2019.04.16,

Տեսակետ

«Իրավապահ մարմինները պետք է չշտապեն քրեական գործեր հարուցել ֆեյքերի դեմ»

author_posts/gagik-aghbalyan
Գագիկ Աղբալյան
facebook

Լրագրող

Ֆեյքերի դեմ պայքարը Հայաստանում պետական օրակարգի մաս դարձավ այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կեղծ տեղեկատվության հեղինակներով և մեդիամանիպուլյատորներով «զբաղվելու» հանձնարարական տվեց կառավարության ապրիլի 4-ի նիստում։

Դրանից մեկ-երկու օր անց ԱԱԾ-ն քրեական գործի շրջանակներում կալանավորեց «Դուխով Հայաստան» ֆեյսբուքյան էջը համակարգող անձին։

Մասնագիտությամբ իրավաբան, նաև տեղեկատվական անվտանգության փորձագետ Դավիթ Սանդուխչյանը ռիսկեր է տեսնում Հայաստանում ֆեյքերի դեմ սկսված պայքարում։

Ի՞նչ է նշանակում պայքարել կեղծ օգտատերերի դեմ։ Ի՞նչ ռիսկեր ունի այս պրոցեսը։  

Պետք է հասկանալ, թե ֆեյքերի դեմ պայքարն ինչ է։ Դիտարկենք ԱՄՆ-ի օրինակը, երբ նախագահական ընտրությունների ժամանակ հարյուրավոր ֆեյք հաշիվներ էին ստեղծել և դրանց միջոցով քարոզչություն էին իրականացնում։ Բայց պետությունն այդտեղ չմիջամտեց։

Տեղի ունեցավ հետաքննություն, որի նպատակը ոչ թե ֆեյքերի դեմ պայքարն էր, այլ պարզելը՝ արդյո՞ք դա Թրամփի և նրա դաշնակիցների կամ մրցակիցների դեմ ուղղված, դրսի ուժերի ձեռքի գործն է։ Բայց որպես այդպիսին՝ կեղծ օգտատերերի դեմ պայքար պետությունը չի վարել։

Կեղծ օգտատերերի խնդիրն ավելի շատ հանրային դիսկուրս է։ Միակ խնդիրը, որ ներկայացուցիչների պալատը՝ Կոնգրեսը, դրել է սոցիալական մեդիայի, այդ թվում՝ Ֆեյսբուքի առջև, անձնական տվյալների արտահոսքի վերացումն է։

Ֆեյսբուքն այլ ընկերությունների հետ ուներ անձնական տվյալների տրամադրման պայմանավորվածություն, որն իրենք բացատրում էին որպես անփութության հետևանք։

Պետության կողմից ընդամենը բարձրացվեց հարց՝ ի՞նչ է արել ֆեյսբուքը, արդյո՞ք դա եղել է միտումնավոր, թե ոչ։ Այդտեղ ևս չկար պայքարելու կամ իրավապահ մարմինների միջամտելու հարց։ Պետությունն ուզում էր պարզել՝ դա օրինակա՞ն է եղել, և արդյո՞ք օրենսդրական կարգավորումների անհրաժեշտություն կա։

Բայց կարծես թե Մեծ Բրիտանիան ավելի լայն քննարկումներ է իրականացնում այս թեմայով։

Վերջերս Մեծ Բրիտանիայի կառավարությունը հանրային քննարկման է հանել մի օրենքի նախագիծ, ըստ որի՝ սոցիալական ցանցերը պարտավոր կլինեն որոշակի վերահսկողություն իրականացնել իրենց հարթակներում և վերացնել այն հաղորդագրությունները, որոնք կհակասեն օրենքին, առաջին հերթին հեղինակային իրավունքին, ինչպես նաև կպարունակեն ատելություն, թշնամանք, խտրականություն։

Ու դեռ պարզ չէ կընդունվի այդ օրինագիծը թե ոչ։ Այն մեծ դժգոհություն է առաջացրել իրավապաշտպանների շրջանակներում։

Այնտեղ քրեական հետապնդման ճանապարհով չեն գնում, փաստորեն։

Իրենք ուրիշ ճանապարհով են գնում։ Ասում են՝ հարգելի սոցիալական ցանց, դուք վերահսկեք և հեռացրեք անօրինական հայտարարությունները, գրառումները, և եթե դուք դա չանեք, մենք ձեզ կտուգանենք։

Վարչապետ Փաշինյանը պարզաբանել է, որ իրենց հանրահավաքի օրը ինչ-որ մեկը կոչ է արել դանակահարել ՀՀԿ-ականներին, և նման գրառումները պետք է կանխել։

Ինձ մոտ էստեղ հարցեր են առաջանում։ Նախ՝ ստացվում է, որ վարչապետը պետք է հատուկ հանձնարարություն տա իրավապահ մարմիններին, որպեսզի նրանք կանխեն ատելության խոսքի տարածումը։ Եթե գրառումը կատարվել է դեկտեմբերին, ապա հարց է առաջանում, թե ինչու՞ է քրեական գործ հարուցվել ապրիլին։

Երկրորդ հարցը․ արդյո՞ք դա առաջին և միակ հանցագործությունն է, որը տեսանելի է սոցիալական ցանցերում։

Ֆեյսբուքում ես կարդացել եմ առնվազն 3-4 խմբի հանդեպ ատելության և թշնամանքի խոսքեր։ Հատկապես կրոնական ուղղությունների հանդեպ։

Հարուցվե՞լ են քրեական գործեր։ Եվ ինձ հայտնի չէ, թե ՀՀԿ-ականներն ինչ խումբ են՝ կրոնակա՞ն, ռասայակա՞ն, թե՞ ինչ։

Իմ կարծիքով՝ այս դեպքը հղի է ոչ ցանկալի քաղաքական մթնոլորտով։ Ստացվում է շատ ընտրովի, խտրական իրավունքի կիրառում, որը ազատ խոսքի տեսանկյունից վտանգավոր է։

Որքանո՞վ ցանկալի է վարչապետի մակարդակով խոսել մեդիամանիպուլյացիաների մասին։

Իդեալական աշխարհում երկրի ղեկավարը չպետք է նման հարցերով զբաղվի։ Բայց հիմա դա ընդունված բան է։

Թրամփն ամեն օր ավանդական լրատվամիջոցներին կոչում է «ֆեյքնյուզ»։ Մակրոնը պարբերաբար ասում է, որ պետք է պայքարել և նույնիսկ հանձնարարում է պայքարել օտարերկրյա պետությունների կողմից վարվող քարոզչության դեմ, լրատվամիջոցներին անվանելով քաղաքականությամբ զբաղվող կազմակերպություններ։

Դրանք քաղաքական հայտարարություններ են։ Իսկ պետական համակարգն ի՞նչ պայքար է տանում ապատեղեկատվության դեմ։

ԱՄՆ-ում կա այսպես ասած հավասարակշռումների և ստուգումների համակարգ։ Կա իշխանության ճյուղերի տարանջատում և անկախություն։ Թրամփն ինչ էլ հայտարարի, քննչական մարմինները գործում են իրենց իրավասությունների շրջանակում։

Եթե իրավապահ համակարգը գերազանցի իր իրավասությունները, նրան ուղղակի կոչնչացնեն թե՛ Կոնգրեսը, թե՛ դատարանները, թե ՛մարդու իրավունքների պաշտպանները։ Նույնը և Ֆրանսիայում է։

Նիկոլ Փաշինյանը քաղաքական գործիչ է։ Նա տարբեր հայտարարությունների իրավունք ունի։ Իրավապահ մարմինները պետք է զգույշ լինեն և չշտապեն քրեական գործեր հարուցել։

Կեղծ տեղեկատվության տարածման դեմ ո՞ր մեթոդն է արդյունավետ, որպեսզի, ինչպես Փաշինյանն ասաց, նաև չոտնահարվի խոսքի և արտահայտվելու իրավունքը։

Իմ կարծիքով՝ հասարակության, քաղաքականության կյանքի վրա կեղծ ինֆորմացիայի ազդեցությունն առաջին հերթին նվազեցնում է  իշխանությունների թափանցիկությունը։

Որքան փակ են աշխատում իշխանությունները, որքան ուշ են արձագանքում իրադարձություններին, բամբասանքներին, կամ թափանցիկ չեն իրենց գործողություններում, այնքան ազդեցիկ կլինեն կեղծ տեղեկությունները։

Ավելի վաղ նման խնդիր չէր քննարկվում, որովհետև Նիկոլ Փաշինյանը պարբերաբար դուրս էր գալիս ուղիղ եթեր, պատմում, թե ինչ է արել այսօր, ում է հանդիպել:

Նա ապրում էր մեր աչքի առաջ։ Առավոտյան մարզանք էր անում՝ դիտում էինք, ճաշում էր՝ դիտում էինք, գիշերը նստած էր հրապարակում՝ դիտում էինք։ Այս պարագայում դժվար է կեղծ ինֆորմացիա տարածել։ Նրա գործունեությունը թափանցիկ էր, նրա կառավարությունն էր թափանցիկ։

Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը ոչ հրապարակային քաղաքական գործիչներ էին։ Նրանք համակարգի ներսից են գնացել առաջ և դարձել առաջին դեմք։

Թափանցիկ քաղաքականություն վարածներից երեքն են, որ հասել են հաջողության՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Կարեն Դեմիրճյանը և Նիկոլ Փաշինյանը։ Նրանք ժողովրդի հետ շփում են ունեցել։

Եվ երեքի (ճիշտ է, Դեմիրճյանը չհասցրեց) անհաջողությունները, անկումները սկսվեցին, երբ կտրվեց ժողովրդի հետ կապը։ Այդ ժամանակ առաջ են գալիս ֆեյքերը, բամբասանքները և այլն։

Բայց հնարավոր չէ մշտապես լինել թափանցիկության գագաթնակետին, անընդհատ լայվեր անել։

Միանշանակ։ Մեկ այլ ճանապարհ է հասարակությանը հուզող հարցերին արագ արձագանքելն ու լայնորեն լուսաբանելը։

Որպես օրինակ պետք է նշեմ Ալիևի հետ հանդիպումը։ Ո՛չ վարչապետը, ո՛չ նրա մամլո ծառայությունը չպատասխանեցին հանրության հարցերին։ Նույն շարքից է որոշ օդիոզ գործիչների դեմ քրեական հետապնդումները և հայտարարված քննչական գործողություններն առանց հանրությանը բացատրելու դադարեցնելը։ Նման դեպքերը ֆեյքերի համար պարարտ հող են ստեղծում։

Հարցազրույցը՝ Գագիկ Աղբալյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *