Լրագրողական դասընթաց. «Հակամարտությունների չլռող զենքը»

09.07.2014, Հայտարարություն

Զանգվածային լրատվամիջոցների աշխատանքի նրբությունները հակամարտությունների լուսաբանման ժամանակ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (նախկին Ինտերնյուս) սկսում է դասընթացների շարք՝ հակամարտությունները լուսաբանող երիտասարդ լրագրողների համար:

Շարքը բաղկացած է երեք եռօրյա դասընթացներից, որոնք անցկացվելու են մինչև տարեվերջ Երևանում, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում:

Դասընթացներից յուրաքանչյուրն իր թեման է ունենալու.
- Ատելության լեզուն. ինչպես գրել հակամարտությունների մասին,
- Վստահելի աղբյուրներ. ինչպես ստուգել ինֆորմացիայի հավաստիությունը,
- Քաղաքացի՞, թե՞ լրագրող. անլուծելի այլընտրանք:

Առաջին դասընթացն անցկացվելու է 2014թ-ի հուլիսի 28-30-ը: Մասնագետների օգնությամբ լրագրողները կծանոթանան հակամարտությունները լուսաբանելու առանձնահատկություններին, կվերլուծեն թեմայի լուսաբանման թե՛ դրական, թե՛ բացասական օրինակներ, կլինեն նաև առցանց քննարկումներ հակամարտությունները լուսաբանող օտարերկրյա լրագրողների հետ: Որպես գործնական առաջադրանք մասնակիցները կպատրաստեն հեղինակային նյութերը, որոնք կարող են հրապարակել իրենց լրատվամիջոցներում: Լավագույն նյութերի հեղինակները կխրախուսվեն:

Դասընթացին կարող են մասնակցել աշխատանքային փորձ ունեցող լրագրողները, ովքեր հետաքրքրված են հակամարտությունների լուսաբանմամբ: Նախատեսվում է, որ բոլոր երեք դասընթացներին մասնակցելու է լրագրողների նույն խումբը:

Խմբում ընդգրկվելու համար անհրաժեշտ է մինչև 2014թ-ի հուլիսի 21-ը training@mediainitiatives.am էլ. հասցեին ուղարկել կենսագրական (CV) և կարճ հիմնավորում՝ դասընթացներից ձեր ակնկալիքների մասին: Եթե ունեք թեմայի վերաբերյալ հոդվածներ, հեռուստատեսային կամ ռադիոնյութեր, խնդրում ենք ուղարկել նաև դրանց ինտերնետային հղումները:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգել Մեդիա նախաձեռնությունների կենտրոն (նախկին Ինտերնյուս)՝  010 58 36 20, Սոնա Քոչարյանին, կամ գրել training@mediainitiatives.am էլեկտրոնային հասցեով:
Հասցեն՝ Երեւան, Արշակունյաց 3, 3-րդ հարկ։

Դասընթացները կազմակերպվում են «Հակամարտությունների լուսաբանումը հարավկովկասյան լրատվամիջոցներում»  ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորում է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?