Բազմամուտք Օպերա

18.03.2019, Քննադատ

Լրագրող, արվեստի քննադատ

Երևանի Օպերայի և բալետի թատրոնի շենքին հարող տարածքն արդեն մի քանի օր է բոլորի ուշադրության կենտրոնում է որպես դասական թատերական-քաղաքական հրապարակ՝ բողոքի ակցիաներով, կրքոտ հիմնավորումներով, համազգեստավորներով, բուլդոզերներով, ֆիզիկական և հոգեբանական ուժի կիրառմամբ, ակտիվ լուսաբանմամբ:

Գրեթե բոլոր լրատվականները մարտի 14-ից սկսած ուղիղ հեռարձակումներ են անում Երևանի կենտրոնից ու հետևում քաղաքապետարանի կողմից սրճարանների ու ռեստորանների ապամոնտաժմանն ու այդ ապամոնտաժմանը դիմադրողներին:

Լրահոսը թույլ է տալիս ուղիղ ռեժիմով հետևել, թե ինչպես են բացատրում իրենց քայլերը պաշտոնյաները (ասում են՝ մաքրում ենք ապօրինի շինություններից), սրճարանների աշխատակիցները, նրանց առաջնորդներն ու համակիրները (ասում են՝ թողեք աշխատենք ու ընտանիք կերակրենք), իրավական հարցերով մտահոգվածները (ասում են՝ բիզնեսը անպաշտպան է), պարզապես անցորդներն ու քաղաքի բնակիչները (ասում են տարբեր բաներ):

Լրատվական անդրադարձները Օպերայի տարածքի մասին որպես կանոն նման են լինում ժամանակացույցի: Տեսագրվում է այն, ինչը կատարվում ու ասվում է դեպքի վայրում, հետո հաղորդվում լսարանին:

Եվ քանի որ գոյություն ունի ավանդական մոտեցում, որ լրագրողական նյութը պետք է պատրաստված լինի մի քանի կարծիքից և ցանկալի է իրար հակադարձող ու անգամ իրարամերժ, շատ նյութեր ու ռեպորտաժներ հենց այդպես են կառուցվում:

Այսինքն, «կողմ և դեմ», «սև և սպիտակ» կամ էլ վերջերս պատեհ կամ անպատեհ կիրառվող «հեղափոխական և հակահեղափոխական» մոդելով:

Իրականում, Օպերայի շրջակայքում կատարվում է շատ բան:

Քանդվում են բետոնը, ապակին, քարն ու մետաղը, մասնավոր շատրվանները, սրճարաններ տանող  սանդուղքներն ու տանիքները, որոնք դիզվել էին իրար վրա հախուռն կերպով։

Ու վաղուց արդեն վերածել էին Օպերայի հարակից տարածքը կոմերցիոն վայրի՝ այստեղից բխող բոլոր հարակից էֆեկտներով՝ տարաբնույթ բույրերով, երաժշտական կակաֆոնիայով, էկլեկտիկ դիզայնով:

Եվ այդ ամենը հիմա բեռնաթափվում է։

Ի վերջո, ավելի գեղեցիկ բան, քան դատարկ տարածքն է, հիմա դժվար է պատկերացնել:

Դատարկվելը կենսական պահանջ է, և Օպերայի տարածքում տեղի ունեցող ապամոնտաժումը վիզուալիզացնում է այդ պահանջը՝ սկսելով բարդ խոսակցություն մասնավորի ու հանրայինի բախման մասին:

Դատարկ տարածքները սովորաբար շատ մուտքեր են ունենում, հետևաբար՝ նաև ելքեր:

Այգի ես մտնում աջից, անցնում կենտրոնով, թեքվում ձախ ու շարունակում ոլորապտույտ անհատական երթուղին, ինչը վերջին տասնամյակում Օպերայի այգում անհնարին էր, քանի որ մասնավոր շահը հիմնված է մեկ մուտքի գաղափարի վրա (որը նաև ելք է):

Ավելի հեշտ է ու շահութաբեր, երբ մտնում ու դուրս ես գալիս նույն տեղից, և այդ բանաձևը սրճարանների տերերը ագահորեն կիրառել են՝ փակելով այգի մտնելու այընտրանքային կածանները, որպեսզի լինեն մուտքերի միանձնյա թելադրողը:

Մինդեռ հանրայինը ենթադրում է բազմակի մուտքեր-ելքեր, որոնք հաշվելի չեն, քանի որ հայեցողական են ու իրավիճակային:

Եթե հանրային այգում շատ են դատարկ հատվածներն ու բազմազան են մուտքեր-ելքերը, ուրեմն շատ ավելի բազմազան ու լայնախոհ է հասարակությունը:

Տարածքները ձևավորում են գիտակցությունը: Եվ դա միայն բառեր չեն:

Մեկմուտքանի հասարակություն կառուցելու համար երբեմն բավարար է լինում քչացնել բաց տարածքները:

Ի վերջո, արժե հիշել, որ մինչ 1960-ականների «ձնհալը» Օպերայի այգին եղել է փակ տարածք, ողջ այգին ցանկապատած էր ու կողպած: Կար բանալիով մարդ, որը բացում էր այգին, հետո փակում:

Բայց երբ սովետական գաղափարախոսության մեջ ճաքեր ու սողանքներ հայտնվեցին, Երևանի կառավարիչները բացեցին այգին ու ձեռնարկեցին Կարապի լճի շինարարությունը, որն իր ձևով ու դիրքով բացառում էր փակ տարածքների գաղափարը: Անգամ ըմբոստանում էր որևէ ուղիղ մակերեսի դեմ:

Տարածքը հոսում էր թե՛ ուղղահայաց, թե՛ հորիզոնական, և ինքն իրենով էր մի մեծ մուտք-ելք՝ առանց որևէ ուղղորդման:

Կարող էիր հազար անգամ անցնել ու հազար անգամն էլ ընտրել տարբեր երթուղի:

Հայաստանի անկախությունից հետո եկան ուրիշ կառավարիչներ, որոնք բոլորովին այլ նպատակներ ունեին ու քայլ առ քայլ իրականացնում էին դրանք՝ վերացնելով բոլոր հնարավոր դատարկ (բազմամուտք) տարածքներն ու դարձնելով դրանք զբաղված (մեկ կամ երկումուտքանի):

Երթուղին այլևս քո փոխարեն էին որոշում ու գծագրում։

Միգուցե տարօրինակ հնչի, բայց բազմակի երթուղիները այսօր չեն խանգարի նաև մեր լրատվական դաշտին: Ճիշտն ու արժեքավորը չի կարող միայն մեկ մուտքով մտնել ու մեկ ելքով դուրս գալ:

Բարդ ժամանակներում (ինչպես հիմա է) փաստի հետ դեմ առ դեմ լինելը բավարար չէ:

Ավելի արժեքավոր են փաստերի արանքում հայտնվող դատարկ տարածքները, որոնք հնարավորություն են տալիս մաքրել տեսադաշտը անցյալի կոռուպցիայից, անհասկանալի ավանդույթների ագրեսիվ թելադրանքից ու վախից, թե նորից ոչինչ չի ստացվի:

Օպերայի տարածքի հետ կապված հիմնականում շրջանառվում են երկու մանիպուլյատիվ մոտեցումներ, որոնք ներկայացվում են որպես կարծիքների բազմազանության ապացույց:

Այն լրատվամիջոցներն ու հանրային նշանակության անձերը, որոնք «ոչինչ չի ստացվի»-ի գիծն են բռնել, ամեն ինչ անում են, որ թվա, թե նորերը իրականում նոր չեն, այլ հին գողական-կոռումպացված կառավարման շարունակողներն են:

Այո, նախորդները վատն էին, բայց ոչինչ չի փոխվել, նույնն են անում… Տեսեք, քանդում են, որ իրենցը կառուցեն, իրենք ոչնչով չեն տարբերվում նախորդներից…

Լրահոսում անգամ հայտնվեցին մարդկանց անուններ, որոնք աչք են դրել թանկ տարածքի վրա ու արդեն մտադրություն ունեն իրենց սրճարանները կառուցելու:

Սա այն հնարքներից է, երբ փորձ է արվում ոչ թե բարձրացնել արդեն տապալվածին (դա անել չի ստացվի, անգամ մեծ ցանկության դեպքում), այլ տապալվածի մակարդակին իջեցնել նաև կանգունին: Այսպես ասած՝ քաշում են փոսը, որը արդեն փորված է:

Նման մեկմուտքանի լուրերը կարող են արձագանք գտնել լսարանի մոտ, հատկապես, երբ լսարանը դեռ չի ապաքինվել հեղափոխական տրավմայից:

Եկեք ընդունենք, որ հեղափոխությունները միշտ տրավմատիկ են, և առողջանալու համար ցանկալի է դուրս գալ ոչ միայն հեղափոխական տատանումներից, այլև հեղափոխական հռետորաբանությունից:

Երևանի քաղաքապետը Հանրային հեռուստատեսության եթերում ասաց, որ «Օպերայի տարածքը գրավված է եղել, տարածքը հետ ենք տալիս երևանցիներին, ազատագրում ենք»: Հետո ավելացրեց, որ դա արդեն նշանակում է «ոչ թե քանդել, այլ վերականգնել»:

Իհարկե, Երևանի քաղաքապետը ազնիվ է իր մղումներով ու ուզում է ունենալ «ազատագրման» իր ներդրումը: Բայց հավերժական պայքարի պատկերը հասարակության մեջ անընդհատ ներարկելը նույնպես մանիպուլյատիվ ու թույլ քայլ է:

Օպերայի տարածքը պետք չի վերականգնել, քանի որ վերականգնելը նշանակում է արժևորել անցյալի մոդելը:

Օպերայի տարածքը պետք է դատարկել թե՛ բետոնից, թե՛ ծածկերից, թե՛ սովետական կարոտաբաղձությունից, թե՛ կրքոտ կոչերից ու դա հիմնավորող ու կրկնվող բառապաշարից:

Հիմա մենք ականատես ենք սեփականության ու հանրային շահերի անխուսափելի բախմանը, որը շարունակվելու ու խորանալու է, քանի որ գումարներ ունեցողը միշտ թքած է ունեցել ցանկացած հանրային տարածքի վրա:

Սովետական կարգերը ընտելացրել էին, որ եթե հանրային է, ուրեմն ոչ մեկինն է, հետո այդ միտքը ամրապնդել էին վերջին երեսուն տարիների իշխանավորները՝ ստեղծելով համատարած կաշառակերության ավանդույթ:

Եվ այս ամենը բնավ չի ստացվի բացատրել «գրավմամբ» կամ «ազատագրմամբ»։

Հետաքրքիր է, որ այս օրերի լրահոսում ամենախոսունը ու տեղեկացնողը ոչ թե տեքստային ռեպորտաժներն էին, այլ լուսանկարներն ու առանց լրագրողի բացատրության տեսանյութերը:

Դատարկվող տարածքը ամենագեղեցիկ բաներից է, որն էլ ստեղծագործելու լայն դաշտ տվեց հատկապես լուսանկարիչներին:

Լռությունը շատ խոսուն էր, և այն բավարար էր:

Օրինակ, բավարար էր, հասկանալու համար, թե սրճարանատերերը որքան են զզվել հողից ու խոտից, որ փոքր հնարավորության դեպքում բետոն են թափել բույսերի վրա, որպեսզի ստանան առավել շահութաբեր մակերես: Բետոնը մաքուր է, հարթ, ամուր, դժվար փախչի ոտքերի տակից, թույլ չի տա, որ միջատներ ապրեն ու չի կեղտոտի այցելուների կոշիկները:

Բայց ինչպես տեսանք, բետոնն էլ հավերժ չի, այն քանդելը որոշման հարց է: Նման որոշման հարց է նաև չսպասելը, որ լրատվամիջոցները կարող են բետոնե ճշմարտության հաղորդողներ լինել:

Լրատվամիջոցները, ինչպեսև քանդվող սրճարանների տերերն ու աշխատակիցները, փորձում են վերաիմաստավորել մասնավորի ու հանրայինի այդքան ցայտուն բախումը:

Եվ իհարկե, բոլոր հնարավորությունները օգտագործում են հարթեցնելու ու արդարացնելու համար այն, ինչն իրենցից պահանջում է սեփականատերը: Ասենք, անել այնպես, որ սեփականատիրոջ կոշիկները չկեղտոտվեն (կեղտոտվեն այն մարդու կոշիկները, ում մատնացույց կանեն), որ պաշտպանված լինեն հենց նրա, այլ ոչ թե հանրային շահերը:

Ընդհանրապես, դա ի՞նչ անիմաստ բառ է՝ հանրային…

Այդ հարցը հաճախ էին տալիս Օպերայի տարածքում հավաքվածները:

Իհարկե, մասնավորը կձգտի, որ հողի կամ լրահոսի ամեն սանտիմետրը նպատակ ունենա՝ փող բերի, և պետք եղած ժամանակ տարբեր կարծիքները թաղի բետոնե լուծույթի տակ, որպեսզի հանկարծ կասկածի ոչ մի ծիլ գլուխ չբարձրացնի, չմնա դատարկ տարածք ու փողը չքչանա:

Այն լրատվականը, որն իրոք հանրությանը դիտարկում է որպես դեպքերի համամասնակից, չի շտապի լինել միայն տեղեկատվական ճեղքեր փակող։  Միգուցե հիմա ավելի թանկ են հենց ճաքերը, որոնց միջոցով կարելի է բացել նոր խոսակցություն, արդեն ոչ թե երկու կարծիքի հակադրությամբ, այլ տասնյակ կարծիքների համադրությամբ:

Մասնավորը պիտի տեղավորվի հանրային խոսույթում ոչ որպես թշնամի։ Իսկ որոշում կայացնող ծառայողները դատարկեն դաշտը այդ խոսակցության համար առավելագույնս համեստորեն ու աննկատ։

Դատարկ տարածքները գեղեցիկ են ու օգտակար, քանի որ հենց այդտեղ են մարդիկ խորհում:

Եվ շատ լավ է, որ դատարկվելու բերկրանքը սկիզբ է առնելու Օպերայի «կլորից», որը իրականում ունի մոգական նշանակություն:

Երևանը ափսե է, իսկ Օպերան՝ այդ ափսեի էներգետիկ կենտրոնը: Եվ պատահական չէ, որ բոլոր կարևոր իրադարձությունները սկիզբ են առել այստեղից: Անգամ դարեր առաջ, երբ այդ տեղում մեհյան էր, հետո եկեղեցի, հետո Ժողովրդական տուն:

Այս կլորը հավաքատեղի էր, որտեղ տարբեր տեղերից ներս ու դուրս անելով ես էներգիա ստանում: Նաև ուզում ես անցնելով բարդ կապերով՝ հասնել այն պարզության, թե շատ մուտքերն ու էլ` ավելի շատ ելքերը օգնում են ձևավորել բարդ իրավիճակներին պատրաստ մարդու, որին պետք չէ ուղղորդել:

Նա ինքն էլ գիտի ինչ ճանապարհով անցնել ու ինչպիսի լուրեր կարդալ:  

Ճանապարհներն ու մտքերը միմյանց լրացնում են։

Օրինակ, հակահիգիենիկ երթուղային տաքսիների փակ խցերում՝ մուղամախեղդ երգերի ներքո վիզը ծռած երթևեկման ընթացքում ծնված մտքերը դժվար լինեն բազմագույն ու բազմամուտք։

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?