Զոհերի ինքնության բացահայտման չնչին իսկ վտանգը բավարար է դատավարությունը դռնփակ անցկացնելու համար

15.07.2011, Քննադատ

Կրթությամբ` տնտեսագետ, բանասեր
Կոչումով` արձակագիր
Գործունեությամբ` լրագրող եւ մեդիա փորձագետ

Մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանի դատավարության առաջին նիստի դռնփակ անցկացնելը միանշանակ չի ընդունվել հասարակության եւ լրագրողական համայնքի ներկայացուցիչների կողմից: Իհարկե, այդ առաջին դատական նիստը դռնփակ անցկացնելու անհրաժեշտություն կարծես թե չկար, որովհետեւ ենթադրվում էր, որ այդտեղ վկաների եւ տուժողների ցուցմունքներ չեն լինի, այսինքն՝ բուն դատաքննությունը դեռ չէր սկսվելու, այսուհանդերձ, դատարանը վճռել էր այն էլ դռնփակ անցկացնել, ինչը դժգոհություններ էր հարուցել:

Ինչեւէ, որոշ սկզբունքներ, ինչպես նաեւ միջազգային փորձը, խոսում են հօգուտ այդ դատավարությունն ամբողջությամբ դռնփակ անցկացնելու:  Ես վստահ եմ, որ իմ գործընկերների մի մասն ինձ առարկելու է, սակայն պիտի հիմա փորձեմ համոզել  իմ ճշմարտացիությունը:

Խնդիրն այստեղ մեղադրյալը չէ, նրա անձը պարզ է, եւ, հուսամ, դատարանը, մեղքը ապացուցված լինելու դեպքում, նրան արժանի պատիժ կտա: Խնդիրն այստեղ նրա զոհերի, այսինքն՝ տուժողների պաշտպանությունն է:

Այս հարցն արծարծված է նաեւ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 2003 թվականի «Լրատվամիջոցներով քրեական դատավարությունների մասին տեղեկատվություն հաղորդելու վերաբերյալ» Rec (2003) 13 հանձնարարականում: Դրա 8-րդ սկզբունքում նշված է. «Հատուկ պաշտպանվածություն պետք է տրամադրվի անչափահասներին կամ այլ խոցելի անձանց, ինչպես նաեւ տուժողներին, վկաներին եւ կասկածյալների, մեղադրյալների ու դատապարտյալների ընտանիքներին։ Բոլոր գործերում պետք է հատուկ ուշադրություն դարձնել այն վտանգավոր հետեւանքներին, որոնց կարող են ենթարկվել այս սկզբունքում հիշատակված անձինք տեղեկատվության բացահայտման հետեւանքով իրենց ինքնության հրապարակայնության դեպքում»։

Իսկ ԵԽ նախարարների կոմիտեի «Լրատվամիջոցներով քրեական դատավարությունների մասին տեղեկատվություն հաղորդելու վերաբերյալ» հռչակագրում էլ լրատվամիջոցներին եւ լրագրողներին կոչ է արվում «նրբանկատություն դրսեւորել քրեական դատավարության մեջ ընդգրկված անչափահասների եւ այլ խոցելի անձանց շահերի նկատմամբ»:

Հարցն ունի նաեւ էթիկական կարգավորում, եւ շատ երկրների ԶԼՄ-ների, լրագրողական կազմակերպությունների եւ միավորումների էթիկական վարքականոններում այն համարյա նույնաբովանդակ ձեւակերպում ունի: Դա հատուկ ուշադրության է արժանացել նաեւ Հայաստանի ԶԼՄ-ների վարքականոնում, որը ստորագրել են մոտ 40 լրատվամիջոցներ: Ահա՝

«4.3. Առանձ­նա­պես նր­բան­կատ լի­նել, երբ տե­ղե­կատ­վու­թյան աղ­բյուրները կամ հրապարա­կում­նե­րի հե­րոսները[[wysiwyg_imageupload:88:]] ե­րե­խա­նե­ր, ան­չա­փա­հաս­նե­ր են։ Զգույշ լի­նել դեռահաս ամ­բաս­տա­նյալ­նե­րի, ինչ­պես նաեւ սե­ռա­կան հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի զոհե­րի, ինքնասպանություն գործած անձանց ինք­նու­թյու­նը բա­ցա­հայ­տե­լիս:

4.4. Ող­բեր­գու­թյուն կամ վիշտ տա­րած մարդ­կանց մա­սին տե­ղե­կու­թ­յուն­ներ հավաքե­լիս, հար­ցազ­րույց կամ լու­սան­կար հրապարակելիս, տեսա կամ ձայնանյութ հեռարձակելիս նր­բա­նկատ լի­նել նրանց նկատ­մամբ»:

Կարծում եմ մեջբերումները բավական են, եւ հարկ է միայն որոշ մեկնաբանություններ անել:

Բանն այն է, որ այս սկզբունքներն ինքնին չեն ենթադրում դռնփակ դատավարություններ, դրանք պարզապես նշում են, որ անչափահասների հետ կապված դատավարությունները լուսաբանելիս պետք է նրբանկատ լինել, չպետք է այնպես լուսաբանել, որ նրանց ինքնասիրությունը խոցվի կամ որ հնարավոր լինի բացահայտել նրանց անձը: Բայց չէ՞ որ դատարանի դահլիճում լրագրողի կամ դատավարության կողմ չհանդիսացող անձանց ներկայությունն արդեն իսկ բռնությունների զոհերի անձի բացահայտում է նշանակում կամ առնվազն նրանց անձն արդեն էլ գաղտնիք չի դառնում շատերի համար (ասում են՝ եթե մի բանը հայտնի է մեկից ավելի հոգու, ապա դա արդեն գաղտնիք չէ): Եվ անգամ անունները չնշելը, կեղծ անուններով ներկայացնելը կամ միայն անվան առաջին տառերը գրելն այս դեպքում չի փրկում անչափահասին նույնականացումից:

Իսկ վերոհիշյալ  գործով մինչդատական փուլում արդեն, ենթադրում եմ, բավականին լրագրողներ նույնիսկ շփվել են անչափահաս զոհերի հետ եւ գիտեն նրանց անուններն ու ով լինելը: Սա արդեն վտանգավոր է, որովհետեւ հղի է գայթակղությանը չդիմանալու եւ «բա գիտե՞ս...» ասելով ինչ-որ մեկի անձը բացահայտելու վտանգով:

Եվ նման վտանգներից խուսափելու համար է, որ փորձագետներս ասում ենք` ավելի լավ է չիմանալ, մանավանդ, որ եթե ոչ դուք, ապա անպատասխանատու մեկը կբացահայտի զոհի ինքնությունը, եւ կասկածը կընկնի գաղտնիքին տիրապետող բոլոր լրագրողների վրա:

Ուրեմն ավելի լավ է, որ այս դատավարությունն ընթանա դռնփակ, ի վերջո մանկապիղծի զոհերը դեռ ապրելու են, մեծանալու են, ընտանիք են կազմելու, նրանք դեռ ապագա ունեն: Եվ չարժե մի անզգույշ խոսքով կամ արված մի ակնարկով վտանգել նրանց ապագան:

Չէ՞ որ նրանք իրոք զոհեր են:

Մեսրոպ Հարությունյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?