«Երկիր» եւ «Ժամանակ» օրաթերթերի դեմ հայցերը մասնակի բավարարվեցին

08.06.2011, Նյուսրում

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մասնակի բավարարեց ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի հայցն ընդդեմ «Երկիր» օրաթերթի հրատարակիչ «Երկիր խմբագրություն» ՍՊԸ-ի՝ օրաթերթին պարտավորեցնելով հրապարակել վճռի եզրափակիչ մասը եւ վճարել 288.000 դրամ`200.000 դրամը որպես «լակոտ» խոսքով վիրավորելու հետեւանքով պատգամավորին պատճառած վնասի, իսկ 88.000 դրամը փաստաբանական եւ դատական ծախսերի փոխհատուցում: Դատարանը մերժեց «Երկիր» օրաթերթում հերքում տպագրելու եւ վիրավորանքի ու զրպարտության միջոցով հասցված 3 միլիոն 568 հազար դրամ փոխհատուցելու Տիգրան Արզաքանցյանի պահանջը՝ համարելով այն անհիմն:

ԱԺ պատգամավորը վիրավորանք էր համարել օրաթերթի հունվարի 13-ի «131 դեմք ու դիմակ» հոդվածաշարում տեղ գտած «էդ լակոտը», «ստիլյագ», «առավել հասկանալի խոսում է հայերենի քյավառա բարբառով», իսկ զրպարտություն՝  «ինքնաթիռով գեղեցկուհիներ է բերում ու տանում», «հայտնի է նաեւ որպես «կազինոների» մշտական հաճախորդ», «շարունակ ծեծ ուտելու սովորություն ունի»,  «ծեծ է կերել», «ամեն անգամ ծեծվելուց հետո», «անցնող նստաշրջանում միայն մեկ անգամ է երեւացել Ազգային ժողովի միջանցքներում» արտահայտությունները:

«Երկիր» օրաթերթի գլխավոր խմբագիր Բագրատ Եսայանի խոսքերով՝ հոդվածում «լակոտ» արտահայտությունը մեջբերված էր Հրանտ Բագրատյանի խոսքից, եւ երբ Տիգրան Արզաքանցյանը Հրանտ Բագրատյանի կողմից գրություն էր ներկայացրել, թե ինքն այդպիսի բան չի ասել, օրաթերթը հերքում էր տպագրել:

«Կարծում էինք՝ դրանով [հարցն այդ մասով] սպառված էր»,- ասում է խմբագիրը:

Նրա խոսքերով՝ թեեւ իրենք հայտարարել էին, որ վճիռը թեկուզ 1 դրամով բավարարելու դեպքում իրենք շարունակելու են պայքարել, սակայն այժմ այդ մասին պետք է խորհրդակցեն, քանի որ վճիռը մի փոքր անսպասելի էր:

Վճիռը բողոքարկելու հնարավորությունը երկու կողմերն էլ չեն բացառում, ամբողջ վճռին  ծանոթանալուց հետո մի քանի օրվա ընթացքում կողմերը կհայտարարեն իրենց մտադրության մասին:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նկատեց, որ սա առաջին դեպքն է, երբ դատարանը65 վիրավորանքի եւ զարպարտության համար փոխհատուցումը սահմանում է 200.000 դրամ, ոչ թե օրենքում նշված մաքսիմալ չափով:

«Ամեն դեպքում մոտեցումը սուբյեկտիվ է, եւ սուբյեկտիվիզմի չափը բավականին մեծ էր, օրենքի համաձայն՝ ամեն ինչ թողնվում է դատարանի հայեցողությանը, մյուս կողմից էլ կարելի է արձանագրել, որ դատարանը հաշվի առավ նաեւ Արզաքանցյանի պատգամավոր լինելը, այսինքն՝ պոնտենցիալ ուժը, եւ չուզեցավ այդ ուժի դեմ վճիռ կայացնել: Առայժմ ոչ մի վճիռ ի օգուտ թերթի չի եղել, սա մեզ ստիպում է մտահոգվել»,- ասում է նա:

Նրա խոսքերով՝ այս դատական գործը նաեւ հետաքրքիր նախադեպ էր այն առումով, որ «լակոտ» արտահայտությունը գրելիս թերթը հղում էր կատարել Հրանտ Բագրատյանի վրա, եւ քանի որ թերթը տպագրել էր Արզաքանցյանի ներկայացրած գրությունը, մի կողմից՝ այն կարող էր ընկալվել որպես հերքում, մյուս կողմից՝ ոչ:

«Եվ հենց այստեղ էլ երեւում է սուբյեկտիվիզը. դատարանը, որպես կանոն, ուժեղի կողմն է լինում»,- ասում է ԽԱՊԿ նախագահը:

«Ժամանակ» օրաթերթը հստակ որոշել է բողոքարկել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ օրեր առաջ կայացրած վճիռը, ըստ որի՝ մասնակի բավարարվեց Բելլա եւ Սեդրակ Քոչարյանների հայցն ընդդեմ օրաթերթի հիմնադիր՝ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի: Դատարանը վճռեց «Ժամանակ» օրաթերթից հօգուտ Քոչարյանների բռնագանձել 3 միլիոն դրամ՝ որպես վիրավորանքի եւ զրապարտության հետեւանքով հայցվորների պատվին ու արժանապատվությանը հասցված վնասի փոխհատուցում, իսկ 3 միլիոն դրամի փաստաբանական ծախսերի փոխահտուցման պահանջը մերժեց:

Օրաթերթի ներկայացուցիչ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի խոսքերով՝ օրաթերթը տպագրել էր հերքումը, ինչը դատարանը պետք է բավարար համարեր:

«Իսկ Քոչարյանների ներկայացուցիչները նույն բաները եւ՛ վիրավորանք, եւ՛ զրպարտություն էին համարել, դա անթույլատրելի է, քանի որ դրանք տարբեր սահմանումներ ունեն»,- ասում է փաստաբանը:

64Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը գտնում է, որ այստեղ ակնհայտ է լրատվամիջոցների դեմ անհանդուրժողականությունն ու նրանց որքան հնարավոր է դաժան պատիժ հասցնելու ցանկությունը:

«Մեր քաղաքական գործիչներն ավելի շատ մտածում են մաքսիմալ չափով փոխահատուցման, քան պատիվն ու արժանապատվությունը վերականգնելու մասին»,- ասում է Աշոտ Մելիքյանը:

Քոչարյանները «Ժամանակ»-ի դեմ դատական հայց էին ներկայացրել օրաթերթում անցյալ տարվա սեպտեմբերին եւ հոկտեմբերի սկզբին տպագրած 3 հրապարակումների համար, որում գրված էր, թե Բելլա Քոչարյանը ներգրավված է դեղորայքի բիզնեսում, Քոչարյանների ընտանիքին է պատկանում «911» դեղատների ցանցը, ու հենց նրանք են հովանավորում դեղերի շուկայում գործող «Քոմսթար», «Լիկվոր» եւ «Ֆարմատեքս» ընկերությունները, ինչպես նաեւ Քոչարյաններն ադամանդի հանքեր ունեն Նամիբիայում, իսկ վերջերս Սեդրակ Քոչարյանը նմանատիպ հանք է ձեռք բերել Հնդկաստանում: Թերթը նաեւ գրել էր, թե իրականում բեռնափոխադրումներով զբաղվող «Սպայկա» ընկերության «մեջքին կանգնած է» Սեդրակ Քոչարյանը:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?