2012.07.14,

Քննադատ

Ո՞վ է մամուլում «կոմպետենտ» կարծիք հայտնում

Հայկական մեդիաները կպչուն խասիաթ ունեն` պահպանում են «լավագույն» ավանդույթները: Ու եթե որեւէ անհատ, անկախ իր ծագումնաբանությունից կամ մասնագիտական կոմպետենտությունից, հանկարծ հայտնվի մեդիաներից որեւէ մեկում, վերլուծի, կարծիք հայտնի ու մեկնաբանի… ուրեմն վերջ, քաշվեցինք, այս մարդուն զոռով բերում իր ոլորտի մասին մեկնաբանելու մենաշնորհային դիրք են հանձնում: Բնապահպանությա՞ն մասին է խոսքը` գիտենք ում հետ խոսել, հայ-ռուսական հարաբերությունների՞՝ պարզ է` ով է մեկնաբանելու, տնտեսակա՞ն թեմաներ են, ահա, գիտենք… Սեւանի՞ հարցն է, ըհը, պարզ է…

Այսինքն` ստացվում է, որ հայկական մեդիան` էքսպերտների ներգրավման հարցում նվազագույնը լճացած է: Եվ արդեն հոտում է..

Ու մինչ գրածս «հոտած» ածականի համար մի-մի հոտած ձու առած ինձ խմբագրության դիմաց հավաքվեք-սպասեք, թույլ տվեք պարզաբանեմ միտքս:

Մեդիան, որպես «հեղինակություների ինստիտուտի» հետ ամենից ինտիմ կապի մեջ գտնվող օղակ, չափազանց հզոր գործիք է, ինքներնդ էլ գիտեք: Այսօր մեդիան կարող է որպես կռճիկագիտության ականավոր տեսաբան Փայլակ Գազազյանից հարցազրույց վերցնել՝ դնելով մեր գլխին ու փաթաթելով մեր վզին, իսկ վաղը Գազազյանին կարող է անտեսության մատնել՝ գցելով ոտքերի տակ ու տրորելով: Պատահական մարդիկ մեդիայում չեն հայտնվում: Գոնե այն պարզ պատճառով, որ հեղինակություն լինելն ու հանրությանը կարեւոր կարծիքը հայտնելը չափազանց թանկ արժե, դասական մեդիա տեսության կանոններով, իհարկե:

Իմ տեսանկյունից՝ մեր մեդիայում մարդիկ «տեսաբան» են դառնում, որովհետեւ Հայաստանում լրագրողները ասուլիսներ գնալու աննկուն ու տենչալի ցանկություն ունեն։ Լրագրողներից շատերն անգամ «տեսաբանների» անուն-ազգանունը սովորում են հենց ասուլիսիների ժամանակ:

Բայց շարունակենք շղթան: Միայն Երեւանում 2 տասնյակից ավելի մամուլի ակումբներ կան, որոնք «աշխատացվում» են» «ում բջջայինի համարն ունենք, ինքն էլ մեր հյուրն է» սկզբունքով, իսկ ակումբները մեծ մասամբ «պարապ» տեսաբանների հեռախոսահամարներն ունեն։ Պարապ են, քանի որ զբաղված չեն նոր հետազոտություններ անելով ու թեժ գծի օպերատիվությամբ արձագանքում են ասուլիս տալու բոլոր կանչերին…

Այս անչափ զվարճալի սցենարն առավել մանրամասն նկարագրելու ցանկությունս զսպելով՝ միանգամից արդյունքից խոսեմ: Չէ՞ որ ես հոգում եմ ձեր նյարդերի մասին: Արդյունքում ստացվում է, որ մեդիա դաշտում շրջանառության մեջ 3 քաղաքագետ, 2 սոցիոլոգ, 1 կռճիկագետ (ասել ասող) կան, որոնք բազմիցս սպառած իրենց տեսությունները կրկնում են շաբաթը երկու անգամ, ռեժիմով: Դա էլ քիչ է, ոմանք հատուկ մենաշնորհային դիրք ունեն այս կամ այն թեման մեկնաբանելու հարցում:

Ընկեր լրագրողներս հաճախ կատակում են` անգիր գիտենք՝ ով ինչ է ասելու։ «Գրազ կգամ, կարող եմ աչքերս փակ, առանց ասուլիսին ներկա լինելու էլ մեկից մեկ գրել նյութը»,- ասում է նրանցից մեկը։  Մտածում եմ` է՜, եթե գիտես՝ ինչ է ասելու, էլ ինչո՞ւ ես գնում նույն մարդուն «լուսաբանելու», ինչո՞ւ ես զանգահարում նույն մարդուն` արագ կարծիք «թխելու»: Բա քո մեդիայի թանկ տարածքը, քո ժամանակը, էլ ուրիշ տեսաբան չկա՞ այս երկրում, թե՞ փնտրելու հավես չկա: Ի վերջո, կրկնվող քաղաքագետները փոքր երկրի փոքր քաղաքական դաշտում ասոցիացվում են այս կամ այն ուժի կամ «նախապատմության» հետ, հետեւաբար՝ բոլորովին անաչառ նպատակներով գրված լրագրողական նյութը կարող է ընկալվել նվազագույնը որպես այս կամ այն քաղաքական ուժի կամ տեսակետի գովազդ:

Եկեք քննարկենք ու հասկանանք՝ ո՞վ է մեդիայում կոմպետենտ կարծիք հայտնողը կամ ո՞ւմ արտահայտած կարծիքը կարելի է լուրջ ընդունել: Լավ կլիներ մեկնաբանությունների բաժնում դուք էլ արտահայտվեիք: Այնուամենայնիվ, «դասականներից» ինքս մեջբերեմ հիմա:

Որպես կարծիք հայտնող ու վերլուծող էքսպերտ կարող է լինել, ասենք, գրքի կամ հետազոտության հեղինակը։ Ընդ որում՝  ամեն նոր դեպքի համար համապատասխան հետազոտության հեղինակը, այլ ոչ թե մի հետազոտության հեղինակ բոլոր հնարավոր ու նմանատիպ դեպքերի համար: Որպես կարծիք հայտնող ու վերլուծող էքսպերտ չի կարող հանդես գալ որեւէ պատահական մարդ, ասենք՝ բլոգերը։ Առավելեւս, երբ բլոգերը մամուլում կարծիք է հայտնում, ասենք, հայ-թուրքական հարաբերությունների մասին:

Հեռու չգնամ, անձամբ ինձ հետ նման դեպք եղել է. իմ կարծիքը հարցրել են: Ու բացատրությունս, որ այդ թեմայով առավելագույնը որպես քաղաքացի կարող եմ խոսել, քանի որ տեսաբան չեմ, ընդունվել է որպես «չուզողություն»: Իրականում, շատ եմ ուզում, որ հայկական մեդիա դաշտը պրոֆեսիոնալ լինի ու գործ ունենա պրոֆեսիոնալների հետ։ Եվ հատկապես՝ տարբերակի, թե ում է տրամադրում իր այդքան կարեւոր ու արժեքավոր խոսքի ամբիոնը: Թե չէ իմ պես «բառադի» մարդիկ ինչքան ասես կան։

Շուշան Հարությունյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *