2018.04.22,

Նյուսրում

Լրագրողների վրա հարձակումները շարունակվում են

author_posts/anahit-danielyan
Անահիտ Դանիելյան

Լրագրող

Երևանում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի դեմ ընթացող «Քայլ արա՛, մերժի՛ր Սերժին» անունը ստացած բողոքի ցույցերն ու հանրահավաքները լուսաբանող լրագրողների նկատմամբ բռնությունները շարունակվում են։

Այսօր ոստիկանների կողմից խոչընդոտվել է նաև Media.am-ի լրագրող  Գայանե Ասրյանի աշխատանքը։

Գայանեն պատմում է, որ Էրեբունի-Արցախ փողոցների խաչմերուկում ցուցարարների ու ոստիկանների բախման ժամանակ է թեթև հարված ստացել սև դիմակով ոստիկանից։

Նա այնտեղ էր, երբ ցուցարարների վրա ոստիկանները լուսային նռնակներ էին շպրտում, ծեծում ու հրում նրանց։

Գայանեն կարողացել էր ճեղքել ոստիկանական պատը և հայտնվել այն մասում, որտեղ բերման ենթարկվածների մեքենաներն էին։ Այնտեղ էին նաև ակցիայի ակտիվիստներ, ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանն ու Արարատ Միրզոյանը։

«Ես նկարում էի նրանց, մոտեցա Սասուն Միքայելյանին, հարցրեցի՝ Ձե՞զ էլ ծեծեցին, ասաց՝ այո։ Փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանն էր այնտեղ, ինքն էր ասել, որ ծեծեն, այդ պահին, երբ տեսախցիկը ուղղեցի դեպի իրեն, որ դեմքը նկարեմ, սև դիմակներով ոստիկաններից մեկը մեջքիս խփեց /ոչ այդքան ուժեղ/ և ինձ քարշ տալով տարավ մինչև ոստիկանական պատը։ Գոռում էի ես լրագրող եմ, լրագրող եմ, բայց․․․երբ տարան ոստիկանական պատի մոտ տղա ու աղջիկ ոստիկանները մտան թևս ու ինձ հանգիստ ուղեկցեցին դուրս։ Այս ոստիկանները ուժ չեն կիրառել իմ նկատմամբ»,- պատմում է Գայանեն։

Այսօր կեսօրից հետո Երևանի Հանրապետության հրապարակում սև դիմակով ոստիկանը շպրտել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Նաիրա Բուլղադարյանի տեսախցիկը՝ թույլ չտալով նրան նկարահանում իրականացնել։

Ուղիղ եթերում պարզ երևում էին այն կադրերը, թե ինչպես էին ոստիկանները վազում և այդ ընթացքում լրագրողի տեսախցիկը հայտնվում է գետնին՝ կադրեր գրանցելով գետնից։

Այնուհետև լրագրողի այն հարցին, թե ինչո՞ւ են ոստիկանները փորձում խոչընդոտել լրագրողի աշխատանքը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պատասխանել է. «Շատ վատ արեց, ցույց տվեք՝ մենք իրեն կպատժենք»։

Ի պատասխան լրագրողը հարցրել է․ «Նա դիմակով էր, ինչպե՞ս ցույց տամ»։

Այնուհետև Օսիպյանը ավելացրել է․ «Ոստիկանները հատուկ գործողություն են իրականացնում, այնպիսի հատվածում եղեք, որ կամերաները չվնասվեն»։

Այսօր տուժել է նաև «Ռադիոլուրի» թղթակից Լիանա Եղիազարյանը, որը Արցախ- Էրեբունի խաչմերուկում ցուցարարների դեմ գործողությունների ընթացքում հատուկ միջոցների կիրառումից վնասվածք է ստացել։

«Նա կարողացել է հասնել Ռադիոտուն, որտեղ և շտապօգնության աշխատակիցները օգնություն են ցուցաբերել՝ խորհուրդ տալով գնալ հիվանդանոց»,- գրում է Armradio․am-ը։

Լրագրողը իրենց լրատվամիջոցի հետ զրույցում պատմում է, որ ցույցի ընթացքում անկառավարելի վիճակ էր ստեղծվում պարբերաբար, ընդ որում՝ երբեմն հենց ոստիկանների գործողությունների հետևանքով։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանին բերման ենթարկելու ժամանակ կիրառեցին լուսային նռնակներ։

«Դրանք խիստ անկանոն էին նետվում և անգամ այդ պահին Նիկոլ Փաշինյանի կողքին աշխատող լրագրողների խմբի վրա էր ուղղակի նետվում։ Որևէ մեկը չէր նայում լրագրողական վկայականներին, տեսախցիկներին, ավելին ասեմ՝ հենց տեսախցիկների առաջ էր տեղի ունենում այդ ամենը։ Նռնակների կիրառումից, ցավոք սրտի, տարբեր տուժածներ կան՝ և քաղաքացիների, և լրագրողների շրջանում»,- ասում է  «Ռադիոլուր»-ի թղթակիցը։

Այսօր բռնության է ենթարկվել նաև SHANTNEWS.AM-ի թղթակից Արտակ Խուլյանը, որը Էրեբունի համայնքում լուսաբանում էր բողոքի ակցիաները:

Արտակ Խուլյանը հաղորդել է, որ իրեն հարվածել են քարերով, հետո էլեկտրահարել:

Գիշերը Երևանի Գարեգին Նժդեհ հրապարակում ոստիկանները ծեծի են ենթարկել «Ազատության» ծրագրի թողարկիչ Անատոլի Եղիազարյանին։

«Ազատության» փոխանցմամբ միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ, աշխատանքից տուն վերադարձող Եղիզարյանը փորձել է հեռախոսով նկարահանել, թե ինչպես են մոտ հինգ տասնյակ ոստիկաններ փորձում, ուժ գործադրելով, ցրել հրապարակը արգելափակած մեքենաների ցույցը։

Նկատելով, որ իրենց գործողությունները նկարահանվում են, 6-7 ոստիկաններ հարձակվել են Եղիազարյանի վրա՝ չնայած նա կրելիս է եղել «Ազատության» ծառայողական վկայականը և այն հստակ ցուցադրել է, մի քանի անգամ զգուշացրել, որ «Ազատություն» ռադիոկայանից է։

«Անտեսելով այս ամենը, ոստիկանները նրան տապալել են գետնին և ոտքերով ու ձեռքերով հարվածներ հասցրել, մասնավորապես՝ մեջքի և ստամոքսի հատվածներում։ Ոստիկանները նրան թողել են այն բանից հետո, երբ միջադեպին խառնվել են անցորդները»,- գրում է Azatutyun.am-ը։

Էրեբունի վարչական շրջանում այսօր բշժկական դիմակներով անհայտ անձինք մահակներով դաժան ծեծի են ենթարկել ոչ միայն ցուցարարներին, այլև իրենց գործողությունները նկարահանող լրագրողներին՝ հրահանգելով չնկարահանել իրենց։ 

«Ցուցարարներին ծեծող հրոսակների խումբը քարերով ու բռունցքներով հարձակվել է Factor.am-ի օպերատոր Հովհաննես Սարգսյանի վրա՝ հարվածելով օպերատորի գլխին։ Այդ ամենը կատարվել է ոստիկանների ներկայությամբ։ Նույն վայրում ծեծի են ենթարկել նաև այդ ամենը լուսաբանող այլ ԶԼՄ-ների ներկայացուցիչների ևս՝ այդ թվում «Շանթ» հեռուստաընկերության լրագրողին և օպերատորին»,-գրում է Factor.am-ը։

Էրեբունի-Արցախի փողոցների խաչմերուկում ոստիկանների կողմից հատուկ միջոցների օգտագործման արդյունքում վնասվածքներ են ստացել «ԳԱԼԱ» հեռուստաընկերության օպերատորներ Համբարձում Պապոյանը եւ Արմեն Պետրոսյանը:

Արմեն Պետրոսյանի նկատմամբ ոստիկանները նաեւ բռնություններ են կիրառել: Դեպքի վայրից նրան ուշաթափ վիճակում քաղաքացիները առաջին օգնությունն են ցույց տվել եւ շտապօգնության մեքենայով տեղափոխել հիվանդանոց:

Ապրիլի 22-ին հարձակման է ենթարկվել նաև Հանրային ռադիոյի լրագրող Վրույր Թադեւոսյանը՝ Ավան- Առինջ ճանապարհի վրա։

Երբ նա ֆեյբուքյան էջում ուղիղ հեռարձակմամբ հաղորդում էր, թե ինչպես են բժշկական դիմակով մարդիկ փակել ճանապարհը, նրա վրա հարձակվում են, ծեծում, խլում հեռախոսն ու iPad-ը, իսկ մեքենան կոտրում,- գրում է Armradio․am-ը։

Նույն օրը Արցախի փողոց-Էրեբունի խաչմերուկում Նիկոլ Փաշինյանին բերման ենթարկելու ժամանակ վնասվածք է ստացել EVN report-ի լրագրող Ռուբինա Մարգոսյանը:

Լրագրողը վնասվածք է ստացել ոտքի հատվածում ձայնային նռնակների պայթյունի հետևանքով: Խլացել է նաև ականջը: Առաջին բուժօգնություն ստանալուց հետո մի քանի ժամ անց վերադարձել է աշխատանքի:

 

Ապրիլի 21-ին Ավան թաղամասում գտնվող Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առանձնատան մոտ հարձակման է ենթարկվել Սիվիլնեթի լրագրող Անի Գրիգորյանը:

Քաղաքացիական հագուստով անձի դժգոհությունն էր առաջացրել լրագրողի հարցը, ինչով է պայմանավորված բողոքի ցույցերում չմասնակցող մարդկանց կուտակումը այդ վայրում:

Նույն օրը «Սիվիլնեթի» եւս երկու լրագրողներ ընդհարումներ ունեցան ոստիկանների հետ:

Թաթուլ Հակոբյանին ուժի կիրառմամբ խոչընդոտել են նկարահանումներ իրականացնել այն պահին, երբ ենթադրաբար փորձ էր արվել մեկուսացնել եւ բերման ենթարկել ԱԺ պատգամավոր ու «Քայլ արա, մերժիր Սերժին» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանին: Իսկ Ալինա Նիկողոսյանին «կարմիր բերետավորներից» մեկը ուժեղ հարվածել է միջքին, երբ լրագրողը նկարահանում էր Մաշտոցի պողոտայի ու Ամիրյան փողոցի խաչմերուկում ցուցարարներին բերման ենթարկելը:
 

Անահիտ Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *