Փոքր մարդկանց ձայն «Բիլդը» 60 տարեկան է 

Փոքր մարդկանց ձայն «Բիլդը» 60 տարեկան է 
Լուսանկարը՝ «Ֆրանսպրեսի»

Գերմանական «Բիլդ» օրաթերթը, որն այսօր ամենաընթերցվող թերթն է ողջ Եվրոպայում, դարձավ 60 տարեկան: Այս հոբելյանը թերթի համար նշանավորվեց մեկ այլ իրադարձությամբ. «Բիլդ»-ը մտավ Գինեսի ռեկորդների գիրքը 41 միլիոներորդ օրինակը թողարկելու համար:

Ըստ «Ֆրանսպրես» գործակալության` հոբելյանը նշելու համար խմբագրակազմը հատուկ համար է թողարկել է եւ անվճար բաժանել 41 մլն գերմանական ընտանիքների, ինչը նույնպես կարող է դասվել աշխարհի ռեկորդների շարքին՝ որպես թերթի անվճար թողարկված հատուկ համարի ամենամեծ տպաքանակ: Սրանից զատ «Բիլդի» 700 վերատպված օրինակ զետեղվել է մեկ հատորում, որը կշռում է 11 կգ: 600 օրինակ շքեղ հրատարակությամբ այս հատորյակը վաճառվել է 1952 եվրոյով: Թերթն արժե 70 սենթ եւ իրացվում է գրեթե բացառապես կրպակների միջոցով:

«Բիլդի» նկատմամբ հասարակության վերաբերմունքը խիստ տարաբնույթ է. համակրանք ու մերժում, հարգանք ու երկյուղածություն: «Շատերն են այն կարդում, բոլորը խոսում են նրա մասին, ոմանք ատում են, ոմանք էլ` հիանում: «Բիլդ» փոքրածավալ թերթը շարունակում է պառակտել գերմանացիներին, բայց ոչ ոքի անտարբեր չի թողնում: Այսուհանդերձ, «Բիլդ»-ը առանձնահատուկ դեպք է, աղմկալից ու անսովոր երեւույթ գերմանական մեդիայի բնանկարի մեջ»,- այսպես է բնութագրում հոբելյարին ֆրանսիական «Ժամանակ» թերթը:
 
Շուրջ 1000 լրագրող ունեցող օրաթերթը տպվում է օրը մոտ 3 մլն օրինակով, 33 մարզային հրատարակություններով: «Բիլդն» ունի 10-12 մլն ընթերցող ինչով էլ պայմանավորված է երկրի կյանքում նրա ունեցած ազդեցությունը: Նա ընդունակ է մերկացնել իր երկրի քաղաքական, տնտեսական, սպորտի ու մշակույթի ոլորտի նշանավոր դեմքերին, ոչնչացնել նրանց, ինքն էլ հայտնվելով գռեհկության ու տեղապտույտի մեջ:  Այսուհանդերձ, թերթն ունի սկզբունքներ, որոնց հավատարիմ է հիմնադրման օրից մինչ այժմ՝ անխախտ բարեկամություն Իսրայելի ու ԱՄՆ-ի հետ, շուկայական տնտեսություն, գերմանական ազատության արժեքներ, հայրենասիրություն, ռասիզմի ու ծայրահեղականության մերժում:

Այս ժողովրդական, միեւնույն ժամանակ, պոպուլիստական թերթը հիմնադրվել է 1952թ. հունիսի 24-ին նշանավոր խմբագիր ու հրատարակիչ Ակսել Շպրինգերի մտահղացմամբ «Bild Zeitung» անվանմամբ եւ վաճառվել է ընդամենը 10 պֆենինգով: Թերթում տեղ էին գտնում սեքսուալ լուսանկարներից մինչեւ երկրին ու նրա անսկզբունք քաղաքագետների գժտություններին նվիրված հոդվածներ:  Չորս տարվա ընթացքում նրա տպաքանակը աճել է չտեսնված արագությամբ 1956թ. հասնելով 2,5 մլն օրինակի: Իսկ 1983թ.-ին` Գերմանիայի վերամիավորման ժամանակ, (ինչի համար նա համառ պայքար է մղել) թերթի տպաքանակը հասավ իր գագաթնակետին` օրական 5,3 մլն օրինակ:

«Բիլդ» պարբերականը մշտապես իր ուղենիշն է համարել լինել փոքր մարդկանց ձայնը, սակայն այսօր նա եւս անդադար ընթերցող է կորցնում:

Պատրաստեց` Մետաքսե Պետրոսյանը
Ըստ «Ֆրանսպրես» գործակալության եւ «Արտ ժուռնալ» թերթի

Comments

Մեկնաբանել

Type the characters you see in this picture. (verify using audio)
Type the characters you see in the picture above; if you can't read them, submit the form and a new image will be generated. Not case sensitive.
                                

 Media.am by Media Initiatives Center is licensed under a Creative Commons Attribution 3.0 Unported License
Reproduction in whole or in part without reference is prohibited.

Creative Commons License