«Ինչու են ձախողվում պետությունները»․ միգուցե, որովհետև ու՞շ են կարդում այդ մասին

22.02.2019, Քննադատ

PanARMENIAN.Net-ի խմբագիր, ազատ ժամանակ զբաղվում է «Լուրեր դժոխքից» երգիծական նախագծով

Հունվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ալեկոծեց հանգիստ կիրակիներից մեկը՝ գրախանութ այցելելով ու մի քանի գիրք գնելով։ Վարչապետը երեկոյան ընթերցանության համար գնեց մի քանի հայ գրողի ստեղծագործություն, Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը» ու Տարոն Աճեմօղլուի և Ջեյմս Ռոբինսոնի «Ինչու են ձախողվում պետությունները» աշխատությունը։

Ու մինչ համացանցը հիմնականում տարակուսեց կամ կատակեց Մենսոնի գրքի ու դրա անվանման կապակցությամբ, Աճեմօղլուի գրքի ընտրությունը հիմնականում մնաց աննկատ։

Այնինչ սա լավ առիթ է խոսելու այն մասին, թե որքան ուշացած, կիսատ ու հնացած են մեզ հասնում տնտեսության, քաղաքագիտության ու այլ մասնագիտական ոլորտներում խնդիրների քննարկումները, ու ինպես է այդ կիսատությունը սպառնում աղավաղել մեր պատկերացումը նաև մեզ վերաբերվող որևէ խնդրի վերաբերյալ։

Աճեմօղլուի և Ռոբինսոնի գիրքը նկարագրում է տարբեր երկրների, քաղաքակրթությունների և քաղաքների հաջողությունների և անհաջողությունների պատմությունը։

Մեծապես կարևորելով քաղաքական ու հասարակական ինքլուզիվ, այսինքն՝ ներառական ինստիտուտների դերը, աշխատությունը հաճախ գերադասում է դրանց որակն այլ հանգամանքներին, ինչպիսիք են աշխարհագրությունը, պատմությունը, հարևանները, ռեսուրսները և այլն։

Աշխատությունը թե՛ ողջունել են՝ բազմիցս վերահրապարակելով, թե՛ քննադատել։

Օրինակ, կարող եք ընթերցել Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի քննադատությունը գրքի և հեղինակների հասցեին ու հեղինակների պատասխանը գործարարին, կարդալ Աճեմօղլուի-Ռոբինսոնի հեռակա բանավեճը տնտեսագետ Ջեֆրի Սաքսի հետ, դիտել Աճեմօղլուի ու Սաքսի դեմ առ դեմ քննարկումը, կամ ինքնուրույն որոնել աշխատության վերաբերյալ կարծիքներ։

Եվ ահա այստեղ է թաղված «շան գլուխը»․ գիրքը, որը մենք կարդում, գովազդում ու քննարկում ենք 2019-ի ձմռանը, լույս է տեսել, ուշադրություն, 2012 թվականին։

Գրքի հրապարակումից մինչև հայերեն թարգմանությունը անցել է 6 տարի՝ մեկ համալսարանական սերունդ ու մի փոքր ավելի։ Գրքի շուրջ ծավալվել է մասնագիտական և մերձմասնագիտական հսկայական քննարկում, դրա արդյունքում փաստարկների մի մասը համոզիչ կերպով հերքվել է, մյուսը՝ հաստատվել, ծնվել են նոր գիտելիքներ։

Մենք, իհարկե, ունենք այդ ամենն այլ լեզուներով կարդալու հնարավորություն, սակայն դա հիմնականում անելու են մասնագետները։ Ի տարբերություն Արևմուտքի, որտեղ Աճեմօղլու-Ռոբինսոնի գիրքը դարձավ բուռն քննարկման թեմա մամուլում, ակադեմիական շրջանակներում, համալսարաններում, և այդ գիտելիքներն այս կամ այն կերպով հասան համեմատաբար լայն հանրությանը, մեզ մոտ ընթերցողի լայն զանգվածները «դատապարտված են» կարդալու միայն սկզբնաղբյուրը՝ բուն գիրքը։

Դա, պայմանականորեն, նույնն է, ինչ կեսից միացնել ու հետո անջատել Game of Thrones հեռուստասերիալը․ ինչ-որ բան կհասկանաս ու կհիշես, բայց ստացածդ տեղեկությունը լինելու է թերի։

Այստեղ բացարձակապես չկա ո՛չ թարգմանիչների, ո՛չ հրատարակիչների կամ գրքավաճառների մեղավորությունը։ Գիրք վաճառելը բիզնես է, ոլորտը լուծում է սեփական գոյատևման ու եկամուտի խնդիրն ու անում է դա այնպես, ինչպես ճիշտ է համարում։

Կա Աճեմօղլուի պահանջարկ՝ նրանք բավարարում են այն ու լավ են անում։ Իսկ որտեղի՞ց ծնվեց այդ պահանջարկը։

Հայ հանրությունը, թերևս, առանձնապես տեղյակ չէր լինի Աճեմօղլուի մասին, եթե նա հայ չլիներ:

2018-ին տնտեսության բնագավառում Նոբելյան մրցանակը ստացած քանի՞ տնտեսագետի անուններ կարող եք հիշել։ Իսկ Աճեմօղլուի մասին մենք առաջին անգամ լսեցինք հենց Նոբելյանի հեռանկարի համատեքստում՝ գիրքը լույս տեսնելուց փոքր-ինչ հետո։

Այնուհետև 2015 թվական, Ցեղասպանության հարյուրերորդ տարելից, Դավութօղլուի կողմից Աճեմօղլուին արված հրավեր՝ գալ և աշխատել Թուրքիայի կառավարությունում։ 1-2 տեսակամուրջ Հայաստանում կուռուպցիայի վտանգների մասին։ Թավշյա հեղափոխություն, հեռախոսազրույց Փաշինյանի հետ ու հրավեր՝ այցելել Հայաստան։

Աճեմօղլուի գրքի հանդեպ պահանջարկը ծագել է ոչ թե նրա ակադեմիական արժանիքների, այլ հայ լինելու ու ՀՀ հետ այսպես թե այնպես առնչվելու պատճառով։

Սա էլ ակնհայտորեն դրական ֆոն չի ստեղծում մասնագիտական գրականությունը կամ հոդվածները մեծ «թափով» թարգմանելու, այդօրինակ հարցերի շուրջ լայն քննարկման համար։

Գուցե մամուլն էլ խիստ ցածր պարբերականությամբ 1-2 կարևոր հարցազրույց կամ հոդված վերատպի, սակայն տեսնելով, որ դրանք պահանջված չեն, կդադարեցնի այդ զբաղմունքը։ Ուստի, ստիպված ենք բավարարվել նրանով, ինչ ունենք։

Եվ ուրեմն, «ինչու՞ են ձախողվում ազգերը» ու ինչպե՞ս խուսափել ձախողումից։ Դժվար թե մեր հասարակությունը գտնի այդ հարցի պատասխանը և սեփական երկրին հարմար  բաղադրատոմսը՝ հարցը քննարկելով միայն մեկ հեղինակի տեսանկյունից։

Հարցին նաև այլ, իրարամերժ անկյունների տակ նայելու նպատակով, թեմայի շուրջ դասական և համեմատաբար ժամանակակից գրականության շատ կարճ և ոչ ամբողջական ցուցակ․

Ադամ Սմիթ․ «Ազգերի հարստությունը» (The Wealth of Nations)

Ալեքսանդր Համիլթոն, «Զեկույց մանուֆակտուրաների մասին» (Report on Manufactures)

Մանսուր Օլսոն, «Ազգերի վերելքն ու հետընթացը» (Rise and Decline of Nations)

Էրիկ Ռայներթ, «Ինչպես հարուստ ազգերը հարուստ դարձան, և ինչու են աղքատ ազգերը աղքատ մնում» (How Rich Countries Got Rich . . . and Why Poor Countries Stay Poor)

Խա Ջուն Չան, «Չար սամարացիները» (Bad Samaritans: The Myth of Free Trade and the Secret History of Capitalism)

Ջո Սթեդվել, «Ինչպես է աշխատում Ասիան» (How Asia Works)

Նիկոլայ Թորոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?