքանո՞վ պաշտպանված են մեր սահմանները, ո՞վ է մեղավոր նրա համար, որ հակառակորդը կարող է հեշտությամբ ներթափանցել ոչ միայն Ղարաբաղի, այլեւ Հայաստանի տարածք:

Այնուամենայնիվ, ուժային եւ իրավապահ մարմինները չէին հասնում մամուլում հայտնվող ինֆորմացիայի հետեւից, նրանք միայն հաստատում էին արդեն հրապարակված տեղեկությունները: Սա վկայում է այն մասին, որ իրենց աշխատանքը պետք է վերանայեն նաեւ ուժային կառույցների մամուլի ծառայությունները:
 
Յուրի Մանվելյան
Epress.am-ի խմբագիր
Ինչպես նախորդ դիվերսիաների ժամանակ, այս անգամ էլ հայաստանյան մեդիան մոռացավ ուժային կառույցների` ինֆորմացիան կոծկելու համբավի մասին, եւ հանկարծ պաշտպանության նախարարությունը դարձավ վստահելի աղբյուր:

Նույնիսկ հեղինակավոր եւ պատասխանատու լրագրությամբ զբաղվող կայքերի նյութերը միայն պաշտոնական տեղեկատվություն էին պարունակում` արհամարհելով ադրբեջանական կողմից ստացվող ինֆորմացիան: Ու թեեւ այս դեպքում այն կցկտուր էր, այնուամենայնիվ, կարելի էր համադրել պաշտոնական ինֆորմացիայի հետ:

Հեղինակավոր կայքերն անգամ պաշտոնական հաղորդագրությունը որպես փաստ էին ներկայացնում` վերնագրում չնշելով, որ դա պաշտպանության նախարարության հաղորդագրությունն է:

Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունն իր հերթին թեման տանում էր դեպի բարոյահոգեբանական դաշտ: Իր աշխատանքը կատարելու փոխարեն հայրենասիրական բառապաշարով հռետորաբանությամբ էր զբաղված: Երբ զանգահարում էինք որեւէ տեղեկություն ճշտելու, պատասխանում էին, որ հաստատում են ինֆորմացիան, բայց այդ ինֆորմացիան հրապարակելը թողնում են մեր խղճի վրա:

Խնդիրը հենց սա է. երբ հերթը հասնում է Ղարաբաղին եւ հայ-ադրբեջանական հակամարտության լուսաբանմանը, մեր լրատվամիջոցները դադարում են լրատվամիջոց լինելուց եւ իրենց վրա են վերցնում պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարությունների ֆունկցիաները:

Աննա Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *