Բարքեմփյան աննախադեպ ուիքենդը Երեւանում կամ #barcampevn11

07.06.2011, Նյուսրում

Ցանցառ Անահիտ Վարդանյանը (anahit.v, Antilopa-gnu) Բարքեմփ Երեւան 2011-ին Նոր տարուց շատ էր սպասում, դեռ երկու ամիս առաջ գնում էր կազմակերպիչների հանդիպումներին, որպեսզի առաջին ձեռքից իմանար, թե ինչն ինչպես է լինելու:

«Անցյալ տարի, երբ գնացի Բարքեմփ, ինձ համար շատ մտերմիկ, ջերմ միջավայր էր, ու հետաքրքիր էր, որ այստեղ շատ չկաշկանդված են մարդիկ, ազատ է շփումը իրար հետ, ու ստույգ պլանավորված բաներ չկան, ով ինչ ներկայացում կուզի, կանի: Անցյալ տարի, որ մասնակցեցի, շատ ոգեւորված էի, որոշեցի այս տարի պրեզենտացիա անել ու ներկայացրի Չտեսություն մեմերի հանրագիտարանը»,- ասում է Անահիտը:

Բարքեմփն այն միջոցառումներից է, որին ցանցառները սպասում են ամբողջ տարի: Այն տեւում է ընդամենը 2 օր, բայց այդ 2 օրը լի է լինում նոր ծանոթություններով, շփումներով, գաղափարների, գիտելիքների եւ փորձի փոխանակմամբ: Բարքեմփը տեղեկատվական տեխնոլոգիաներին, ինտերնետին եւ դրա մշակույթին, նոր մեդիային եւ ցանցառական այլ թեմաներին նվիրված բաց չկոնֆերանս է, որտեղ բանախոսները հենց մասնակիցներն են:

Այս չկոնֆերանսի գաղափարը բոլոր ձեւերի եւ չափսերի ցանցառների կամ իրենց ցանցառ համարողների համար ուսուցանելու, սովորելու, կիսվելու, մտքեր փոխանակելու եւ նոր գաղափարներ զարգացնելու համար տեղ ապահովելն է:

Այստեղ մուտքն ազատ է, օրակարգ ձեւավորելու հնարավորությունը նույնպես. մասնակիցները կարող են նախապես թեմաներ առաջարկել կամ պրեզենտացիաներ պատրաստել, սակայն վերջնական օրակարգը սահմանվում է միջոցառման սկզբում, երբ մասնակիցները իրենց պրեզենտացիաների թեմաները գրում են մեծ գրատախտակին՝ նշելով այն անցակցնելու ժամն ու սենյակը:

Բանախոսները պարտադիր չէ, որ փորձագետներ լինեն, պարտադիր է միայն նրանց՝ գիտելիքը կիսելու եւ հետաքրքրող թեմայի շուրջ քննարկում ծավալելու պատրաստակամությունը:

Բարքեմփ Երեւան 2011-ը անցած ուիքենդին իր շուրջը համախմբեց հայաստանյան եւ արտասահմանյան մոտ 100061 ցանցառների: Երեւանում 3-րդ անգամ անցկացվող այս չկոնֆերանսը նախորդներից տարբերվում էր ոչ միայն մասնակիցների աննախադեպ թվով, այլեւ արտասահմանյան հատուկ հյուրերի առատությամբ. Բարքեմփ էին ժամանել Opera Software-ի ստանդարտների տնօրեն Չարլզ ՄքՔեթիՆեւիլը (@chaals) եւ հաղորդակցությունների գծով մենեջեր Վլադիմիր Իսաեւը (@c_nel), անվտանգության փորձագետ եւ սոցիալական ինժեներ Ադրիանուս Վերմենհովենը (@_adrianus_), BBC World News հաղորդավար եւ լրագրող Փունե Ղոդուսին (@poopoosh), «Սոուս» գործակալության կրեատիվ տնօրեն, բլոգեր Դմիտրի Չեռնիշեւը, Վիմպելկոմ ընկերության բրենդ հաղորդակցությունների մենեջեր Եկատերինա Տուրցեւան (@Turtseva) եւ նույն ընկերության ԱՊՀ երկրներում հասարակության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար, «Ինտերնետը որպես նախագծերի առաջխաղացման միջոց» գրքի հեղինակ Արտյոմ Մինաեւը:

Բարքեմփի հատուկ հյուր Ադրիանուս Վերմենհովենը, ով տեղեկատվական տեխնոլոգիաներին (ՏՏ) նվիրված կոնֆերանսներին հաճախ է լինում տարբեր երկրներում, նկատեց, որ Հայաստանում շատ են ցանցառ աղջիկները:

«Սովորաբար նման կոնֆերանսներին դահլիճը լցված է լինում միայն տղաներով: Իսկ այստեղ ցանցառ աղջիկները հավասարապես ներգրավված են, ինչը ողջունելի է»,- ասում է նա:

ՏՏ ոլորտում հավասարապես ներգրավված աղջիկներից է նաեւ Նունե Իսաբեկյանը (@nisabek), ով երեւանյան Բարքեմփների մշտական մասնակից է: Երիտասարդ մաթեմատիկոս ու Java ծրագրավորողը իրեն ցանցառ չի համարում, որովհետեւ նման պիտակներ չի սիրում:

«Պարզապես տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում շփվող մարդ եմ, ում  IT-ի հետ կապված ամեն ինչ հետաքրքրում է, առավել եւս Բարքեմփը»,- ասում է նա:

Իսկ Բարքեմփը հետաքրքրում է նրանով, որ այստեղ, Նունեի կարծիքով, հավաքվում է Երեւանի ամբողջ ՏՏ երիտասարդությունը, որի հետ կարելի է շփվել, հարցերով, պրոբլեմներով կիսվել, լուծումներ գտնել կամ պարզապես հաճելի ժամանակ անցկացնել:

Բարքեմփ Երեւան 2011-ին Նունեին հատկապես դուր է եկել նորամուծությունը՝ աշխատանքային տոնավաճառը, որի ժամանակ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող ընկերությունները նույն ոլորտի մասնագետներին/ուսանողներին ներկայացրին իրենց թափուր աշխատատեղերը, ինչպես նաեւ հատուկ հյուրերի նեկայացրած հետաքրքիր պրեզենտացիաները, որոնցից շատ բան սովորեց:

62Բարքեմփի կազմակերպիչ թիմի անդամ Միքայել Ղազարյանը նշեց, որ չկոնֆերանսի հետ կապված իրենց սպասելիքներն արդարացան. եղան արտասահմանցի հետաքրքիր բանախոսներ եւ պրեզենտացիաներ, ինչը օտարամոլության հետ ամենեւին կապ չունի:

«Իրոք, եթե դու այդ ոլորտում աշխատում ես, ամենահետաքրքիր բաները դրսում են տեղի ունենում, դրա համար, համենայն դեպս, տեխնիակական ոլորտում շատ հետաքրիքր է դրսի մարդկանց հետ շփվելը»,- ասում է նա:

Բարքեմփի փակումից առաջ մասնակիցները քվեարկեցին լավագույն պրեզենտացիայի համար, որում հաղթող ճանաչվեց Armcomedy նախագծի ներկայացումը: Եվ երեւանյան Բարքեմփի պատմության մեջ առաջին անգամ հաղթողը ստացավ խրախուսիչ մրցանակ՝ ֆլիփ տեսախցիկ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?