2014.03.03,

Նյուսրում

ԱՄՆ պետդեպի զեկույց. Հայաստանի մեդիան 2013 թվականի ընթացքում վերահսկվել է

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան
twiterfacebook

Լրագրող

ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է իր «Մարդու իրավունքներ 2013. Հայաստան» տարեկան զեկույցը, որտեղ անդրադարձել է նաեւ երկրում մամուլի եւ խոսքի ազատությանը:

Զեկույցի համաձայն՝ Հայաստանի իշխանությունները միշտ չէ, որ պահպանում են մամուլի եւ խոսքի ազատության իրավունքները: Տպագիր, օնլայն եւ հեռարձակող մեդիան 2013 թվականի ընթացքում վերահսկվել է կամ, որպես կանոն, արտահայտել է իշխանամետ տեսակետներ:

Նախորդ տարի արձանագրվել են նաեւ լրագրողների նկատմամբ բռնության բազմաթիվ դեպքեր՝ կապված փետրվարի 18-ի նախագահական, մայիսի 5-ի քաղաքապետի ընտրությունների, ինչպես նաեւ տարվա ընթացքում տարբեր քաղաքացիական բողոքի ակցիաների հետ:

Խոսքի ազատություն: Հունիսի 10-ին իշխանամետ «Շանթ» հեռուստաընկերությունը աշխատանքից ազատել է լուրերի հաղորդավար Արմեն Դուլյանին, որը սոցիալական մեդիայում Ռուսաստանի եւ Հայաստանի մեդիայի վիճակի մասին զուգահեռներ էր անցկացրել եւ նշել էր, որ երկու երկրներում էլ հեռուստաընկերությունների մեծ մասը վերահսկվում է իշխանությունների կողմից:

Արմեն Դուլյանին հեռացնելուց հետո «Շանթ» հեռուստաընկերությունը հայտարարել է, որ նրա հետ հետագա համագործակցությունն անընդունելի է համարում՝ հաշվի առնելով այն վերաբերմունքը, որը հաղորդավարը ցուցաբերել է հեռուստաընկերության նկատմամբ: Շատ լրագրողներ քննադատել են «Շանթ» հեռուստաընկերության այս քայլը՝ նշելով, որ միջադեպը հիմնավորում է այն մեղադրանքը, թե հեռուստաընկերությունը իշխանությունների վերահսկողության տակ է եւ չի հանդուրժում խոսքի եւ մտքի ազատությունը:

Մամուլի ազատություն: Բացառությամբ փետրվարի նախագահական եւ մայիսի քաղաքապետի ընտրություններին նախորդող մեկամսյա պաշտոնական քարոզարշավի ժամանակաշրջանի, երբ հեռարձակող մեդիան բազմակողմանի եւ օբյեկտիվ լուսաբանում է ապահովել, ավանդական մեդիայում հիմնականում բացակայում է քաղաքական կարծիքի բազմազանությունն ու օբյեկտիվությունը:

Թերթերի տպաքանակը շարունակում է սահմանափակ մնալ: Թերթերի մեծ մասը պատկանում է մասնավոր անձանց կամ խմբերի՝ բացառությամբ պետական ֆինանսավորում ունեցող «Հայաստանի Հանրապետություն» թերթի եւ նրա ռուսալեզու տարբերակի՝ «Республика Армения»-ի:

Թերթերը մեծ մասամբ, որպես կանոն, արտահայտում են սեփականատերերի եւ հովանավորների շահերը, որոնք հաճախ մոտ են կանգնած իշխանություններին: Քաղաքական ուժերն ու բիզնես շահերը, որոնք հովանավորում են այս թերթերը, հետաքրքրություն չեն ցուցաբերում ազնիվ եւ հավասարակշռված համապետական լուսաբանում ապահովելու հարցում: Միայն մի քանի թերթեր են գործում ՝որպես արդյունավետ եւ ինքնուրույն ձեռնարկություններ:

Հեռարձակող մեդիան, մասնավորապես՝ Հանրային հեռուստաընկերությունը, շարունակում է մնալ ինֆորմացիայի հիմնական աղբյուրը բնակչության մեծ մասի համար: Երկրի 20 ռադիոընկերությունները (3-ը` հանրային, 1-ը հեռարձակում է արտերկրից) սահմանափակ լսարան ունեն:

97 հեռուստաընկերություններից միայն 3-ը չեն պատկանում մասնավոր անձանց. հեռուստաընկերություններից շատերը փոքր են եւ տեղակայված են հեռավոր մարզերում: Հեռուստաընկերությունների մեծ մասը պատկանում է իշխող կուսակցության քաղաքական գործիչներին կամ քաղաքական կապեր ունեցող անձանց. այս հեռուստաընկերությունները միակողմանի են լուսաբանում իրադարձությունները:

Մարզային հեռուստաընկերությունները տարվա ընթացքում ներկայացրել են այլընտրանքային տեսակետներ հաճախ ոչ սեփական արտադրության բովանդակության միջոցով:

Տարվա ընթացքում կառավարությունը չի կատարել իր խոստումը հեռուստա եւ ռադիոընկերությունների հաճախականությունների տիրույթի աուդիտ կազմակերպելու մասին, որի տեխնիկական մասով հիմնավորել է թվային հեռարձակման արտոնագրերի սահմանափակ քանակը եւ որը տրամադրվելու է 2015 թվականին նախատեսված անալոգայինից թվային հեռարձակման անցնելուց հետո: Հունիսի 19-ին ԱԺ-ն «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ է կատարել, որով այս գործընթացը երկարաձգվել է եւս 6 ամսով:

Օնլայն մեդիան եղել է հիմնական այլընտրանքային մեդիան, որն, ի տարբերություն հեռարձակող մեդիայի, քաղաքական բազմազան տեսակետներ է ներկայացրել: Իշխանությունները, որպես կանոն, չեն վերահսկել օնլայն մեդիայի բովանդակությունը, այնուամենայնիվ, լուսաբանումը հաճախ արտացոլել է հովանավորների եւ գովազդատուների քաղաքական ազդեցությունը: Արժանահավատ զեկույցներ են եղել՝ իշխանություններին մոտ կանգնած անձանց կողմից օնլայն եւ հեռարձակող մեդիան շարունակաբար միավորելու վերաբերյալ:

Գրաքննություն եւ բովանդակության սահմանափակումներ: Լրատվամիջոցները, մասնավորապես՝ հեռարձակող մեդիան, վախեցել է հաշվեհարդարից՝ իշխանություններին քննադատելու համար: Նման հաշվեհարդարը կարող է ներառել դատական հայցեր, հեռարձակման արտոնագիրը կորցնելու սպառնալիք, ընտրովի հարկային հետաքննություն կամ եկամտի կորուստ, եթե գովազդատուներն իմանան, որ լրատվամիջոցը իշխանությունների համակրանքը չի վայելում: Հաշվեհարդարի վախը հանգեցրել է մեդիայում ինքնագրաքննության բարձր մակարդակի:

Վիրավորանքի եւ զրպարտության մասին օրենք/Ազգային անվտանգություն: Սահմանադրական դատարանի 2011 թվականի առաջարկությունները, թե դատարանները պետք է խուսափեն անհամաչափ տուգանքներից վիրավորանքի եւ զրպարտության գործերով, հանգեցրել են մեդիայի դեմ դատական հայցերի վնասի ավելի փոքր փոխհատուցման:

Ինտերնետի ազատություն: Իշխանությունների կողմից որեւէ սահմանափակում չի եղել ինտերնետի հասանելիության կամ էլ.փոստերի եւ չաթերի վերահսկողության վերաբերյալ՝ առանց համապատասխան օրինական լիազորությունների:

Մասնավոր անձինք եւ խմբեր, ընդհանուր առմամբ, կարողացել են իրենց կարծիքն արտահայտել ինտերնետի միջոցով, այդ թվում՝ նաեւ էլ.փոստի: Տարվա ընթացքում մի քանի կայքեր, այդ թվում՝ անկախ Հետքը, Գալա հեռուստաընկերությունը, ընտրախախտումների մասին ահազանգերի iDitord կայքը եւ մի քանի ՀԿ-ների կայքեր ենթարկվել են կիբեր հարձակումների:

Պատրաստեց՝ Աննա Բարսեղյանը


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *