«Լրագրության աստվածը» օգնում է լրագրողներին ամենածայրահեղ իրավիճակներում

05.10.2016, Խաչմերուկ

Meduza.io-ի հատուկ թղթակից, արդեն մի քանի տարի «Իսլամական պետությունը» լուսաբանող Դանիիլ Տուրովսկին, ներկայացանելով իր փորձառաությունը աշխարհի թեժ կետերում ու հակամարտության գոտիներում, անկեղծանում է. իրեն չի համարում զինվորական լրագրող, չի լուսաբանում բուն պատերազմները, սակայն գրում է այն մարդկանց մասին, ովքեր պատերազմի հետևանքով հայտնվում են սահմանային քաղաքներում և ապրում պատերազմի կողքին:

«Քիչ այն կողմ ընթանում է պատերազմը, շատ դժվար է այդ մարդկանց համար, ովքեր ապրում են նման իրավիճակում, բայց որքան էլ ցինիկաբար հնչի, պետք է ասեմ, որ հենց այստեղ են ծնվում լրագրողական ամենալավ մարդկային պատմությունները»,- ասում է Տուրովսկին:

Դանիիլ Տուրովսկին  Meduza.io-ի հատուկ թղթակիցն է, լուսաբանում է «Իսլամական պետությունը», թղթակցել է նաև  «Կոմերսանտ», Esquire, Openspasce,  Большой город  լրատվամիջոցներին,  եղել է Афиша-ամսագրի խմբագիրը,  lenta.ru-հատուկ թղթակիցը: Ներկայումս լուսաբանում է հաքերներին, Ռուսաստանում ԼԳԲՏ համայնքին առնչվող հարցեր: 2015-ին արժանացել է GQ  տարվա լրագրող մրցանակին:

«Իսլամական պետությունը»  լուսաբանելիս  Տուրովսկին եղել է Պանկիսում, Տաջիկիստանի սահմանային քաղաքներում Աֆղանստանի հարևանությամբ, (Աֆղանստանում/ բավականին ուժեղացել է իսլամանակ պետությունը) թուրք-սիրիական սահմանային քաղաքներում:

Նա բացատրում է, որ շփվում է ու կապի մեջ է «Իսլամական պետության» ներկայացուցիչների հետ,  կարողացել է հասնել նրանց վստահությանը սոցիալական ցանցերում:

«Մենք շփվում ենք կողմերի հետ և դա Meduza.io-ի որդեգրած քաղաքականությունն է: Այս դեպքում  շփվում ենք Իսլամական պետության հետ, որպեսզի հասկանաք,  իմանանք նրանց ցանկությունները:  Եթե որոշել են սպանել մարդկանց, ապա ինչու՞, ու դա արդեն տեղ է գտնում նյութում»,-բացատրում է նա:

Խոսելով վախի զգացումի մասին, որն ի հայտ է գալիս հակամարտության գոտում աշխատելիս, երբ կյանքի ու մահվան արանքում է հայտնվում, Դանիիլ Տուրովսկին խոստովանում է. «Իհարկե լինում են պահեր, երբ ես ինքս ինձ ասում եմ. «Գրողը տանի կամ, Աստված իմ, այս որտե՞ղ եմ հայտնվել»:  Արդեն տասը տարի է՝ աշխատում եմ այդ գոտիներում, ու եթե իմ մեջ վախի զգացումը շատ բարձ լիներ, աշխատանքի մեջ վախը շատ մեծ լիներ, չէի կարողանա աշխատել և հայթհայթել այդ պատմությունները: Այդպես եղել է Լուգանսկում, երբ անօրինական հատեցի սահմանը, այդպես եղել է նաև Իսլամական պետությունում: Սովորաբար այդ զգացմունքներն ու էմոցիաները  շատ ավելի ուշ են գալիս,   բայց ոչ աշխատանքի ընթացքում, երբ  հավաքում ես նյութը, զրուցում մարդկանց հետ, վերլուծություն կատարում, այդ ժամանակ մոռանում եմ վախի մասին»:

Նա կարծում է, որ «Հաջողության ռիսկը» կամ «Լրագրության աստվածը» օգնում է լրագրողներին  ամենածայրահեղ իրավիճակներում, ինչպես օգնեց իրեն  2014 թվականին, երբ մեկնում էր լուսաբանելու Լուգանսկի ընտրությունները: Լուգանսկի սահմանին, տեսնելով նրա Մեդուզայի լրագրողական վկայականը, սահմանապահները Տուրովսկուն իջեցնում են ավտոբուսից՝ պատճառաբանելով, որ Լատվիան ֆաշիստական երկիր է, և արգելում նրա մուտքը  Լուգանսկի Ժողովրդական հանրապետություն:

«Բուֆերային տարածքից վերադարձա Ռուսաստանի տարածք՝ անընդհատ մտածելով՝ ինչպե՞ս  եմ կարողանալու անցնել սահմանը: Ու  հենց այստեղ, երևի թե, ինձ օգնության հասավ  լրագրության աստվածը: Սահմանային խորտկարաններից մեկում, որտեղ մտել էի մի բան ուտելու, լսեցի, թե ինչպես է մի մարդ մյուսին խոստանում 200 հազար ռուբլու վճարի դիմաց անցկացնել սահմանը: Հենց նրա հետ էլ սահմանը հատեցի անօրինական, իհարկե,  առանց փողի, այդքան գումար ինձ որտեղի՞ց...: Ռուսաստանի և Լուգանսկի միջև գտնվող այդ հատվածը այն ժամանակ ամենավտանգավոր վայրերից մեկն էր, ցանկացած մեկին, որ գտնվում էր այդ տարածքում, ուղղակի գնդակահարում էին»,-պատմում է լրագրողը:

Նա կարծես ֆիլմի մասին է պատմում, երբ հիշում է, թե ինչպես են հատել սահմանը:

«Մառախուղ, պատերազմ, լքված գյուղ ու այդ մարդն ինձ ասում է՝ հիմա հարկավոր է իջնել մեքենայից ու պարզապես արագ վազել առանց կանգ առնելու, հակառակ դեպքում, եթե մեզ բռնեն, ապա շատ վատ կլինի, կա՛մ կհայտնվենք  Լուգանսկի նկուղներից մեկում, կա՛մ էլ մեզ ուղղակի կգնդակահարեն, ու մենք վազում էինք...»,- պատմում է նա:

Անդրադառնալով թեժ կետերում հակամարտության գոտիներում աշխատող լրագրողների կյանքի ապահովագրությանը՝ Տուրովսկին նշում է, որ Մեդուզան նույնպես չունի ապահովագրություն, մինչդեռ լավ կլիներ ունենալ: Լրագրողների կյանքի ապահովագրությունը բացակայում է նաև Ռուսաստանում:

Դանիիլ Տուրովսկին հակամարտության գոտիներ է մեկնում  և այնտեղ աշխատում «ֆիքսերի» օգնությամբ, ովքեր, ինչպես ինքն է ասում, սովորաբար իրենց դրսևորում են որպես «թիկնապահներ»՝  թույլ չտալով ազատ աշխատել:

«Տաջիկստանում հենց այդպես եղավ ֆիքսերի հետ: Հենց երկրորդ  օրը նրանից հրաժարվեցի, քանի որ անընդհատ արգելում էր մտնել հենց այն տեղերը, որտեղ  համոզված էի՝  հարկավոր էր մտնել, այնտեղ  էր պատմությունը ու այնտեղ էին հերոսները»- ասում է նա:

Դանիիլ Տուրովսկին  աշխատել է թեժ կետերում առանց պաշտպանիչ բաճկոնի՝ չնայած խոստովանում է, որ  ունեցել է դրա կարիքը թե՛ թուրք-սիրիական սահմանին, թե՛ Լուգանսկում աշխատելիս:

Նշում է՝ թե՛ սահմանին, թե՛ այլ վայրերում աշխատող լրագրողները պետք է իմանան միևնույն բանը՝ աշխատել տարբեր աղբյուրների ու տարբեր կողմերի հետ,  ազնվորեն ցիտել այդ ամենը՝ առանց  չափազանցնելու, ինչն էլ հիմքն է լրագրության ու որով աշխատում են ամենուր:  

Տուրովսկու հաջորդ կանգառը կլինի Իրաքը, որտեղ գնալուց առաջ նա իր հետ անպայման պաշտպանիչ բաճկոն կվերցնի:

«Հիմա այնտեղ էլ պատերազմ է, առանց դրա անհնար կլինի»,- ասում է լրագրողը:

Գայանե Մկրտչյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?