2018.09.19,

Ստուգված է

Փաստերի ստուգում․ Դիկլոֆենակի վտանգը Հայաստանում

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

News.am կայքի Medicine հավելվածը գրում է, որ դիկլոֆենակ դեղամիջոցը կարող է 50 տոկոսով մեծացնել մահացու հիվանդությունների հավանականությունը:

«Դիկլոֆենակը մահացու վտանգավոր են համարել» վերնագրով հոդվածում լրատվամիջոցը հղում է տալիս British Medical Journal ամսագրի կայքում հրապարակված հետազոտությանը, որն անցկացրել են դանիացի գիտնականները:

«Սերտ կապ է հայտնաբերվել դիկլոֆենակի կիրառման և տարբեր սիրտ-անոթային խնդիրների միջև, մասնավորապես՝ առիթմիայի, իշեմիկ կաթվածի, սրտային անբավարարության և սրտի նոպայի: Ըստ որում՝ նման բարդություններ են նկատվել դեղի օգտագործման արդեն երեսունօրյա ժամանակահատվածում: Բացասական արդյունք է նկատվել նաև նրանց մոտ, ովքեր ընդունել են դեղամիջոցի փոքր դոզաներ»,-հետազոտությունից թարգմանաբար հատված է ներկայացնում News.am-ը:

Հրապարակված հոդվածում դեպի սկզբնաղբյուր հետազոտությունը ուղիղ հղում չկա։ Ընթերցողը անհրաժեշտության դեպքում չի կարողանա News.am-ից անմիջապես անցում կատարել դեպի սկզբնաղբյուր՝ հրապարակման մանրամասները կարդալու համար։ Դիկլոֆենակի օգտագործման մասին հետազոտությունն ընդարձակ է, լի փաստական տվյալներով։ Մանրամասնությամբ նկարագրվում են հետազոտությանը մասնակցած մարդկանց տարիքային խմբերը, այլ դեղահաբերի հետ համեմատությունները, հիվանդություններից ցանկացածի դեպքում ազդեցությունը և այլն:

British Medical Journal-ը տպագրվում է 1840թ-ից սկսած՝ որպես բժշկական և վիրաբուժական գրականություն, որի նպատակն էր հարթակ դառնալ առողջապահական թեմաներով բանավեճերի համար: Առցանց ամսագիրը համախմբում, տեղեկացնում և խրախուսում է բժիշկներին, հետազոտողներին քննարկումներ, հետազոտություններ ու վերլուծություններ անել:

Հետազոտությունը ոչ թե նրա մասին է, որ դիկլոֆենակը մահացու վտանգավոր է, այլ թեմա է մասնագետների քննարկման համար՝ արդյոք կարող է որոշակի հիվանդությունների դեպքում կամ իրավիճակներում դրա օգտագործումը վտանգավոր դառնալ: Հակառակ դեպքում դա կարող էր տեղ գտնել միջազգային շատ պարբերականներում սենսացիոն տարբեր վերնագրերով: Որոնումը նման հրապարակումներ չի գտնում:

Դիկլոֆենակի վտանգավորության, այն էլ մահացու վտանգավորության թեման զգայուն է՝ հաշվի առնելով Հայաստանում դեղամիջոցի օգտագործման մասշտաբները: Մի քանի դեղատներ մեր շրջայցի ժամանակ պարզեցինք, որ դիկլոֆենակը տարածված դեղամիջոց է հատկապես հոդացավերի, միջմկանային ցավերի, բորբոքումների դեպքում:

Դիկլոֆենակը բժշկի ցուցումով վաճառվող դեղամիջոց է, սակայն տարիների ընթացքում մարդիկ այնքան են օգտագործել այն, որ արդեն առանց բժշկի հետ համաձայնեցման են գնում: Դեղատների աշխատակիցները խորհուրդ չեն տալիս այն ընդունել ստամոքսի, սրտի խնդիրներ ունեցողներին: Որոշակի դեպքում չեն բացառում բացասական ազդեցությունը, այդ իսկ պատճառով խորհուրդ են տալիս դեղամիջոցն օգտագործել միայն բժշկի ցուցումով, հակառակ դեպքում այն փոխարինել այլ դեղամիջոցներով:

News.am-ի Medicine-ում հոդվածի վերնագրում նշելը, որ դեղամիջոցի վտանգավորության մասին լուրը մեկ հետազոտության արդյունք է, հնարավոր է օգներ, որ թեման պակաս սրությամբ ընկալվեր։  

Հետազոտությունը տեղական ընթերցողին ներկայացնող հոդվածում հայաստանցի բժիշկների, առողջապահության նախարարության մասնագետների մեկնաբանությունները ներկայացված չեն։

ՀՀ առողջապահության նախարարությունից Media.am-ին պարզաբանեցին, որ բոլոր դեղերն էլ  կարող են առաջացնել կողմնակի ազդեցություններ:

«Լինելով ոչ ստերոիդային հակաբորբոքային, ցավազրկող, ջերմիջեցնող դեղ, դիկլոֆենակը կիրառվում է միջինից ծանր աստիճանի ցավը մեղմելու եւ բորբոքումների դեպքում: Դիկլոֆենակ դեղը նույնպես կարող է ունենալ կողմնակի ազդեցություններ, որոնք բնորոշ են նույն խմբի (ոչ ստերոիդային հակաբորբոքային, ցավազրկող և ջերմիջեցնող դեղեր) դեղերին»,-բացատրում է պաշտոնական աղբյուրը:

Սիրտանոթային համակարգի վրա դիկլոֆենակի անցանկալի դրսևորման մասին տեղեկությունները, ըստ նախարարության, հայտնի և մանրակրկիտ նկարագրված են Հայաստանում գրանցված Դիկլոֆենակ պարունակող բոլոր դեղերի ներդիր թերթիկներում: Նաև նշված է, թե ինչպես կարելի է նվազեցնել  կողմնակի ազդեցությունների զարգացման հնարավոր վտանգը (բուժման տևողություն, դեղաչափի ընտրություն, թիրախային խմբեր և այլն):

«Հարկ է նշել, որ Հայաստանում Դիկլոֆենակ պարունակող բոլոր դեղերը գրանցված են որպես դեղատոմսով բաց թողնվող դեղեր: Ինչպես գրանցված այլ դեղերի, այնպես էլ Դիկլոֆենակի նկատմամբ իրականացվում է կողմնակի ազդեցությունների մշտադիտարկում»,-ավելացնում են նախարարությունից:

Նախարարության մշտադիտարկման արդյունքում առ այսօր չեն ստացվել Դիկլոֆենակի հետևանքով սիրտանոթային համակարգի վրա կողմնակի ազդեցության մասին հաղորդումներ:

 

Գայանե Ասրյան

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *