2013.12.13,

Խաչմերուկ

Հայ-թուրքական տեղեկատվական պատերազմի դեկտեմբերի 12-ի ճակատամարտը

Դեկտեմբերի 12-ին Սեւծովյան տնտեսական համագործակցության անդամ պետությունների (ՍԾՏՀ) արտգործնախարարների խորհրդի 29-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Երեւան ժամանած Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի այցը կարելի է բնութագրել որպես տեղեկատվական ճակատամարտ:

Հանրությանը հայտնի չէ՝ ինչի մասին են խոսել Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները 1,5 ժամ, ինչ առաջարկներ են քննարկել, սակայն ակնհայտ է, որ Թուրքիայի այս տեղեկատվական գրոհը ձախողվել է:

Դեկտեմբերի առաջին օրերից պատերազմի բոլոր կանոններին համապատասխան Թուրքիան սկսել էր հրետանային պատրաստում. տեղեկություններ էին տարածվում այն մասին, որ Հայաստանը ղարաբաղյան 2 շրջան հանձնելու բանավոր համաձայնություն է տվել, Թուրքիան էլ դրա դիմաց բացելու է Հայաստանի հետ սահմանը: 

Հայաստանը «ընդունեց» ձեռնոցը, եւ հայկական մամուլում մի քանի հոդվածներ հրապարակվեցին, որոնցում նման նախապայմանն անընդունելի համարվեց:

Հետաքրքիր հնարք արեց ՀՀ նախագահի մամուլի քարտուղարը. մինչ այդ լռություն պահպանող Արման Սաղաթելյանն այցի նախօրեին, երբ արդեն ուշ էր այն չեղյալ համարելը, իր թվիթերում գրեց, որ Սերժ Սարգսյանը չի ընդունի Դավութօղլուին: Դա մի փոքրիկ «ծուղակ» էր Հայաստանի կողմից, որն այդկերպ հայտարարեց Թուրքիայի նախապայմանները չընդունելու մասին:

Հայկական մամուլում հետաքրքիր ձեւով լուսաբանվեց Դաղութօղլուի այցի դեմ բողոքի ցույցը, որը թուրք նախարարին ստիպեց հետնամուտքով մտնել հյուրանոց: Հայկական մամուլը, հատկապես՝ դաշնակցական, անմիջապես օգտագործեց դա եւ նյութը վերնագրեց՝ «Դավութօղլուին «հետեւով» մտցրեցին»:

Եվ թեկուզ հայ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չպիտի կապվի նախապայմանների հետ, տեղեկատվական ճակատամարտը շարունակվեց:

Երկու նախարարների հանդիպումից հետո Նալբանդյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, իսկ Դացութօղլուն որոշեց հեռանալ`«կրակելով»: Նա հայտարարեց, որ կխոսի միայն թուրք լրագրողների հետ: Երեւի, դա արվել էր հայ լրագրողներին վիրավորելու նպատակով, բայց այս ճակատամարտում հայկական տեղեկատվական դաշտում վիրավորներ չկային:

«Պարտվածի» կարգավիճակում էր միայն ՀՀ արտգործնախարարությունը` նախարարն այդպես էլ չխոսեց լրագրողների հետ եւ պարզաբանումներ չտվեց, առավելեւս, որ թուրք նախարարը խոսեց ինչ-որ էներգետիկ համագործակցության մասին, որին հրավիրեց նաեւ Հայաստանին: Հանդիպումից հետո ԱԳՆ-ն այդպես էլ տեղեկություն չտարածեց՝ տեղեկատվական ճակատամարտի շարունակությունը թողնելով լրագրողներին:

Ի տարբերություն շատ այլ երկրների՝ Հայաստանում արտաքին քաղաքականությունը զուգահեռաբար իրականացնում են ԱԳՆ-ը եւ լրատվամիջոցները: Սակայն հաճախ արտաքին քաղաքական դաշտում մեդիան մնում է միայնակ:

Նաիրա Հայրումյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *