«Լրատվամիջոցներն ապացուցեցին, որ Հայաստանի քաղաքացին անտարբեր չէ քաղաքականության նկատմամբ»

27.04.2018, vox populi

«Քայլ արա» շարժումը առաջինը չէր, երբ մեր լրատվամիջոցները կարողացան լուրջ մարտահրավերներից պատվով դուրս գալ: Ե՛վ «Էլեկտրիկ Երևան» շարժման, և՛ «Սասնա ծռերի» ապստամբության ժամանակ լրատվամիջոցները շատ ակտիվ էին, գտնվում էին դեպքերի վայրերում ու հնարավորություն տալիս հանրությանը կողմնորոշվելու:

Կարծում եմ՝ ակտիվ լուսաբանող լրատվամիջոցներն ապացուցեցին, որ իրավիճակ է փոխվել, և Հայաստանի քաղաքացին անտարբեր չէ քաղաքականության նկատմամբ:

Եվ դա այն դեպքում, երբ մեր առաջատար համապետական հեռուստաալիքներն անընդհատ փորձում են համոզել հակառակը:

Մեր հեռուստաալիքները, եթե ուզում են որևէ կերպ բացատրել տեղեկատվական կամ քաղաքական-վերլուծական հողորդումների կրճատումը, սովորաբար ասում են՝ դե, մարդկանց դա հետաքրքիր չէ:

Բայց հենց հիմա «Քայլ արա» շարժման շնորհիվ մենք ստացանք ապացույց, որ քաղաքական զարգացումներն ու դրանց լուսաբանումը շատ էլ լավ հետաքրքրում է քաղաքացիներին:

Պարզապես, պրոֆեսիոնալ թերությունները հնարավորություն չեն տալիս հեռուստաալիքներին մատուցել ինֆորմացիան այնպես, որ հետաքրքիր լինի:

Մեր ալիքները հրաժարվում են այդ դաշտում խաղալ, և դրանով հանդերձ՝ հրաժարվում են ԶԼՄ-ներ լինելու իրենց դերից:

Ի վերջո, ԶԼՄ-ն չի կարող կարևոր իրադարձություններին ուշադրություն չդարձնել:

Հեռուստալիքները մի կողմից չեն կարող, մյուս կողմից՝ չեն ուզում անդրադառնալ կարևորին, և դա բացատրում են այն բանով, որ լսարանին դա պետք չի:

Փաստորեն այդ քայլով նրանք ազատում են դաշտն այլ լրատվամիջոցների համար, որոնք իրենց գործը շատ լավ են անում: Այդ մասին վկայում է օնլայն հեռուստատեսության թրաֆիկը:

Այս շարժումն ուներ հստակ ուղերձ, որ մարդիկ պետք է հետևեն քաղաքական զարգացումներին, որպեսզի ունենանք ակտիվ ու շահագրգիռ քաղաքացիներ, որոնց պահանջը Հայաստանում շատ մեծ է:

Այլ հարց է լրագրողների ու լրատվամիջոցների քաղաքականցված լինելը: «Քայլ արա» շարժումը լուսաբանվում էր օպերատիվորեն, գերակշռում էին ուղիղ հեռարձակումները, այլ ոչ թե գնահատականները, ինչը փաստում է, որ դա պրոֆեսիոնալ լրագրողական աշխատանք էր, այլ ոչ թե լրատվամիջոցների ու լրագրողների ներգրավվածություն քաղաքականության մեջ:

Նման օրերին շատ վտանգավոր են վերլուծական հաղորդումներն ու հոդվածները:

Վերլուծությունների հերթը կգա ավելի ուշ, բայց արագ զարգացող և սուր իրավիճակները վերլուծել փորձող քաղաքագետները անպայման տեղափոխվում են կանխատեսումների դաշտ:

Այսինքն, վերլուծությունը հասկանում են որպես կանխատեսում: Իսկ դա անհամաչափ միջամտություն է բնական քաղաքական գործընթացներին:

Մեր ակտիվ օնլայն լրատվամիջոցների մեծ մասը վարվում էր ճիշտ՝ առաջարկելով փաստեր, օպերատիվ ու լիարժեք լուսաբանում՝ շանս տալով քաղաքացուն ինքնուրույն կողմնորոշվելու խառը իրավիճակում:

Չեմ կարծում, որ ստեղծված իրավիճակից հետո ավանդական հեռուստաընկերությունները կարող են փոխվել:

Փոխվելու համար անհրաժեշտ են տարիներ, բայց մեր հեռուստատեսությունը չունի այդ տարիները օբյեկտիվ պատճառներով. հեռուստատեսությունն ամենուրեք զիջում է իր դիրքերը, և դա անշրջելի է:

Եվ կան սուբյեկտիվ պատճառներ՝ հայաստանյան ավանդական ալիքներն իրենց կամքով և կարևոր իրադարձությունների լուսաբանմանը չմասնակցելու որոշմամբ ավելի են արագացնում իրենց նահանջը:

Չեմ զարմանա, որ նրանց դիտելիության բարձր ցուցանիշները մոտ ժամանակներում սկսեն կտրուկ նվազել:

Իհարկե, նրանք կպահպանեն իրենց դիրքերը շոու-բիզնեսի ոլորտում, անգամ կդառնան շոու-բիզնեսի մի մասը, բայց այլևս չեն լինի դասական իմաստով լրատվամիջոցներ:

Այդ գործընթացը կանգնեցնելը շատ դժվար է: Միգուցե անգամ պետք էլ չի ջանքեր գործադրել՝ հաշվի առնելով, թե որքան արագ են զարգանում այլընտրանքային տեղեկատվական աղբյուրները:

Բորիս Նավասարդյան
Երևանի մամուլի ակումբի նախագահ

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?